Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
O how I faint when I of you do write,
Knowing a better spirit doth use your name,
And in the praise thereof spends all his might,
To make me tongue-tied speaking of your fame.
But since your worth (wide as the Ocean is)
The humble as the proudest sail doth bear,
My saucy bark (inferior far to his)
On your broad main doth wilfully appear.
Your shallowest help will hold me up afloat,
Whilst he upon your soundless deep doth ride,
Or (being wracked) I am a worthless boat,
He of tall building and of goodly pride.
 
Then if he thrive and I be cast away,
The worst was this: my love was my decay.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ո՜հ, որքա՜ն եմ ես նեղվում, երբ ես ձեր մասին եմ գրում,
Իմանալով, որ էլլավ ոգին օգտագործում է ձեր անունը,
Եւ այդ գովքում դրա ծախսում է իր ողջ ուժը,
Դարձնելով ինձ լեզվից կապված՝ խոսելուց ձեր փառքի մասին:
Բայց քանի որ ձեր արժանիքները (լայն, ինչպես Օվկիանը)
Խոնարհ, ինչպես եւ՝ ամենահպարտ առագաստն են կրում,
Իմ հանդուգն նավակը (շատ ցածր իրենից)
Ձեր լայն ջրային տարածքներում ինքնակամ է հայտնվում:
Ձեր ամենամակերեսային օգնությունը կպահի ինձ մակերեսի վրա,
Մինչ նա ձեր ձայնազերծ խորքով է անցնում,
Կամ (կործանված) ես անպետք նավակ եմ՝
Նա բարձր կառույց է եւ հոյակապ, հպարտ:
 
Այդժամ եթե նա ծաղկում է, եւ ես շպրտվեմ դեն,
Ամենավատը դա էր. իմ սերն իմ կործանումը եղավ:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Որքա՜ն թույլ եմ զգում ինձ, երբ քո մասին եմ գրում,
Խորհելով, որ գերհզոր, անզուգական մի ոգի,
Երբ տալիս է անունդ, որ քո փառքը գովերգի,
Կերկերում է իմ ձայնը եւ լեզուս է կաշկանդում:
Բայց քանի որ դու ունես արժանիքներ անսահման,
Ինչպես օվկիան անեզերք, ուր լողում են անարգել
Համեստ մակույկն եւ հսկա, հպարտ նավը անսասան,
Իմ նավակն էլ հանդգնեց քո ջրերում նավարկել:
Ծանծաղուտը առափնյա բավական է ինձ համար,
Որ հազիվհազ նավարկեմ թույլ ու խարխուլ նավակով.
Իսկ նա հպարտ լողում է խոր անդունդի վրայով,
Առագաստը հողմի դեմ վեր բարձրացրած վեհաբար:

Եթե հանկարծ խորտակվեմ, դառնամ զոհը օվկիանի,
Իմ կորստյան պատճառը լոկ իմ սերը կըլինի:

Օ՜, ինչպե՜ս եմ ես կարկամում քո գովքն անելու պահին,
Քա՜ջ գիտենալով, թե ի՛նչ Պոետ է անունդ տալիս,
Ողջ ուժն ու ձիրքը դրած տողերում իր Աստվածային
Եւ ինձ լեզվակա՜պ անելով խոսքով իր զարմանալի:
Եւ հանդգնում եմ եթե ես երգիս նավակով համեստ,
Քո անծայր ծովի վրա երեւալ,— լոկ նրա համար,
Որ լա՛յն ու խո՜րն են քո արժանիքներն օվկիանոսի պես,
Եւ տե՛ղ կա այնտեղ բոլո՜ր փոքր ու մեծ նավերի համար…
Բարձրաշու՜ք է նա, իր նավի նման ամրակուռ, վսեմ,
Եւ երկյուղ չունի՜ ոչ խորությունից, ոչ մրրիկներից,
Մինչ,— քեզ անարժան մի նավա՜կ եմ ես՝ խարխո՜ւլ ու նսե՜մ,—
Որ քո օգնությա մբ կարող է միայն Փրկվել հողմերից:

Ցավն ա՜յն չէ միայն, թե նա կհաղթի, իսկ ես՝ կպարտվե՜մ,
Այլ այն, որ պատճա՛ռն իմ կործանումի՝ իմ սե՜րն է վսեմ:

(53) Օհ, կը նըւաղիմ երբ ես քու մասին գըրել կը փորձեմ,
Գիտնալով հանդերձ անունդ աւելի յաջող մի ոգի
Կը շահագործէ, իր ամբողջ ուժով գովաբանելով,
Լեզուս-բռնելով երբ քու համբաւին մասին կը խօսիմ:

Բայց քանի որ քու արժանիքդ է լայն ինչպէս ովկէան,
Խոնարհն՝ ամէնէն հըպարտ նաւարկող ինքզինք ցոյց կուտայ,
Մինչ իմ նորաձեւ նաւակը փոքրիկ, անոր բաղդատմամբ
Այնքան անարժէք, լայն ջուրերուդ վրայ քմայքով կը ծփայ:

Քու նըւազագոյն օգնութիւնըդ զիս պիտ՚ պահէ ծըփուն,
Մինչ ան քու անձայն խորքիդ վրայ պիտի իր նաւը վարէ.
Կամ, երբ խորտակուիմ, պիտի նկատուիմ անշահ մի նաւակ,
Ան՝ կառոյց հսկայ, եւ հըրապուրիչ իր հըպարտանքով:

Թէ ան յաջողի, ես մէկդի նետուիմ, ամէնէն խորունկ
Վիշտըս այն է որ, սէրըս է պատճառ իմ խորտակումին:

Օ՜, ինչպե՜ս եմ ես քո անվան վրա նվաղում անզոր,
Երբ ինձնից զորեղ մի ոգի է քո անունն հոլովում.
Ինձ գերազանցել ջանք չի խնայում նա գիշեր ու զոր,
Լեզուս կապելով՝ քո համբավն է նա անդադար գովում:
Անծիր են քանզի քո արժանիքներն, ինչպես ովկիան,
Ուր թե՛ անպաճույճ, թե՛ հպարտ նավն է լողում անարգել,
Մակույկն իմ ժպիրհ, որ նրա կողքին նվաստ է այնքան,
Ինքնագլխորեն հանդգնեց քո վես ջրում նավարկել:
Եւ դեռ կլողա, թե դույզն նրան պահապան լինես,
Մինչ նավը նրա սլանում է քո ծովում անսահման.
Եթե խորտակվեմ, ուրեմն չարժա՜ն մի մակույկ եմ ես,
Իսկ նա ամրակուռ կմնա հավետ ու միշտ անսասան:

Եթե ես սուզվեմ, եւ նավը նրա ընթանա անհոգ,
Ցավն այն կլինի, որ իմ սիրելի՛ն խորտակեց ինձ լոկ:

Ո´նց եմ կատաղում, երբ որ գրիչս քե´զ ա պատկերում,
Ու էդ ժամանակ մի ուրիշ պոետ նույն բա´նն ա անում —
Իրա գոռ վրձնի նուրբ հարվածներով հենց քե´զ ա գերում:
Ձեռս էդ պահին լուռ դողդողում ա, լեզուս համրանում:
Արժանիքներդ ախր անվերջ են, մի վիթխարի ծով,
Ուր լող ա տալի — ստորադասն է´լ, վեսն է´լ մեծամիտ —
Ես իմ նավակով, ինքն իրա նավով, հսկա, ապահով,
Որ հենց նո´ւյն ծոցը իրար հետ հասնենք, ասես կանխամիտ:
Քու ծանծաղ ջուրը ինձ հերիք կանի´ — էրեսին մնամ,
Բայց հսկա նավին խո´րը ջուր ա պետք, որ հանգիստ լողա:
Փոթորիկ ըլնի, ուժ չե´մ ունենա — որ շատ դիմանամ,
Իսկ ինքը, հպարտ, խորախոր ծովում չի էլ դողդողա:

Թե ինքը ծաղկի, ես էլ շպրտվեմ ա´փը քարքարոտ,
Կմխիթարվեմ, որ ունեցել եմ, թե սե´ր, թե´ կարո´տ:

Գովերգելիս ձեզ ո՜նց եմ ես նեղվում,
Երբ այլ ոգին տալիս է ձեր անունը,
Եւ այդ գովքում ողջ ուժն է իր ծախսում,
Եւ ձեզ փառերգելուց լեզուս կապվում է:
Բայց զի ձեր ձիրքը՝ զերդ անծայր Օվկիան՝
Կրում է առագաստ թե՛ վեհ, թե՛ հեզ,
Հոխորտ նավակն իմ՝ փոքր ու աննշան՝
Անկոչ մտնում է ջուրը ձեր անեզր:
Ինձ կփրկի չնչին ձեր օժանդակը,
Մինչ նա անցնում է ձեր անձայն խորքով,
Կամ ես մի քայքայված անպետք նավակ եմ․
Նա՝ վեհ կառույց՝ հպարտ ու անվրդով:

Այդժամ թե նա ծաղկի, ես կկորչեմ,
Եւ դա է վատ. սիրուց կկործանվեմ: