Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Devouring time, blunt thou the Lion's paws,
And make the earth devour her own sweet brood;
Pluck the keen teeth from the fierce Tiger's jaws,
And burn the long-lived Phoenix in her blood;
Make glad and sorry seasons as thou fleet'st,
And do whate'er thou wilt, swift-footed time,
To the wide world and all her fading sweets;
But I forbid thee one most heinous crime:
O, carve not with thy hours my love's fair brow,
Nor draw no lines there with thine antique pen;
Him in thy course untainted do allow
For beauty's pattern to succeeding men.
 
Yet, do thy worst, old time: despite thy wrong,
My love shall in my verse ever live young.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Խժռող ժամանակ, բթի՛ր դու Առյուծի ճանկերը,
Եւ արա այնպես, որ երկիրը խժռի յուր քաղցր ձագերին:
Պոկի՛ր սուր ատամները կատաղի Վագրի երախից,
Եւ այրի՛ր երկարակյաց Փյունիկին մեջ իր արյան.
Կերտի՛ր ուրախ եւ տխուր եղանակներ, երբ դու թռչում ես,
Եւ արա, ինչ դու ուզում ես, արագաոտ ժամանակ,
Այս ամբողջ աշխարհի եւ բոլոր ներա խամրող հաճույքների հետ.
Բայց ես արգելում եմ քեզ մեկ ամենասարսափելի հանցանքը.
Ո՜հ, չակոսես քո ժամերով իմ սիրու չքնաղ ճակատը,
Ոչ էլ քաշես գծեր այնտեղ քո հին գրչով.
Իրեն քո ընթացքում անվնաս թող
Որպես գեղեցկության նմուշ գալիք մարդկանց համար:
 
Կամ էլ, արա՛ քո վատագույնը, ծեր ժամանակ․ չնայած քո վնասի
Իմ սերը իմ տաղերում միշտ կապրի երիտասարդ:
1 / 7
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ո՛վ ժամանակ, առյուծի սուր ճանկերը բթացրո՛ւ,
Թող որ հողը կլանի զավակներին իր անգին,
Պոկի՛ր վագրի երախից ժանիքները մահացու,
Եվ հենց իր իսկ արյան մեջ այրի՛ր անմահ փյունիկին:
Եղանակները տարվա ընթացքիդ մեջ մոլեգին
Արա՛ զվարթ կամ տխուր, վարվի՛ր ինչպես կամենաս
Այս բովանդակ աշխարհի գանձերի հետ թանկագին,
Արգելում եմ քեզ սակայն հրեշավոր ոճիրն այս.
Օ՜, քո անգութ ժամերով մի՛ ակոսիր ոչ մի գիծ
Սիրեցյալիս ճակատին եւ այտերին գեղափայլ,
Սերունդները ապագա նրան տեսնեն թող անբիծ,
Իբրեւ անմահ տիպարը գեղեցկության կատարյալ:

Սակայն ինչ էլ որ անես, դահի՛ճ, ծերուկ ժամանակ,
Նա երգիս մեջ թարմ կապրի ավերմունքիդ հակառակ:

Բթացրու, ժամանակ, սուր մագիլներն առյուծի,
Իր սիրասուն ձագերին թող խժռի՜ հողը ագահ,
Պոկի՜ր վագրի երախից ժանիքները նրա ձիգ,
Այրի՜ր անմահ փյունիկին իր արյան մեջ սեփական.
Ամռանը բո՛ւք արա ցուրտ, ձմռան կեսին՝ տո՜թ ամառ,
Ձեւափոխի՜ր ինչ կուզես՝ հավատարիմ քո ոճին,
Ամենակո՜ւլ, սրընթաց,— ջնջի՜ր աշխարհը համայն,
Քեղ արգելո՜ւմ եմ միայն անագորույն մի ոճիր.—
Հետքերդ մի՛ դրոշմի իմ սիրելու թարմ դեմքին,
Ոչ էլ, գրչով քո մաշված, կնճի՛ռ գծիր ճակատին,
Պահիր նրան անվնա՜ս, որպես տիպա՛ր հմայքի
Եւ մե՛զ համար եւ գալիք սերունդների՜ բազմաթիվ:

Բայց ի՜նչ չարիք էլ գործես, ո՜վ զառամյալ ժամանակ,
Իմ տողերում սիրելիս միշտ թա՜րմ ու նո՜ր կմնա:

(86) Լափող Ժամանակ, առիւծին ժանիքը դուն բրթացո՛ւր,
Եւ երկիրն ինքնին թող լափէ անոր քաղցըր ծընունդներն,
Եւ ծընօտներէն կատաղի վագրի՝ փրցո՛ւր դուն հատու
Ակռաներն անոր, եւ երկարակեաց փիւնիկը այրէ՛
Իր իսկ արեան մէջ, ուրախ ու տըխուր եղանակներն քու
Տորմիղներդ ըրէ: Եւ արագավազ դուն ո՛վ Ժամանակ,
Ըրէ՛ ինչ որ դուն կը կամիս ընել, լայն այս աշխարհին,
Եւ անոր ամբողջ տժգույն, թառամող քաղցրութիւններուն:

Բայց քեզ կ՚արգիլեմ մէկ եւ ամէնէն գարշ, հըրէչային
ՈՃիրն դործելէ․— Օ, քու ժամերովըդ մի՛ կնճռոտեր
Գեղեցիկ ճակատն իմ սիրելիիս, եւ ոչ ալ այնտեղ
Հընաձեւ գրիչովըդ գիծեր քաշէ։
                                                                  Դուն զինքն ընթացքին
Մէջ ժամանակիդ անաղարտ պահէ, տիպար մը իբրեւ
Ջինջ գեղեցկութեան իրերայաջորդ մարդոց սերունդին:

Ո՜վ հին Ժամանակ, քու վատթարագոյնըդ դուն կատարէ.
Զի հակառակ քու տըւած վընասին, Մէրըս պիտ՝ ապրի
Իւ քերթուածին մէջ, թէ՛ երիտասարդ եւ թէ յաւիտեան:

Անկո՜ւշտ ժամանակ, պոկիր առյուծի ճիրանները դու,
Թող պտուղը միշտ անհագուրդ հողի բաժինը դառնա,
Պոկիր մեկ առ մեկ վագրի երախից ժանիքներն հատու,
Ի՛ր իսկ արյան մեջ այրիր փյունիկին, որ չհառնա նա:
Մինչ անցնում ես դու, բեր եղանակներ ուրախ ու տխուր
Եւ վարվիր, ինչպես հաճելի է քեզ, ո՛վ արագաոտ,
Այս աշխարհի հետ` իր խամրող բոլոր գանձերով անլուր,
Բայց արգելում եմ, որ գործես դու այս ոճիրն արյունոտ.
Դու մի՛ ակոսիր անգութ ժամերով ճակատն իմ սիրույ.
Հնամյա գրչով գծեր մի՛ քաշիր դու նրա դեմքին,
Եւ ինչ էլ լինի, անբիծ թող նրան ընթացքի մեջ քո,
Որպես պերճության կատարյալ նմուշ` գալիք սերնդին:

Բայց, ծե՛ր ժամանակ, վատթարն է՛լ գործիր, բայց գիտցիր, որ նա
Իմ քերթվածներում հար ու հավիտյան ջահել կմնա:

Ճիվա´ղ Ժամանակ, զորավոր վագրին դարձրու երերուն,
Կամ հրամայի, երկիրը մնա մերկ ու անճարակ,
Հզոր առյուծին դարձրու թուլակամ, խեղճ ու անարուն,
Անմահ փյունիկին անընդհա´տ դարձրու կրակի ճարակ,
Եղանակներին ստիպի խնդա´ն, հեկեկան ու լան,
Ու էս աշխարհում, ո´վ սրընթաց Ժամ, արա´, ինչ կուզես,
Թո որ թառամի ամեն մի չքնաղ կամ այլանդակ բան,
Բայց արգելում եմ, որ մի զզվելի հանցանք կատարես —
Որ սիրեցյալիս չքնաղ ճակատը բռնես ակոսես:
Քանդակագործի քու ժանտ բրիչը վե´կալ, հեռո´ւ տար,
Չբռնես հանկարծ էս գոռ կերպարին ճերմակը քսես —
Թո ինքը մնա գալիքի համար պերճության տիպա´ր:

Ախր չե´ս լսի, կավիրե´ս իրան: Բայց իմ սերը պերճ,
Մե´կ ա, հավիտյան ջահե´լ կմնա իմ տողերի մեջ:

Ո՜հ Ժամանակ, հատի՛ր ճանկն Առյուծի,
Պոկի՛ր վայրագ Վագրի սուր ժանիքները
Եւ Փյունիկին իր արյան մեջ այրի՛ր,
Թող հողն ուտի անգին իր պտուղները․
Վազքով կերտի՛ր ուրախ եւ գարշ օրեր․
Արա՛ ուզածդ Ժամանակ անհագ
Բեր պերճանքին այս աշխարհի ավեր
Ես արգելում եմ քեզ սոսկ մեկ հանցանք․
Ժամերդ չակոսեն սիրուս նուրբ դեմքը
Հետքով քո հին գրչի գծագրության․
Թող անվնաս թողնի իրեն քո զենքը,
Որպես չքնաղ նմուշ գեղեցկության։

Կամ թե արա՛ սեւ գործդ ժամանակ․
Տաղում իմ նա կայտառ է շարունակ։

Անկուշտ ժամանակ, ժանիքն առյուծի բրթացրու,
Թող երկիրը իր բերքերը ինքն ուտե,
Վագրի սուր-սուր ատամները թափեցրու,
Փյունիկ արծիվն իրա բոցում տապակե։
Տարեդարձին լավն ու վատը բեր ու տար,
Զարդ ու պաճույճ շուրջըդ կրնաս դու սրբել
Եւ ամեն հույս թող, թե կամիս, անկատար,
Միայն մեկ բան կուզեի ես քեզ արգելել․
Փոր չըփորես իմ սիրելու այտերին,
Ակոսներով վեհ ճակատին չըդիպչիս,
Չարիքներըդ նորա մոտով թող անցնին,
Թող հիանա եւ ապագան նրա տեսքից։

Բայց քո կամքն է, քեզ կըծաղրեմ, ինչ որ կամիս, ա՛ռ, գնա՛ —
Իմ սիրելին իմ երգերում հավետ մանուկ պիտ մընա։