Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
O how much more doth beauty beauteous seem
By that sweet ornament which truth doth give!
The rose looks fair, but fairer we it deem
For that sweet odour which doth in it live.
The canker blooms have full as deep a dye
As the perfumed tincture of the roses,
Hang on such thorns, and play as wantonly,
When summer's breath their masked buds discloses;
But, for their virtue only is their show,
They live unwooed, and unrespected fade,
Die to themselves. Sweet roses do not so,
Of their sweet deaths are sweetest odours made:
 
And so of you, beauteous and lovely youth,
When that shall vade, by verse distils your truth.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ո՜հ, որքան շատ ավելի է գեղեցկությունը գեղեցիկ թվում,
Շնորհիվ այն քաղցր զարդի, որը իսկությունն է տալիս։
Վարդը երեւում է չքնաղ, բայց էլչքնաղ ենք մենք այն համարում
Այն քաղցր բույրի համար, որը մեջն իր ապրում է։
Մասրի* ծաղիկները ունեն լիովին խորը գույն
Ինչպես բուրավետ թույրը վարդերի,
Կախված նույնանման փշերի վրա, եւ խաղալով նույնքան անհոգ,
Երբ ամռան շունչը դրանց թաքնված կոկոնները բացում է․
Բայց դրանց զորությունը միայն իրենց տեսքն է,
Դրանք ապրում են չպահանջված, եւ չհարգված թոշնում են,
Մեռնում են իրենց համար։ Քաղցր վարդերը անում են ոչ նույնը,
Իրենց քաղցր մահերից քաղցրագույն բուրմունքներ են պատրաստվում․
 
Եւ այդպես էլ ձեզանից, գեղանի եւ սիրելի երիտասարդ,
Երբ այն անցնի, տաղերի միջոցով կթորվի ձեր իսկությունը։
 
* «Մասուրն» ունի նաեւ «որդ, արատ» իմաստը, ինչը բառախաղ է ստեղծում։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Որքա՜ն պիտի չքնաղը չքնաղ թվար ավելի,
Եթե լիներ զարդարված վեհ ու ազնիվ գծերով.
Վարդը այնքան գունագեղ եւ հմայիչ տեսք ունի,
Բայց ավելի դյութիչ է իր կոկոնի բուրմունքով:
Փշակալված մասրենին գունագեղ է ավելի,
Քան թե վարդի թերթերը, պատած հենց նույն փշերով,
Որոնք այնքան մեղմորեն օրօրվում են բերկրալի,
Երբ որ նրանց ամառը արթնացնում է իր շնչով:
Բայց քանի որ մասրենին լոկ դեմքից է սխրալի,
Առանց նույնիսկ սիրվելու թառամում է մոռացված.
Մինչդեռ վարդին սիրասուն նույն բախտը չի վիճակված,
Նա մինչեւ իսկ թարշամած դեռ բուրում է հաճելի:

Այնպես էլ, երբ քո չքնաղ, ջահել կյանքը թառամի,
Քո հմայքը եւ բույրը իմ երգի մեջ կքամվի:

Ամեն սիրուն բան չքնա՜ղ կթվար մեզ յոթնապատիկ,
Թե ճշմարտություն եւ Արդարություն կրեր իր խորքում.—
Չքնա՜ղ է վարդը,— սակայն չքնաղ է նա բյուրապատիկ,
Այն անուշ բույրով, որ թաքնված է նրա ընդերքում…
Վայրի մասուրին իսկույն չե՜ս զատի այգու վարդերից—
Նույն կարմիր գույնն է, նույն դեղին առէջքն ու նույն թերթերը,
Նույն թուփն է ասես, որ օրորվում է նույն զեփյուռներից,
Նույն տերեւներն են եւ նույն ճյուղերի սուր-սուր փշերը…
Սակայն մասուրի արժանիքը լոկ տեսքն է արտաքին,
Աչքից հեռո՜ւ է ծաղկում ու թոշնում մասուրն աշխարհում,
Երբ մեռնո՜ւմ է նա՝ նրա բույրն էլ է մեռնում իր թփին,
Մինչ այգու վարդը, իր մահով, անմահ բուրմու՜նք է ծնում…

Ինչքա՜ն էլ թոշնի, չքնա՛ղ պատանի, հմայքդ կյանքում,
Քո էությունն ու տեսքը հմայիչ կապրեն իմ երգում:

(64) Գեղեցիկն որքա՜ն կը պըճնազարդուի աւելի գեղով
Ճշմարտութիւնն երբ զայն հըրրապուրիչ շնորհով զարդարէ:
Վարդն է գեղեցիկ. բայց ան աւելի մեզի գեղեցիկ
Կը թըւի իր մէջ ապրող քաղցըր այն բոյրին պատճառով:

Որդնոտ բողբոջներն ալ ունին նոյն մուգ գոյնն անուշաբոյր
Որ վարդերն ունին, եւ նոյնպէս փշոտ թուփէն կը կախուին,
Եւ նոյն քըմայքով կը հըրապուրեն, երբ շունչն ամառուան
Կը բանայ գոցուած կոկոններն անոնց: – Բայց որովհետեւ
Առաքինութիւնն ասոնց տեսքին մէջ միայն կը ծաղկի,
Առանց սիրուելու կ՚ապրին, կը թոռմին, եւ անյարգալից
Կ՚անցնին, կ՚անհետին։ Բուրմունքով վարդերն այդպէս չեն մեռնիր.
Քաղցր անոնց մահով հիւթեր քաղցրաբոյը կը բազմաբաշխույին։

Դուն այլ նոյնպէս, ով աիրելի ու գեղեցիկ պարմանի,
Երբ թառամիս, իմ քերթուածով քու ճշմարիտ էութիւնդ
Պիտի թորի, պիտի զըտուի, եւ դուն՝ գեղովդ յայտնըւիս։

Օ՜, որքա՜ն անգամ պերճանքն ավելի պերճ է երեւում
Անուշ այն զարդով, որ ճշմարտությունն է տալիս արդար.
Վարդը պերճաշուք որքա՜ն ավելի պերճ ենք համարում
Նրա մեջ ապրող այն անուշահոտ բուրմունքի համար:
Վիրախոտերի բողբոջը ունի նույնքան թուխ երանգ,
Որքան գեղատես իր թերթիկներով վարդը բուրավետ.
Նույն փշից կախված՝ նույն անհոգությամբ խաղում են նրանք՝
Բացելով իրենց ծպտյալ բողբոջներն ամռան շնչի հետ:
Սակայն քանի որ լոկ արտաքուստ են նրանք բարետես,
Ապրում են անսեր, ընդմիշտ մոռացված ու սիրատոչոր
Մեռնում միայնակ.- վարդերը, սակայն, չեն մեռնում այդպես.
Նրանց մահվան հետ ի՜նչ բուրմունքներ են ծնվում նորանոր:

Այդպես նաեւ դու, եթե թառամես, ջահե՛լ բարեկամ,
Քո իսկությունը երգո՛վ կքամեմ ես ամեն անգամ:

Թե էս անիմաստ միս ու արունս հանկարծ միտք դառնար,
Իմ ու քու միջի հսկա արանքին հեչ չէ´ի նայի:
Որովհետեւ, էս անգամ, թե սերըս ինձնից շա´տ-շատ հեռանար,
Վայրկյան չէր տեւի, աշխարհի ծերից մոտդ կգայի:
Հեռո´ւ ըլնեինք, ի´նքը, կամ էլ ե´ս, օտար մի հողում,
Թեկուզ աշխարհի ամենահեռու ծերին պաղ ու մութ,
Վռազ կգայի, որովհետեւ սուր միտքը, ծովն է´լ ա լողում
Մի ակնթարթում, կտրում ու անցնում ծածաղուտ ու խութ:
Բայց խելըռում եմ, որ արարված չեմ օդից ու հրից,
Որ մտքի նման անցնեմ օվկիանոս, անապատ ու սար,
Երբ դու մոտըս չես: Որ ե´ս, արարված լոկ հող ու ջրից,
Պիտի հառաչով մի կերպ անցկացնեմ ժամերս տկար,

Որովհետեւ էս էրկու տարրը հիմնական* — ծանր ա ու նվաղ,
Մեր էրկուսին էլ տալիս են մենակ արցունք ու «ավաղ»:

–––––
* հողն ու ջուրը

Որքա՜ն ավել է գեղեցիկը գեղ
Շնորհիվ անուշ զարդի՝ ճշմարտության։
Չքնաղ է վարդը, բայց ավել շքեղ
Անուշ բույրով, հյութով իր էության։
Մասրի ծաղիկն ունի ճոխ թանձր գույն
Ինչպես բուրեղ վարդի խոր երանգները,
Փշերն են նույն դրա, եւ խաղն է նույն,
Երբ շունչն ամռան բացում է կոկոնները․
Սակայն իրենց լոկ տեսքն է զորավոր,
Անհույս ծաղկում են, չհարգված՝ թոշնում,
Մեռնում անհայտ։ Իսկ քաղցր վարդն է որ,
Անուշ մեռնում է՝ բույր անուշ դառնում․

Եւ ձեզ էլ երբ լքի կյանքի գարունը,
Տաղերը կթորեն ձեր իսկությունը։