Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Since brass, nor stone, nor earth, nor boundless sea,
But sad mortality o'ersways their power,
How with this rage shall beauty hold a plea,
Whose action is no stronger than a flower?
O how shall summer's honey breath hold out
Against the wrackful siege of batt'ring days,
When rocks impregnable are not so stout,
Nor gates of steel so strong, but Time decays?
O fearful meditation! Where, alack,
Shall Time's best jewel from Time's chest lie hid?
Or what strong hand can hold this swift foot back,
Or who his spoil of beauty can forbid?
 
O none, unless this miracle have might,
That in black ink my love may still shine bright.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Եթե ոչ արույրը, ոչ քարը, ոչ երկիրը, ոչ անեզր ծովը,
Այլ տխուր մահկանացուությունն է գերազանցում դրանց ուժը,
Ինչպե՞ս ընդդեմ այդ մոլեգնության պիտի գեղեցկությունը ներկայացնի հայց,
Ո՞ւմ ազդեցությունը էլուժեղ չէ, քան ծաղկինը։
Ո՜հ ինչպե՞ս պիտի ամառվա մեղրային շունչը դիմակայի
Ընդդեմ ջախջախիչ պաշարման վնասարար օրերի,
Երբ ժայռերը անառիկ ոչ այնքան ամուր են,
Ոչ էլ դարպասներն են պողպատե այնքան ուժեղ, այլ Ժամանակի քայքայումը։
Ո՜հ սարսափեցնող մտորում։ Ո՞ւր, ավաղ,
Ժամանակի լավագույն ակնը Ժամանակի արկղից* թաքնվի։
Կամ ո՞ր ուժեղ ձեռքը կարող է հետ պահել դրա արագ ոտքերը,
Կամ ո՞վ իր փչացումը գեղեցկության կարող է արգելել։
 
Ո՜հ ոչ ոք, եթե միայն այս հրաշքը չլինի,
Որ սեւ թանաքում իմ սերը կարողանա միշտ շողալ պայծառ։
 
* «Ժամանակի ակն» ու «Ժամանակի արկղ»․ միքիչ խորհրդավոր ձեւակերպումներ են, թեեւ ընդհանուր իմաստով հասկանալի։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Թե ո՛չ հող, ո՛չ արույր, ո՛չ էլ ծովը անսահման
Չեն խուսափի կատաղի ավերմունքից մահագույժ,
Հույս կա՞ արդյոք քեզ փրկվել ճիրաններից բիրտ մահվան,
Երբ անզոր ես դու այնքան, որքան ծաղիկը քնքուշ:
Ամռան շունչը խնկավետ ինչպե՞ս պիտի պահպանել,
Երբ դարբասը պողպատյա եւ ժայռերը անսասան
Ժամանակի ուժի դեմ չեն կարենա ծառս լինել,
Եվ երբ հասնի ժամն իրենց, նրանք փոշի կդառնան:
Օ՜, դառն ու սին մտածմունք, գոհարը ո՞ւր թաքցնել,
Որ չնետվի անողորմ ժամանակի արկղի մեջ.
Կա՞ այնպիսի հզոր ձեռք, որ կարենար ընդհատել
Ժամանակի քայլերը թեթեւոտն ու անվերջ:

Օ՜, ո՛չ, չկա փրկություն, այդ հրաշք հմայուն
Միայն իմ սեւ թանաքը կպահպանի հար փայլուն:

Երբ անզո՜ր են մահվան դեմ ծովն ու ժայռերը ափի
Եւ պղնձե ու քարե կոթողնե՛րը հաղթական,
Ինչպե՜ս փրկվի նրանից գեղեցկությո՛ւնը նրբին,
Որի ուժն,— ի՜նչ քար ու կիր,— մի ծաղկի չա՜փ էլ չկա…
Ինչպե՜ս փրկվի ամառվա մեղվաբույր շո՛ւնչը թեթեւ
Պաշարումից ավերի՜չ, կործանարա՜ր ժամերի,
Երբ խորտակվում են անգամ դարպասները պողպատե,
Եւ լոկ ավա՜զ է մնում սեգ, անառիկ ժայռերից:
Ինչպե՜ս փրկել-թաքցնել դարի գոհա՛րն այս անգին
ժամանակի սեւ ու մութ զարդատուփից՝ դագաղից.
Ո՞վ կարող է սանձ դնել կյանքի անսանձ ընթացքին,
Որ իմ գանձը չտանի՜, իմ ծաղիկը չքաղի՜…

Իմ սիրելուն փրկելու լուսավոր հո՛ւյսը միակ
Նրան անմահ կյանք տվող այս սեւ թանա՜քն է միայն…

(10) Թէ ո՛չ պղընձի, եւ ոչ քարի, հողի, ծովի անսահման,
Ուժն է տիրող, այլ այն բնութեան տըխուր ճիրանն մահասփիւռ,
Գեղեցկութիւնն ինչպէ՞ս իր դատը պաշտպանէ բնութեան
Զարհուրելի այս ուժին դէմ, երբ ինք հազիւ ծաղիկի
Մը զօրութեամբ կրնայ գործել:
                                                              Ինչպէ՞ս կրնայ՝ մեղուշ շունչն
Ամառնային, ընդդիմանալ ռումբակոծող պաշարման,
Երբ անխորտակ ժայռերն անգամ անկարող են դիմադրել,
Եւ ո՛չ պողպատ դռներն հըզօր. բայց Ժամանակն աւերիչ:

Սարսափազդու ո՜վ խոկումներ! Ժամանակի լաւագոյն
Գոհարը ո՞ւր՝ Ժամանակի գանձատուփէն կարելի է
Դուրս պահել, ծածկել, եւ կամ ո՞ր ձեռքն զօրեղ կրնայ ետ
Քաշել ոտքերն արագավազ, կամ՝ ո՞վ կրնայ արգիլել
Աւարառումն գեղեցկութեան:
                                                            Ո՛չ ոք բացի հըրաշքն այս՝
Սեւ մելանով իսկ որ սիրոյս փայլքը պիտի ճառագայթէ:

Երբ չկա ո՛չ հող, ո՛չ արույր, ո՛չ քար, ո՛չ ծով անեզերք,
Այլ միայն մահու թախիծն է նրանց իշխում տիրաբար,
Գեղեցկությունը ինչպե՞ս պաշտպանվի մոլուցքից այդ նենգ,
Երբ ուժը նրա անզոր է, ինչպես ծաղիկ դալկահար:
Կարո՞ղ է արդյոք ամռան մեղրահամ շունչը դիմանալ
Այս գանակոծո՜ղ օրերի անզուսպ հարձակումներին,
Երբ անկարող է ժայռը նրանց դեմ անհողդողդ մնալ,
Եւ պողպատաձույլ դարպասն է նրանց անսացող գերին:
Դա՜ռը մտորմունք, երբ ժամանակի գոհարը ընտիր
Հեռու է պահված նրա սնդուկում մարդկանց աչքերից,
Ի՞նչ զորավոր ձեռք կարող է ճանկել նրա ոտքը ժիր,
Կամ ո՞վ կարգելի նրան եղծանել պերճությունն անբիծ.

Ո՛չ ոք եւ ոչի՛նչ,- բայց կզորանա՜յ այդ հրաշքը վառ,
Երբ իմ սիրելին սեւ թանաքի մեջ շողշողա պայծառ:

Երբ դարերի դեմ անզոր ա նույնիսկ ծո´վը անսահման,
Ցամաքն ու քարը, լեռների շղթան, պողպա´տն ամրագույն —
Զարդ ու նախշերը քու գեղեցկության էլ ո՞նց դիմանան,
Ախր, ծաղկի պես, թոշնո´ւմ են սրանք ու դառնում անգույն:
Ու ո՞նց դիմանա գարնան շունչն անուշ — կարկուտ օրերի
Անվողորմ զորքի դաժան գրոհին, անկասելի, չար,
Երբ մետաղակուռ դարպա´սը անգամ դառնում ա գերի
Ավերմունքներին: Երբ դարերի դեմ — ժայռն է´լ ա անճար:
Մարդ ո՞նց ազատվի սեւ մտածմունքից էս հոգի մաշող:
Բա մի ձեւ չըլնի՞, որ ադամանդը հավե´րժ արեւի,
Դիմանա´ չարին: Կամ կա՞ զորություն, ինչով քու շենշող
Գեղեցկությունը հաստատո´ւն մնա, մի´շտ հարատեւի:

Թե հրաշք չըլնի, թովիչ կմնաս մի քանի տարի:
Այնինչ, թանաքս — հավե´րժ կպահի կերպարըդ բարի:

Եթե արույր ու քար, երկիր ու ծով,
Մահն իր ուժով դաժան գերազանցում է,
Պերճանքն ինչպե՞ս ընդդեմ ելնի հայցով,
Երբ ուժն իր ծաղիկի՛ն անգամ զիջում է։
Եւ շունչն ամռան ինչպե՞ս դիմակայի
Ընդդեմ քանդիչ օրվա բիրտ պաշարման,
Երբ ժայռը ու պողպատն էլ չեն հաղթի,
Զորեղ Ժամանակի ուժին քանդման։
Ո՜հ միտք սարսափեցնող։ Ժամանակի
Ակն ո՞ւր հենց իր արկղից կթաքնվի։
Ո՞ր ձեռքն ուժեղ նրան կարգելակի,
Կամ պերճանքի խլումը կարգելի։

Ոչ ոք, եթե հրաշքն այն չլինի,
Որ սերս թանաքում սեւ միշտ փայլի։