Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Th'expense of spirit in a waste of shame
Is lust in action, and till action, lust
Is perjured, murd'rous, bloody, full of blame,
Savage, extreme, rude, cruel, not to trust,
Enjoyed no sooner but despised straight,
Past reason hunted, and no sooner had
Past reason hated as a swallowed bait
On purpose laid to make the taker mad:
Mad in pursuit, and in possession so,
Had, having, and in quest to have, extreme,
A bliss in proof, and proved, a very woe,
Before, a joy proposed, behind, a dream.
 
All this the world well knows, yet none knows well
To shun the heaven that leads men to this hell.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ծախսում հոգու՝ անապատի մեջ ամոթի
Է տարփանքը գործողության մեջ, իսկ մինչ գործողությունը տարփանքը
Ուխտադրուժ է, սպանիչ, արյունոտ, լի մեղքով,
Վայրենի, ծայրահեղ, կոպիտ, դաժան, ոչ վստահելի․
Վայելած՝ շատ շուտ վերածվում է արհամարհանքի,
Անմտորեն որսի են ելնում, իսկ հենց ունենում են
Անմտորեն ատում են ինչպես կուլ տված խայծը
Հատուկ դրված, դարձնելու համար վերցնողին խելագար.
Խելագար՝ ձգտողին, եւ տիրացածին՝ նույնպես,
Ունենալը, ունենումը եւ փնտրումն ունենալու, ծայրագույն է․
Երանություն է ճաշակելը, իսկ ճաշակած՝ իսկական ցավ է,
Նախապես՝ ուրախության խոստում, հետո՝ երազ:
 
Այս ամենը աշխարհը լավ գիտի, բայց ոչ մեկը չգիտի լավ
Խուսափել դրախտից, որը տանում է մարդկանց դեպի այս դժոխքը:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Պոռնկությունը՝ հոգու ավերումն է բովանդակ
Ամոթանքի մսխումով, եւ մինչեւ նա կհաղթի,
Ոճրագործ է, անպատկառ, անագորույն, չար, վայրագ,
Երդմնազանց, վայրենի, նենգամիտ ու ամբարիշտ:
Նա որքան շուտ հղփանում, նույնքան շուտ է անարգվում,
Օրհասական խայծ իբրեւ անիծվում է անդադար,
Ով այդ խայծը գտնելով կլանում է անկշտում,
Նա դառնում է ցնորված, անբուժելի խելագար:
Նա խենթ է եւ տիրելու ու վայելքի ժամանակ,
Փորձության մեջ անսահման երանություն է զգում,
Բայց ի վերջո մի անհուն թախիծով է համակվում,
Նախ բերկրալի նպատակ, հետո՝ երազ, սի՜ն պատրանք:

Բոլոր մարդիկ այդ բանը այնքան լավ են հասկանում,
Սակայն դժոխք գնալուց ոչ մեկը չի խուսափում:

Կիրքը վատնո՛ւմ է հոգու եւ կորո՜ւստ է ամոթի,
Երբ հաղթե՛լ է… իսկ մինչեւ տիրանա՛ իր ուզածին,—
Արյունարբո՜ւ է, վայրա՜գ, սանձարձակ ու անոթի
Եւ դրուժան ավելի՛, քան պոռնի՛կը խառնածին:
Հագեցումից հետո նա արհամարհվո՜ւմ է, լքվո՜ւմ,
Մոլեգի՜ն է ատելիս, սիրելու մեջ՝ մոլագար,
Ով կո՜ւլ տվեց մի անգամ հեշտանքի խայծը կյանքում,
Նա մոլեգի՜ն է դառնում, ցնորված ու ցավագար:
Խելահեղ ու բիրտ է նա, երբ որոնում է տռփանք,
Խե՜նթ-խելագա՛ր ավելի՝ երբ տիրում է տենչածին,
Փորձության մեջ՝ երանյա՜լ, փորձությունից ետ՝ փորձա՛նք,
Նախ՝ բաղձալի՜ մի հաճույք, ապա՝ պատրա՜նք փուչ ու սին:

Այս ամենն ո՞վ չգիտե… Բայց ո՞վ կասի, թե ինչպե՛ս
Խուսափել այն դրախտի՛ց, որ… դժո՜խք է տանում մեզ:

(152) Վատնումն հոգիին ամայութեան մէջ անամօթութեան,
Կիրք մըն է գործօն, իսկ մինչեւ արարք, կիրքն՝ երդըմնազանց
Ու ոճրագործ է, եւ արիւնարբու, մեղադրանքով լի,
Վայրագ, ծայրայեղ, կոպիտ եւ անգութ, անվըստահելի,
Հազիւ վայելուած, եւ անմիջապէս արհամարհըւած,
Առանց պատճառի որսալէ յետոյ, հազիւ ձեռք ձըգուած,
Առանց պատճառի զըզուանքով ատուած, խայծի մը նըման
Որ կուլ է տըրուած, եւ զայն կըլլողին խենթեցընելու
Դիտումով լարուած․ խենթ կատաղութեամբ հետամուտ եղող,
Նաեւ կատաղի սեփականացնող, ուներ, եւ ունի,
Եւ ունենալու մարմաջով տարուած, ծայրայեղօրէն,
Իբր երջանկութիւն փաստարկըւելիք, բայց որ փաստըւի՝
Վիշտ մ՚է իսկական, ուրախութիւն նախ առաջադրուած,
Վերջաւորութեան՝ երազ մը միայն։
                                                                      Աշխարհն ամբողջ այս
Գիտէ՛ արդարեւ, քաջատեղեակ է, բայց մէկը չըկայ
Որ գիտնայ ինչպէս խոյս տալ երկինքէն, որ մարդիկն այսպէս
Առաջնորդելով գիրկը կը նետէ այրող դժոխքին։

Տարփանքը հոգու զեխ ու ձեռնբաց ամոթն է նկուն,
Հավետ սպառում - եւ մինչեւ կրկին նոր վատնում բերի,
Երդմնադա՛վ է նա, արյունո՛տ, մեղսո՛տ, ոճրագո՛րծ, փքո՛ւն,
Վայրենի՛, անգո՛ւթ, ծայրայե՛ղ, կոպի՛տ, անվստահելի՛,
Ուշ դարձած հաճույք եւ արհամարհանք՝ հար ու հավիտյան,
Միշտ հետապնդված, բաղձած խելքից դուրս, բայց ուշ ձեռք բերված,
Խելքից դուրս ատած եւ կուլ գնացած մի խայծի նման
Խեւելո՛ւ համար նպատակավոր սարքած ու դրված,
Խենթ՝ հետեւելիս, եւ վայելելիս՝ նույն հիմարը միշտ,
Եւ տիրանալու որոնումներում՝ անհա՛ս, անամո՜ք,
Խնդություն փորձված, իսկ ճաշակելիս՝ տխրություն ու վիշտ,
Առաջ՝ նպատակ, իսկ հետո՝ միայն երազ ու ցնորք:

Մարդիկ սա գիտեն, սակայն ոչ մեկը չի կարողանում
Խույս տալ դրախտից, որ նրան դեպի դժոխք է տանում:

Ամոթն ըսպառած ոգու վնասը — հեշտա´նքն ա՝ փծուն:
Ու սա վայրի´ ա, ոճրամո´լ, անտա´շ, մեղսագո´րծ, դաժա´ն,
Ուխտադըրո´ւժ ա ու արյունարբո´ւ, անպատկա´ռ, գործո´ւն,
Անվստահելի´, չափը չիմացո´ղ, ստո´ր, անարժա´ն:
Կիրքը, մսխելով նո´ր վայելածը, վռազ խոլանում —
Ծուղակն ա ընկնում — հենց իրա´ լարած: Արարքից խելառ
Փոշման ա մնում, հետո նո´ւյն խայծն ա նորից կլանում
Ու դարդ չի անում, որ ախր նորի´ց կըլնի խելագար:
Խելագարի պես ո´րս ա հալածում: Հասա´վ իր որսին,
Դառնում ա խելա´ռ: Ու մի´շտ ծայրահեղ — դեմի´ց, արանքո´ւմ,
Վայելքից հետո´: Նախ՝ երանություն, հետո — արցունք՝ սին:
Դեմից՝ սպասվող էրազ հրճվադո´ղ, հետո՝ տե´նչ անքուն:

Էսի լա´վ գիտենք, բայց ո՞նց խուսափենք թովիչ դրախտից
Դժոխաուղի, ինչը չի´ փրկում թունավոր ախտից:

Տարփանքն իրագործվող՝ հոգու վատնում է
Անապատի մեջ ամոթի։ Մինչ այդ
Այն ուխտադրուժ, սպանիչ, արնոտ, փծուն է,
Սաստիկ, մեղսոտ, կոպիտ, դաժան, վայրագ,
Իսկ վայելած՝ իսկույն արհամարհվում է․
Անմիտ որսում են, բայց արդեն բռնած՝
Անմիտ ատում են, եւ խելագարվում են,
Ասես բռնել են խայծ հատուկ դրված.
Դառնում են խենթ ձգտող ու տիրացող,
Տիրելն էլ, տիրանալն էլ ծայրագույն է․
Սկզբում՝ հաճույք, հետո բայց՝ ցավ այրող,
Նախքան այդ՝ խինդ, հետո՝ երազն անցնում է:

Աշխարհը սա գիտի, բայց չի փորձել
Դժոխք տանող դրախտն այս շրջանցել: