Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
My glass shall not persuade me I am old,
So long as youth and thou are of one date,
But when in thee time's furrows I behold,
Then look I death my days should expiate:
For all that beauty that doth cover thee
Is but the seemly raiment of my heart,
Which in thy breast doth live, as thine in me.
How can I then be elder than thou art?
O therefore, love, be of thyself so wary
As I not for myself but for thee will,
Bearing thy heart, which I will keep so chary
As tender nurse her babe from faring ill:
 
Presume not on thy heart when mine is slain;
Thou gav'st me thine, not to give back again.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Իմ հայելին չի համոզի ինձ, որ ես ծեր եմ,
Քանի դեռ երիտասարդությունն ու դու միեւնույն տարիքի եք,
Բայց երբ քո մեջ ժամանակի ակոսները ես տեսնեմ,
Այդժամ, երեւի, մահն իմ օրերը կքավի․
Քանզի ամբողջ այն գեղեցկությունը, որ քեզ պատում է
Այլ բան չէ, քան պատշաճ հանդերձ իմ սրտի,
Որ քո կրծքում է ապրում, ինչպես քոնը՝ իմ մեջ։
Ինչպե՞ս կարող եմ ես այդ դեպքում լինել ավելի տարեց, քան դու։
Ո՜հ, ուրեմն, սեր, եղիր քո նկատմամբ այնքան զգուշավոր,
Որքան ես՝ ոչ ինձ համար, այլ քեզ համար,
Կրելով քո սիրտը, որը ես կպահեմ այնքան զգույշ,
Ինչպես քնքուշ դայակը իր մանկանը՝ հեռու հնարավոր ցավից․
 
Հույս մի ունեցիր քո սրտի հաշվով, երբ իմը մեռնի․
Դու տվել ես ինձ քոնը, ոչ հետ ստանալու կրկին։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Իմ հայելին ինձ չի համոզի, որ ես ծեր եմ արդեն,
Քանի դեռ դու եւ երիտասարդությունը նույն տարիքն ունեք.
Բայց երբ քո վրա տեսնեմ Ժամանակի կնճիռները դաժան,
Այնժամ ես կսպասեմ մահվանը՝ որպես իմ օրերի վախճան:
Քանզի այն ողջ գեղեցկությունը, որ քեզ է ծածկում,
Իմ սրտի հանդերձն է միայն, որն ապրում է քո կրծքում,
Ինչպես քո սիրտն է բնակվում իմ կրծքի մեջ սիրով,
Ուրեմն ինչպե՞ս կարող եմ ես քեզնից ավելի ծեր լինել:
Ուրեմն, սիրելիս, այնպես հոգատար եղիր քո հանդեպ,
Ինչպես ես եմ ինձ պահպանում ոչ թե իմ, այլ քո սիրո համար,
Կրելով քո սիրտը իմ կրծքում այնպիսի խնամքով,
Ինչպես դայակն է պահպանում իր մանկանը չարից:

Մի՛ հուսա քո սրտին, երբ իմ սիրտը մեռնի,
Դու տվիր այն ինձ ոչ թե ետ առնելու, այլ պահելու համար:

Հայելին ինձ չի՜ կարող համոզել, թե… ծեր եմ արդեն,
Քանի դեռ դո՛ւ եւ ջահելությո՛ւնը տարեկիցնե՜ր եք.
Բայց հերի՜ք է, որ ես քո ճակատին կնճիռ նկատեմ,
Եւ կհասկանա՛մ՝ հաշվա՜ծ են եւ ի՛մ կյանքի օրերը…
Ինչպե՜ս կարող ես դու ջահել լինել ավելի՛, քան ես,
Երբ քո սրտո՜ւմ է իմ սիրտը ապրում, քոնը՝ իմի մեջ,
Եւ քո անթերի գեղեցկությունն ու քո հմայքը վես
Իմ սրտի կեղեւն ու հանդերձա՛նքն են գրավիչ ու պերճ:
Գթառա՜տ եղիր քո սրտի հանդեպ, անգի՛ն իմ, նույնքան,
Ինչքան որ ես եմ քո սրտի հանդեպ գթառատ կյանքում,
Որին պահում եմ իմ սրտի խորքում՝ հոգատար այնքան,
Ինչքան դայակը՝ իրեն վստահված մանկանը քնքույշ.

Մեռնե՜մ էլ՝ սիրտդ ետ չե՜ս ստանա այլեւս ինձնից, —
Չէ՞ որ քո սիրտը անվերադա՜րձ ես նվիրել դու ինձ…

(7) Իմ հայելին զիս չի կրնար համոզել թէ՝ ծեր եմ ես,
Որքան ատեն ջահելութիւնն ու դուն ունիք նոյն ծընունդ,
Բայց երբ քու մէջ ժամանակին ակօսներն ես նշմարեմ,
Այն ատեն ես կը ցանկանամ որ մահուան հետ հաշտըւիմ,
Զի այդ ամբողծ գեղեցկութիւնն որ քեզ այդպէս կը ծածկէ,
Զարդարուն զգեստն է մի միայն, որ քեզ տըւաւ սիրտը իմ,
Սի՛րտըս՝ կուրծքիդ մէջ բընակող, ինչպէս քու սիրտն ալ իմ մէջ։

Ինչպե՞ս կըրնամ ես այն ատեն լինել տարեց քան դուն ես:
Օ, դուն իմ սէր, եղիր դուն միշտ, միշտ ինքզինքիդ ուշադիր,
Ինչպէս եւ էս պիտի լինեմ՝ ո՛չ ինքզինքիս, այլ քեզ համար,
Քու սիրտն իմ մէջըս կըրելով, զոր պիտ՚ պահեմ խընամքով,
Քնքուշ բոյժ-քոյրն ինչպէս մանուկն հիւանդութեան ախտին դէմ՝

Սիրտըդ երբեք չը չարչարես՝ իմ սիրտը երբ ըսպաննեն,
Քու աիրտը դուն ինծի տըւիր՝ ո՛չ երբեք քեզ դարձնելու:

Ոչ, իմ հայելին ինձ չի համոզի, թե ծեր եմ արդեն,
Քանի դեռ ինքդ ջահելության հետ քայլում ես կայտառ,
Բայց երբ տեսնում եմ դեմքդ` ակոսված ժամանակի դեմ,
Այդժամ զգում եմ, որ մահն է խլում օրերս պայծառ:
Քանզի բովանդակ պերճանքը, որ քեզ ծածկում է անվերջ,
Ամենից առաջ հանդերձանքն է իմ նվիրյալ սրտի,
Որ քո կրծքի մեջ է ապրում միայն, ինչպես քոնն` իմ մեջ,—
Ինչպե՞ս կարող եմ ես քեզանից ծեր լինել ավելի:
Ա՜խ, հետեւաբար, ուշադիր եղիր քո հանդեպ, անգին,
Ինչպես ես եմ միշտ (ո՛չ իմ նկատմամբ) այսպես հոգատար,
Եւ սիրող մոր պես խնամում եմ քո սիրտը թանկագին`
Հեռու պահելով հյվանդությունից ու ցավից տկար:

Երբ ես չլինեմ, մի՛ ապավինիր քո լքված սրտին.
Այն ինձ ես տվել ո՛չ այն պատճառով, որ վերցնես կրկին:

Խաբում ա հայլիս, յանի հասել եմ է´ն սեւ ճամփեքին,
Երբ որ իմ աչքին նույն բանն եք լրիվ՝ ջահել կյանքն ու դու:
Բայց երբ տենում եմ կնճիռ ու ակոս քո´ւ չքնաղ դեմքին,
Զգում եմ մահվան շնչառությունը. չա´ր, սարսափազդու:
Ախր քու տեսքը, քու կերպարանքը, ըստ ամենայնի,
Քո´ւ հարդարանքն ա՝ տված ի´մ սրտին, իրա սա´ղ վարքով,
Որ բնակվում ա քո´ւ իսկ կրծքի տակ: Քունն էլ՝ իմինի´:
Ո՞նց կարա, ասա´, մարմինս քեզնից ըլնի տարիքով:
Ուրեմն, սե´ր իմ, անմար խնամքո´վ սիրտս պահպանի,
Որ ես էլ, նույն ձեւ, ի´մս պահելով, քո´ւ սիրտը պահեմ,
Շոյեմ, փայփայեմ, սիրասուն մոր պես կամ պարտապանի,
Կամ էլ հոգատար դայակի նման գուրգուրեմ, շահեմ:

Ու հույս չունենաս, որ սի´րտ կունենաս, երբ ի´մը մեռնի,
Ախր տվել ես քու սիրտը հենց ի´նձ — ու հետ չես առնի:

Չի՛ համոզի ինձ հայելիս, որ ծեր եմ,
Քանի դեռ դու կայտառ ես, պարմանի,
Բայց երբ տեսնեմ քո տարիքիդ գծերը
Այնժամ ես զգում եմ, մահն ինձ կտանի․
Քանզի քո ողջ անգին գեղեցկությունը,
Այլ բան չէ, քան չքնաղ հանդերձ սրտիս,
Որ քո՛ կրծքում է․ քոնն էլ՝ ի՛մ մարմնում է։
Ուրեմն չեմ կարող ես մեծ լինել քեզնից։
Ո՜հ, սեր իմ, խնայի՛ր դու քեզ խնդրում եմ,
Ինչպես եւ ես՝ հանուն ոչ ինձ, այլ՝ քեզ․
Քո սիրտն իմ մեջ է, ես այն պաշտպանում եմ,
Մանկանը փայփայող քնքուշ մոր պես․

Դու սիրտդ չես ստանա, եթե մեռնեմ․
Այն չես տվել որ ետ վերադարձնեմ։