Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
What is your substance, whereof are you made,
That millions of strange shadows on you tend,
Since every one hath, every one, one shade,
And you, but one, can every shadow lend?
Describe Adonis, and the counterfeit
Is poorly imitated after you;
On Helen's cheek all art of beauty set,
And you in Grecian tires are painted new;
Speak of the spring and foison of the year
The one doth shadow of your beauty show,
The other as your bounty doth appear,
And you in every blessed shape we know.
 
In all external grace you have some part,
But you like none, none you, for constant heart.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ո՞րն է ձեր նյութը, որից դուք պատրաստված եք,
Որ միլիոնավոր օտար ստվերներ են ձեզ հետեւում,
Մինչդեռ ամեն մեկն ունի, ամեն մեկը, մեկ ստվեր,
Իսկ դուք, հենց մեկդ, կարող եք ցանկացած ստվեր տալ։
Նկարագրեք Ադոնիսին, եւ այդ կեղծիքը
Վատ նմանակումն է ձեր․
Հեղինեի դեմքին ամբողջ արվեստը գեղեցկության դրեք,
Եւ դուք հունական զգեստով եք պատկերված նորից․
Խոսեք գարնան մասին եւ տարվա բերքահավաքի մասին
Մեկը կլինի ստվերը ձեր գեղեցկության հանդեսի,
Մյուսը որպես ձեր առատությունը կներկայանա,
Եւ ձեզ ցանկացած օրհնյալ ձեւով մենք կճանաչենք։
 
Բոլոր արտաքին պերճանքի մեջ դուք ունեք որոշ բաժին,
Բայց դուք ինչպես ոչ ոք, ոչ ոք (չունի ինչպես) դուք՝ հաստատունություն սրտի։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ի՜նչ նյութերից հորինվեց էությունդ վեհաշուք,
Արձակելու մեզ օտար միլիոնավոր ստվերներ,
Երբ ստեղծված ամեն ինչ ունի ստվերն իր հատուկ,
Մինչդեռ քեզ մոտ դրանք շատ տարերանգ են, խիստ տարբեր:
Ադոնիսի՛ն թե փորձենք գծագրել մեր մտքով,
Նա աղճատված ու խղճուկ քո պատկերը կլինի.
Դու նկարված կլինես հունական հին զգեստով,
Թե երգերը ներբողեն պերճանքները Հելենի:
Կամ թող հիշեն գարունը, նա քո ստվերն է աղոտ,
Իսկ ամառը, որ այնքան բարիքներ է մեզ բերում,
Պաճուճված է քո անբիծ շնորհներով լիահորդ,
Եվ դու չքնաղ ամռանից ավելի պերճ ես թվում:

Շնորհներից արտաքին դու մի համեստ մաս ունես,
Բայց ո՞վ ունի անսասան հավատարիմ սիրտ քեզ պես:

Ի՜նչ տարերքից ես դու ծնվել, ասա՛,
Երբ ամեն էակ մի՛ ստվեր ունի,
Իսկ քոնը մե՛կ չէ— այլ բյո՜ւր ու հազա՜ր—
Մեկը մյուսից պերճ ու գեղանի:
Ադոնիսի հե՞տ քեզ համեմատեմ,
Երբ նա ձանձրալի՜ կրկնությունն է քո,
Հեղինեի հե՜տ,— չքնա՜ղ, գեղադե՜մ,—
Որին հաղթե՛լ ես քո նոր հմայքով…
Չքնաղ գարունն ու աշունը շռայլ
Քո արտաքի՛նն ու ներքի՛նն են հուշում.—
Տեսքով՝ գարո՜ւն ես դու գեղեցկափայլ,
Իսկ շռայլությամբ՝ բերքառատ աշո՜ւն:

Դու կա՛ս փայլի մեջ ամեն հմայքի,
Բայց, քո մեծ սրտով, մե՜ծ ես, եզակի…

(5) Ուրկէ՞ արդեօք քու էութիւնդ, ի՞նչ նիւթէ սս յօրինուած,
Որ միլիոնով տարօրինակ շուքեր դէպ՚ քեզ կը ձգտին:
Քանի ամէն մէկը ունի իւրայատուկ մէկ երանգ,
Եւ դուն միայնակ, կրնաս ամէն տեսակ երանգ փոխանցել.

Տո՛ւր Ադոնիսն նկարագրել.– Ոչ-հարազատ պատկերիդ
Նմանեցումը խեղճօրէն պիտի փորձեն նկարել.
Գեղեցկութեան արուեստն ամբողջ Հելենայի այտին դիր,
Քեզ Յունական տարազներով գեղանկար կը ներկեն:

Խօսէ՛՝ գարնան եւ բերքերուն մասին տարուան հնձառատ,
Մէկը՝ միա՛յն ըստուերը քու գեղեցկութեանդ պիտ՚ ցուցնէ,
Միւսը՝ այնպէս ինչպէս առատ քու բարութիւնդ կ՚երեւայ,
Եւ դուն՝ ամէն շընորձալի, օրհնեալ կերպովդ ընտանի:

Արտաքնայայտ ամէն հնորհի մէջ մաս ունիս բացայայտ,
Բայց անոնցմէ ոչ մէկն է քու սրտիդ պատկերն հարազատ

Ի՞նչ նյութից ես դու արարված, ասա, ի՞նչ մարմիններից,
Որ բազում օտար ստվերներ են քեզ դարձել հպատակ.
Յուրաքանչյուր ոք մի ստվեր ունի իր ծնված օրից,
Իսկ դու կարող ես փոխ տալ ստվերներ անսահմանափակ:
Դու Ադոնիսին նկարագրիր, եւ դեմքը նրա
Քեզանից հետո նմանակությո՜ւն կլինի միայն.
Դու պերճությունը դիր Հեղինեի այտերի վրա.
Նաղաշները քե՛զ պիտի պարգեւեն զգեստն հունական:
Գարունը հիշիր եւ լիությունը, որ տարին ունի,
Առաջինը քո գեղանիության ստվերն է անշեջ,
Երկրորդը միայն քո լիությամբ է այդքան լիուլի,-
Մենք քեզ ենք տեսնում բոլոր օրհնալիր պատկերների մեջ:

Բոլոր արտաքին շնորհների մեջ դու քո մասն ունես,
Բայց ո՛չ ոք չունի անդավաճան սիրտ, որ քո սիրտն է վես:

Ախր ինչի՞ց ես ինքդ արարված ու ինչի՞ համար,
Որ կարիքներդ հոգում ա միլիոն անծանոթ ուրու,
Ու ամեն մեկը քեզնից առնում ա գոնե մի նշխար,
Ու դու գթասիրտ ակունքն ես միա´կ — ամմե´ն մի բարու:
Թե´ Ադոնիսը, թե´ նկարներն իր — խղճո´ւկ են, թերի´,
Ու քու հիասքանչ, վսեմ կերպարից ցա´ծ են, չափազա´նց:
Հեղինեն ինչքան գեղեցիկ ըլնի, աշխարհ է´լ գերի,
Որ տոգա´ հագնես, դո´ւ ես սիրունը, դո´ւ ես գերազանց:
Թե գարուն էկավ, կամ էլ էդ տարին բերքն էղավ առատ,
Առաջինն աղոտ ու թույլ ուրուն ա քու վես կերպարի,
Մյուսն առատ ա, որովհետեւ հենց ի´նքդ, հենց դո´ւ ես շատ-շատ,
Որովհետեւ ամմե´ն բան — ձեւն ա ստանում — քո´ւ կաղապարի:

Քու չքնաղ կերպից մաս-բաժին ունե´ն իրերն անհամար,
Բայց դու ուրի´շ ես — քեզ անդավաճան սիրողի´ համար:

Այդ ի՞նչ նյութից եք դուք կերտված, ասեք,
Որ բյուր օտար ստվերներ են ձեզ հսկում,
Մինչդեռ ամենքն ունեն մեկ ստվեր, լոկ մեկ,
Իսկ ձեզ, մեկին բազումքն են հետեւում։
Ադոնիսի կերպարը պատկերեն՝
Ձեր վատ նմանակումն այն կլինի․
Հեղինեի դեմքին արվեստ դնեն՝
Հույնի զգեստով ձեզ աչքը կտեսնի․
Խոսենք գարնան, բերքաքաղի մասին
Եւ մեկն է՝ ստվերը ձեր առատության,
Իսկ մյուսը՝ գեղությունն է ձեր նրբին,
Օրհնյալ ձեւով ձեզ բնորոշ այնքան։

Ամեն պերճանք ձեզնից բաժին ունի,
Բայց սիրտը ձեր հաստատ՝ ոչ ոք, չունի։