Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Lo, as a careful housewife runs to catch
One of her feathered creatures broke away,
Sets down her babe and makes all swift dispatch
In pursuit of the thing she would have stay,
Whilst her neglected child holds her in chase,
Cries to catch her whose busy care is bent
To follow that which flies before her face,
Not prizing her poor infant's discontent:
So runn'st thou after that which flies from thee,
Whilst I, thy babe, chase thee afar behind;
But if thou catch thy hope, turn back to me,
And play the mother's part, kiss me, be kind:
 
So will I pray that thou mayst have thy Will,
If thou turn back, and my loud crying still.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Տե՛ս, ինչպես հոգատար տանտիկինը վազում է բռնելու
Մեկին իր փետրավոր էակներից փախած,
Դնում է վայր իր փոքրիկին եւ ամենայն արագությամբ սլանում
Հետապնդման մեջ այն բանի, որը նե կցանկանար պահել,
Մինչ իր անտեսված երեխան պահում է ներան հետապնդման ընթացքում,
Ճչում է բռնելու համար ներան, ով զբաղված մտահոգությամբ
Հետեւելու այն, ինչը թռչում է առջեւում ներա դեմքի
Չարժեւորելով ներա խեղճ մանկիկի դժգոհությունը.
Այդպես վազում ես դու նրա հետեւից, ով փախչում է քեզնից,
Մինչդեռ ես, քո փոքրիկը, հետապնդում եմ քեզ հետ մնացած․
Բայց եթե դու որսաս քո հույսը, դարձիր ետ դեպի ինձ,
Եւ խաղա մոր դերը, համբուրիր ինձ, եղիր բարի:
 
Այսպիսով, ես կաղոթեմ, որ դու կարողանաս ունենալ քո Ւիլլը*,
Եթե դու ետ դառնաս, եւ իմ բարձրաձայն լացը մեղմես:
 
* Տե՛ս 135 հնչյակի ծանոթագրությունը։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Տես, թե ինչպես խեղճ մայրը, դուրս վազելով իր բնից,
Գետնի վրա թողնելով գրկած փոքրիկ ձագուկին,
Թեւածում է սրընթաց փախած ձագի ետեւից,
Եվ ջանում է իր բույնը վերադարձնել վերստին:
Մինչդեռ, լքված փոքրիկը մորն է փնտրում լալագին,
Վազում նրա ետեւից, ձգտում թռչել դեպի վեր,
Սակայն մայրը, սրտակեղ լաց ու կոծին անտարբեր,
Մտահոգված է միայն հասնել փախչող իր ձագին:
Դու էլ նրան ես փնտրում, ով քեզանից է փախչում,
Մինչդեռ ինքս՝ երեխադ, քեզ որոնում եմ հեռվից,
Սակայն եթե գտնես այն, ինչ որ դու ես ցանկանում,
Վերադարձիր եւ մոր պես ինձ գուրգուրիր քնքշալից:

Այդպես պիտի պաղատեմ, որ Վիլյամիդ տիրանաս,
Եթե իմ վիշտն ու ողբը դու մեղմացնել կարենաս:

Ինչպես մանկանը գրկած մի հոգատար տանտիկին,
Երբ հավ բռնել է ուզում, ընկած նրա ետեւից,
Երեխային իր գրկից շտապ դնում է գետին,
Որ, երկու ձեռքը պարզած, բռնի հավի ոտք-թեւից,
Իսկ նրա խե՜ղճ երեխան, կապտած լացից ու ահից,
Վազո՜ւմ է մոր ետեւից, որը, լքած զավակին,
Հետապնդում է նրա՜ն, ով փախչում է իրենից,
Իր ուշքն ու միտքը տված այդ միամի՜տ խաբկանքին,—
Այդպես էլ դո՛ւ ես վազում ուրիշ մեկի ետեւից,
Երեխայիդ հարազատ անխնա՜մ ու ո՜րբ թողած,
Բայց երբ հասնես ուզածիդ,— ինձ մո՛տ դարձիր դու նորից,
Որ գրկե՜ս ու փայփայե՜ս երեխային քո սիրած…

Ես մինչեւ իսկ կուզենա՛մ, որ հասնես քո փափագին,
Միայն… կրկին ե՜տ դառնաս՝ գուրգուրե՜ս քո զավակին:

(133 Ա.) Ինչպէս հոգածու ըզգոյշ տանտիկին մը՝ հետապնդող
Բռնելու համար մէկն իր փետրաւոր արարածներէն՝
Փախած, կորսըւած, իր մանուկը վար կը դնէ գըրկէն
Արագ վազելու, հետապնդելու ինչ որ պիտի ինք
Ուզէր որ իր մօտ մընար անկորուստ։
                                                                         Մինչդեռ իր լըքուած
Երեխան՝ զինք ետ պահել ուզելով հետապնդումէն,
Կուլայ բռնելու իր մայրն մտազբաղ, որուն միակ հոգն
Է հետապնդել այն որ կը թըռչի իր աչքին առջեւ,
Անտեսելով խեղճ իր երեխային կանչը ցաւագին։

Այսպէս նաեւ դուն կը հետապնդես այն որ կը թըռչի
Քեզմէ միշտ հեռու, մինչ քու երեխան՝ ե՛ս, կը հալածեմ
Քեզ շատ հեռուէն։ Բայց թէ յուսացածըդ բռնել կարենաս,
Դարձի՛ր ետ ինծի, եւ մօր դերն խաղայ, համբուրէ՛ դուն զիս,
Եւ եղի՛ր ազնիւ։
                                Այսպէս պիտի ես աղօթեմ որ դուն
«Կամքըդ» ունենաս, եթէ պատահի որ վերադառնաս,
Քու վերադարձովդ իմ բարձրաղաղակ լացըս հանդարտի։



(133 Բ.) Ինչպէս հոգածու ըզգոյշ տանտիկին մը հետապնդող
Բռնելու համար մէկն իր փետրաւոր արարածներէն՝
Փախած, կորսըւած, իր մանուկը վար կը դնէ գըրկէն
Արագ վազելու, հետապնդելու ինչ որ պիտի ինք
Ուզէր որ իր մօտ մընար անկորուստ։
                                                                         Մինչդեռ իր լըքուած
Երեխան՝ զինք ետ պահել ուզելով հետապնդումէն,
Կուլայ բռնելու իր մայրն մտազբաղ, որուն միակ հոգն
Է հետապնդել այն որ կը թըռչի իր աչքին առջեւ,
Անտեսելով խեղճ իր երեխային կանչը ցաւագին։

Այսպէս նաեւ դուն կը հետապնդես այն որ կը թըռչի
Քեզմէ միշտ հեռու, մինչ քու երեխան՝ ե՛ս, կը հալածեմ
Քեզ շատ հեռուէն։ Բայց թէ յուսացածըդ բռնել կարենաս,
Դարձի՛ր ետ ինծի, եւ մօր դերն խաղայ, համբուրէ՛ դուն զիս,
Եւ եղի՛ր ազնիւ։
                                Այսպէս պիտի ես աղօթեմ որ դուն
«Ուիլլ» ունենաս, եթէ պատահի որ վերադառնաս,
Քու վերադարձովդ իմ բարձրաղաղակ լացըս հանդարտի։

Նայիր, թե ինչպես ուշիմ գեղջկուհին կորցնում է իրեն,
Երբ իր թեւավոր արարածն հանկարծ փախչում է բնից,
Եւ նա, թողնելով գործ ու երեխա, վազում խենթորեն՝
Ջանալով նրան ետ բերել դեպի իր բույնը նորից,
Մինչ աղիողորմ լալիս է նրա երեխան լքված
Եւ հեկեկալով փորձում է հասնել մորը անհամբեր,
Որ իր թեւավոր արարածով է սոսկ մտահոգված՝
Խեղճ երեխայի լացին ու կոծին դարձած անտարբեր:
Այդպես նաեւ դու, վազում ես ինչ-որ բանի ետեւից,
Մինչ ես՝ երեխադ, քո ետեւից եմ վազում լալագին:
Բայց եթե մի օր հասնես քո հույսին, ետ դարձիր նորից
Եւ գուրգուրանքով իմ սիրտը շահիր, ինչպես մայր անգին:

Պիտի աղոթեմ, որ դու անպայման քո Wil-ին գտնես,
Երբ վերադառնաս եւ իմ բարձրաձայն ողբը մեղմացնես:

Նայի´, գեղջկուհին ո´նց ա վազ տալի, որ իր փետրաթեւ
Աքլորը բռնի, որ էսի, հանկարծ, չէթա ու կորի,
Ու գրկի որդուն դնում ա գետին, որ հեշտ ու թեթեւ
Լարի թռչունին, որ հասնի, բռնի, նորից հե´տ բերի:
Լքված էրեխեն, հուսահատ լալով, տոտիկ ա անում,
Որ մորը հասնի, դավաճա´ն մորը, ով, պարտքը թողած,
Օտար մեկի´ն ա հույսով հետեւում, ու չի իմանում,
Որ հենց ի´ր որդին — մնացել ա ո´րբ, խե´ղճ ու նվաղած:
Դու է´լ ես վազում — մենակ հենց քեզնից փախնողի´ն բռնես,
Այնինչ, ե´ս, որդիդ, հեռվից գալիս եմ, որ քե´զ միանամ:
Հենց իրան բռնես, աղաչո´ւմ եմ քեզ, դադարըդ կառնես,
Որ մոր պես հե´տ գաս, գրկե´ս, համբուրե´ս, որ ես լիանամ:

Տո´, աստված անի, քու էդ Վիլ-բանը ա´նպայման բռնես,
Որ հետո հետ գաս — ի´մ լացը կտրես, հեռու չթռնե´ս:

Ինչպես, տան կինն է ետ բերել փորձում
Մեկին իր փետրավորներից փախած,
Դնում է վայր մանկան եւ սլանում
Հետապնդում, որ չկորչի հանկարծ,
Մինչ երեխան ուզում է խանգարել,
Ճչում է, ջանալով բռնել իր ոտքը,
Իսկ նա գործով է իր միայն տարվել
Եւ անտեսում է խեղճ որդու բողոքը.
Այդպես հետապնդում ես ուրիշի,
Մինչ ես, մանկիկդ քեզ քաշում եմ հետ․
Բայց երբ որսաս քո հույսը, ետ դարձիր,
Խաղա մոր դերը, ջերմ եղիր ինձ հետ:

Եւ կաղոթեմ, որ Իղձը քո գտնես,
Եթե դառնաս, եւ լացը իմ մեղմես: