Տառաչափ՝
1 / 1
Բնագիր

Not from the stars do I my judgement pluck,
And yet methinks I have astronomy,
But not to tell of good or evil luck,
Of plagues, of dearths, or seasons' quality;
Nor can I fortune to brief minutes tell,
Pointing to each his thunder, rain and wind,
Or say with princes if it shall go well
By oft predict that I in heaven find:
But from thine eyes my knowledge I derive,
And, constant stars, in them I read such art
As truth and beauty shall together thrive
If from thy self to store thou wouldst convert:

Or else of thee this I prognosticate,
Thy end is truth's and beauty's doom and date.

1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ

Աստղերից չեմ ես իմ դատողությունները քաղում,
Ու, թեեւ, կարծում եմ, ես տիրապետում եմ աստղագիտությանը,
Բայց ոչ այնքան, որ գուշակեմ բարի կամ չար բախտը,
Ժանտախտը, սովը կամ եղանակների որպիսությունը.
Չեմ կարող նաեւ ես բախտը կարճ րոպեների ասել,
Ցույց տալով յուրաքանչյուրին իր ամպրոպը, անձրեւը եւ քամին,
Կամ ասել իշխաններին արդյոք այն կընթանա լավ
Ըստ կանխանշանների, որ ես երկնքում եմ գտնում.
Բայց քո աչքերից եմ իմ գիտելիքներն ես արտածում,
Եւ, հաստատուն աստղեր, դրանց մեջ ես կարդում եմ այն գիտելիքը,
Որ ճշմարտությունն ու գեղեցկությունը միասին կծաղկեն,
Եթե քո անձից՝ պահելուն դու անցնես․

Կամ էլ քեզ սա եմ ես կանխատեսում,
Քո վերջը ճշմարտության եւ գեղեցկության ճակատագիրն է ու ժամկետը:

1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ո՛չ աստղերից չէ, որ վճիռ կամ կարծիք եմ ես քաղում,
Բայց գիտություն ունեմ ես աստղերի հայտնության,
Ոչ իզուր չգուշակեմ, թե մեզ ինչ է սպասվում,
Երջանկությո՞ւն, թե՛ չարիք, սո՞վ, թանկությո՞ւն, թե՞ ժանտախտ:
Ոչ թե ստույգ գուշակեմ մարդկանց մոտիկ ապագան,
Նրանց հողմը, անձրեւը կամ որոտը հայտնելու,
Կամ թե ասեմ երկնքի նշանների համաձայն,
Թե ամենից երջանիկ արքան ո՛վ է լինելու:
Բայց միայն քո աչքերից (իմ աստղերից հաստատուն),
Ես կարող եմ գուշակել, որ չքնաղը վաղանցիկ
Ճշմարտության հետ մեկտեղ կապրի միշտ թարմ ու ծաղկուն,
Եթե կյանքդ չմարի սերունդներում գեղեցիկ:

Իսկ եթե ոչ, վերահաս քո վախճանը ողբալի
Ճշմարտին ու չքնաղին դատավճիռ կլինի։

Ես աստղերի՛ց չեմ քաղում, ինչ գիտեմ,—
Թեեւ քա՜ջ գիտեմ աստղերի լեզուն,—
Եւ ոչ ժանտախտ եմ գուշակում դժխեմ,
Ոչ մահ տարաժա՛մ, ոչ սով ու հուզում:
Ես ոչ կարող եմ գալիք գուշակել,
Մարգարեանալ շանթ, որոտ ու ամպ,
Ոչ արքաների բա՛խտը որոշել,
Աստղերի հարմա՜ր դասավորությամբ:
Քո աչքերի՜ց եմ ես առնում դասեր,
Եւ նրա՛նք են ինձ հուշել դա՛սը այն,
Թե գեղեցիկն ու ճշմարիտն, իմ սեր,
Լոկ քո որդո՛ւ մեջ կհավերժանան:

Մինչ քո անզավակ մահը մեկուսի
Մա՜հը կդառնա նրանց երկուսի:

(20) Աստղերէն չէ՛ որ դատումներըս կը քաղեմ,
Սակայն կարծեմ թէ աստղերուն ինքնին ունիմ
Ես գիտութիւնն։ Բայց ո՛չ՝ բարի կամ չար բախտին
Վրայ խօսելու, աղէտ ու սով, եղանակաց
Յատկութիւններ. ո՛չ ալ կրնամ երկվայըկեանով
Բախտ գուշակել, ամէն մէկուն մատնանշել
Իր որոտումն, անձրեւն ու հովն, եւ կամ ըսել
Իշխաններուն թէ ամէն ինչ լաւ կ՚ընթանայ,
Իբր երկիեքէն գուշակութիւնս ներշնչուելով։

Իմ գիտելիքըս կը քաղեմ քու աչքերէն,
Մնայուն աստղեր, ուր կը կարդամ արուեստըն այս՝
Թէ՝ «Միասին պիտի աճին ճշմարտութիւն,
Գեղեցկութիւն, եթէ քեզմէ փոխակերպես,
Շտեմարանես». կամ այլապէս պիտ՚ քու մասին
Կանխասացեմ. «Վախճանը քու յաւերժօրէն
Դատակնիքն է ճշմարիտին, գեղեցիկին։»

Ես չեմ քաղում իմ դատողությունը աստղերից պայծառ.
Բայց թվում է ինձ, թե օժտված եմ ես աստղագիտությամբ`
Ո՛չ գուշակելու, թե մեր ապագան բարի է կամ չար,—
Սով, համաճարակ կամ եղանակներ ցասկոտ ու անամպ:
Չեմ կարող նաեւ ճակատագիրը մեկնել մոտավոր,
Վկայակոչել փոթորիկ, անձրեւ եւ հողմեր անսանձ,
Մարգարեանալ, թե արքաներից ո՛րն է բախտավոր,
Երբ լուրթ երկնքում պարզ նշաններ կան` ուղղված նրանց:
Գիտելիքներս ես ձեռք եմ բերում քո վառ աչքերից
Եւ այդ մշտատեւ լուսատուներով անվերջ գուշակում,
Որ պերճության հետ ճշմարտությունը  կդառնա անբիծ.
Եթե ինքդ քեզ մենակեցությամբ չես շրջափակում,

Իսկ թե ոչ` այս մեկն ես գիտեմ որպես նախիմացություն`
Դու նույն բախտն ունես, ինչ ունեն պերճանք եւ ճշմարտություն:

Աստղագուշակ չեմ, աստղերին նայեմ ու բախտ գուշակեմ,
Բայց էլի ոնց որ էդ շնորհն ունեմ, տենց մի բան՝ կարա´մ, 
Թեեւ չեմ կարա երաշտ ու սովի քարտեզ մշակեմ,
Կամ էլ իմանամ ժամ ու պահերը՝ արդար ու հարամ:
Գուշակությունս չի կարա ըլնի ճշմարտությամբ լի,
Ընե´նց, որ ասեմ, փոթորիկ կըլնի, կամ քամի ու հողմ,
Ընե´նց, որ նայեմ մոլորակներին ու ասեմ. «Տե´ր իմ,
Ճակատագիրդ փոթորկալի ա» կամ «ջի´նջ ա, անհո´ղմ»:
Բայց հենց նայում եմ աչքերիդ պայծառ, խորունկ ու խոհուն,
Բա´խտդ ա բացում էրկու լուրթ աստըղ, վեհապանծ ու վես,
Որ ճշմարիտն ու գեղեցկությունը կդառնան անհուն,
Թե որ հենց ի´նքդ ճամփեդ չփակես, այլ ճյուղավորվես:

Թե չէ, իմացի´, ժառանգ աստղերդ հենց դատապարտվեն,
Թե´ գեղեցիկը, թե´ ճշմարիտը — իսկույն կպարտվեն:

Ոչ, աստղերի՛ց չեմ ես քաղում մտքերս,
Ու, թեեւ, աստղերից էլ եմ գիտակ,
Բայց ոչ այնքան, որ գուշակեմ դեպքերը․
Ժանտախտ կամ սով, կամ ցավ, կամ եղանակ․
Ու չեմ կանխատեսում մոտ լինելիքը,
Չեմ զգուշացնում, թե երբ է ձյուն, քամի,
Կամ չեմ ասում իշխաններին գալիքը
Ըստ երկնքում գտած նշանների․
Բայց աչքերում քո իմ տեսած աստղերը,
Ասում են ինձ խորհուրդն իրենց այսպես,
Որ կծաղկեն մեկտեղ քո ճիշտն ու գեղը,
Թե դու դրանց պահպանելուն անցնես․

Իսկ այլապես, տե՛ս ի՛նչ կգուշակեմ․
Քեզ հետ քո ճիշտն ու գեղն էլ կավարտվեն։