Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
That thou are blamed shall not be thy defect,
For slander's mark was ever yet the fair;
The ornament of beauty is suspect,
A crow that flies in heaven's sweetest air.
So thou be good, slander doth but approve
Thy worth the greater, being wooed of time,
For canker vice the sweetest buds doth love,
And thou present'st a pure unstained prime.
Thou hast passed by the ambush of young days,
Either not assailed, or victor being charged,
Yet this thy praise cannot be so thy praise
To tie up envy, evermore enlarged:
 
If some suspect of ill masked not thy show,
Then thou alone kingdoms of hearts shouldst owe.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Որ դու մեղադրված ես, չպետք է լինի քո արատը,
Քանի որ զրպարտության թիրախը եղել է միշտ չքնաղը․
Զարդը գեղեցկության՝ կասկածն է՝
Ագռավ, որ թռչում է երկնքի մաքրագույն օդում։
Այնպես որ դու եղիր լավը, զրպարտությունը սակայն կհաստատի․
Քո արժանիքն ավելին է, խնամված կլինի ժամանակի կողմից*,
Քանի որ խոցն արատի քաղցրագույն կոկոններն է սիրում,
Եւ դու ներկայացնում ես զտված անբիծ ծաղկունք։
Դու խուսափել ես որոգայթներից երիտասարդ օրերի,
Կամ չես գրոհվել, կամ հաղթել՝ գրոհված լինելով,
Թեեւ դա քո համար գովելի է, չի կարող լինել այդքան գովելի,
Որպեսզի կապի նախանձը, անընդհատ ընդարձակվող․
 
Եթե որոշ կասկած արատի չդիմակեր քո կերպարը,
Այդժամ դու միայնակ արքայությունների սրտերի կտիրեիր։
 
* Խրթին տեղ է։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Քո մեղքը չէ, երբ մարդիկ կշտամբում են քեզ իզուր,
Գեղեցիկը թիրախ է բամբասանքին ծառայում.
Կասկածը զարդն է գեղի, այն ագռավն է սեւաթույր,
Որը ազատ ճախրում է լուրթ, մաքրափայլ երկնքում:
Առաքինի լինելով, դու այդպես էլ պահիր քեզ,
Բամբասանքը միայն քո արժանիքն է բարձրացնում.
Որդը՝ անմեղ, անարատ ծաղկի կոկոնն է սիրում,
Եվ մաքրությամբ անարատ դու շողում ես վարդի պես:
Պատանության դարաններն դու անցել ես անվտանգ,
Դուրս ես եկել անաղարտ, հաղթական ու կատարյալ,
Բայց այդ գովքը դեռ բավ չէ արժանիքներդ ցույց տալ,
Եվ սանձելու նախանձը, որ աճում է շարունակ:

Եթե պայծառ քո դեմքը չստվերեր գեթ մի կասկած,
Արքայի պես միայն դու կիշխեիր սիրտը մարդկանց:

Բամբասվելուդ մեջ վարքդ մեղք չունի.
Բամբասանքը միշտ լավի՛ն է զարկում,
Չարը՝ պտտվո՜ւմ գլխին սիրունի՛,
Ինչպես ագռավը՝ անամպ երկնքում:
Նա քո արժե՜քն է միայն հավաստում.
Զգո՜ւյշ կաց, սակայն, դու բամբասանքից,—
Որդն ամենից լավ բողբո՛ջն է ուտում,
Իսկ դու գարնան պես չքնա՜ղ ես, անբի՜ծ:
Դու խուսափել ես բազո՜ւմ դավերից—
Կամ դա՛վն է պարտվել, կամ դո՛ւ ես հաղթել,—
Բայց կատարյա՛լն իսկ վսե՜մ, անթերի,
Անզո՜ր է չարի բերանը փակել…

Եթե չլիներ ամպն այդ ստվերի,
Դու կտիրեիր բոլո՜ր սրտերին…

(62) Թէ մեղադրուիս, այդ քու թերութիւնըդ պիտի չըլլայ,
Զի զրպարտութեան թիրախը ընդմիշտ գեղեցիկն է լոկ,
Եւ գեղեցկութեան զարդը միշտ կասկած կը հրաւիրէ,
Նըման ագռաւին՝ թեւածող երկնի ամէնէն մաքուր
Ու ջինջ օդին մէջ:
                                    Ուստի դուն եղիր միշտ առաքինի,
Զի զրպարտութիւնը քու արժանիքդ պիտի աւելի
Բարձր հաստատէ, ժամանակին քեզ սիրցընել տալով:
Եւ կործանարար ախտն ալ կը սիրէ փըճացնել ամէն
Սիրուն կոկոններն: Եւ դուն արդարեւ կը ներկայացնես
Տիպարը մաքուր, ամէնէն ամբիծ ծաղիկ հասակին:

Անցած ես քովէն դուն թակարդներուն պարման օրերուդ,
Կամ չասպատակուած, եւ կամ յաղթական միշտ յայտարարուած:
Քեզ գովելն այսպէս, քեզի արժանի գովասանք մը չէ,
Զսպելու համար ուժգին սաստկացող նախանձը մարդուն:

Ոմանք քեզ եթէ կեղծիք վերագրեն եւ ոչ ինքնութիւնդ,
Ուրեմն առանձինն պարտական մընաս պիտի սրտերու
Թագաւորութեանց անթիւ-անհամար բազմութիւններու:

Այն, որ մեղք ունես, քեզ համար արատ չի եղել երբեք,
Գեղեցիկը միշտ թիրախ է եղել չարախոսության,
Կասկածն է եղել գեղանիության պաճուճանքը սեգ,
Որ պղծում է լուրթ երկինքը մի սեւ ագռավի նման:
Դու մնա այդպես վեհանձն ու պարկեշտ եւ լավ իմացիր՝
Զրպարտությունը քո արժանիքն է բարձրացնում անվերջ,
Որդը զազրելի սիրում է ծաղիկն ամենաընտիր,
Իսկ դու քեզանով մի բուրաստան ես անարատ ու պերճ:
Անցել ես արդեն ջահել օրերիդ ամեն որոգայթ՝
Հաղթահարելով թշնամիներիդ չար ու ամբարիշտ,
Բայց քեզ հավիտյան պարծանք չի բերի հաղթանակը այդ,
Քանզի դժվար է հաղթել նախանձը, որն աճում է միշտ:

Եթե քո դեմքին չլիներ գեթ մի կասկածի ստվեր,
Դու կունենայի՜ր մարդկային սրտի բյուր տիրություններ:

Ախր, ի՞նչ անես — քեզ չմրոտի ամեն մի անճար:
Սեւացնողը միշտ նշան ա բռնում թիրախին սիպտա´կ:
Սքանչելիքի սեւ ուղեկիցը կասկածա´նքն ա չար,
Ինչն ագռավի պես աղավաղում ա մեղեդի´ն հստակ:
Բանի տեղ մի դիր: Բամբասը մենակ — քու արժանիքի´
Վկայությունն ա, ինչն ախր, վերջը, մի օր կէրեվա:
Անբիծ էակը բաժին ա դառնում չարի ժանիքին,
Այնինչ քու հոգին հենց անարա´տ ու անբիծ արեւ ա:
Քեզ չի խաթարե ջահելին վնաս եւ ո´չ մի դարան:
Դու դիմացել ես ամենա´յն գրոհ ու պաշարմունքի:
Բայց ասված գովքը հեչ էլ հերիք չի, որ չար ավարան
Մնա անծպտուն, ու էլ չդիմի սեւ´ արարմունքի:

Թե չլսեին բամբասանքներին ու չար ստերին,
Արքայազնի պես — տե´ր կդառնայիր սաղի´ սրտերին:

Արատ չէ այն, որ դու մեղադրված ես՝
Չքնաղն է զրպարտչի թիրախ դառնում․
Եւ միշտ էլ զարդը պերճության՝ կասկածն է՝
Ագռավ թռչող՝ երկնի մաքուր օդում։
Եղիր դու լավը եւ կհաստատվի
Ժամանակով․ արժանիքներդ մեծ են,
Իսկ դու անբիծ ծաղկունք ես հիրավի,
Անուշ կոկոնն է միշտ ընտրում գարշ ցեցը։
Պարտվել են բազմաթիվ ախոյաններդ,
Մղել ես ետ գրոհը շատերի,
Բայց չեն բավարարի հաղթանակներդ,
Որ վերջ տաս նախանձին նոր օրերի․

Թե ստվերը արատի քեզ չդիպչեր,
Դու միայնակ կտիրեիր սրտեր։