Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
When I have seen by Time's fell hand defaced
The rich proud cost of outworn buried age;
When sometime lofty towers I see down rased,
And brass eternal slave to mortal rage;
When I have seen the hungry ocean gain
Advantage on the kingdom of the shore,
And the firm soil win of the wat'ry main,
Increasing store with loss, and loss with store;
When I have seen such interchange of state,
Or state itself confounded to decay,
Ruin hath taught me thus to ruminate:
That Time will come and take my love away.
 
This thought is as a death, which cannot choose
But weep to have that which it fears to lose.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Երբ ես տեսնում եմ Ժամանակի դաժան ձեռքով այլայլված են
Հարուստ հպարտ արժեքները մաշված թաղված դարի․
Երբ երբեմնի վսեմ աշտարակները ես տեսնում եմ տապալված,
Եւ արույրը հավերժական ստրուկն է մահացու մոլեգնության․
Երբ ես տեսնում եմ՝ սոված օվկիանը ավելացնում է
Առավելությունը ափի թագավորության նկատմամբ,
Եւ ամուր գետինը հաղթում է ջրային տարածքներին,
Ավելացնելով պաշարները՝ կորուստներով, եւ կորուստները՝ պաշարներով․
Երբ ես տեսնում եմ այդպիսի փոփոխություններ վիճակի*,
Կամ պետությունն ինքն իրեն բերում է կործանման,
Ավերակները սովորեցրել են ինձ այսպես մտածել․
Այդպիսի Ժամանակ կգա եւ կվերցնի իմ սերը կտանի։
 
Այդ միտքը նման է մահվան, որը հնարավոր չէ ընտրել,
Այլ լոկ ողբալ այն ինչ ունես, որը վախենում ես կորցնել։
 
* Թերեւս այստեղ առկա է state բառի «վիճակ» եւ «պետություն» իմաստների խաղ, որը փորձ է արվել փոխանցել երկու տարբերակների գործածմամբ։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Երբ տեսնում եմ, թե ինչպես ժամանակի ձեռքն անգութ
Սրբում է վեհ ու հպարտ ճոխություններն հնության,
Հավասարում է գետնին աշտարակներ երկնահուպ,
Եվ փշրում է արձաններ գոռ մոլուցքը բիրտ մահվան,
Երբ տեսնում եմ, որ սոված օվկիանոսը գերթ գազան,
Ճգնում է իր ափերի տերության հողը զավթել,
Իսկ ցամաքը ձգտում է ծովն ընդգրկել անսահման,
Եվ միշտ մեկի կորուստը մյուսի շահն է եղել,
Երբ տեսնում եմ, թե ինչպես ամեն մի բան փոփոխվում,
Եվ դառնում են գահընկեց արքաները զորավոր,
Մտածում եմ, որ դահիճ ժամանակը արնախում,
Եվ ընկերիս կխլի դատաստանով ահավոր:

Եվ ես նրա մոտալուտ մահվան մտքից ահաբեկ,
Հեծեծում եմ լալագին, ողբում գիշեր ու ցերեկ:

Երբ տեսնում եմ, թե ինչպես ժամանակի ձեռքն անխիղճ
Սրբո՜ւմ-տանո՜ւմ է սխրանքն ու պերճանքը դարերի,
Սեգ աշտարակ եմ տեսնում՝ դարձած ավազ, քար ու խիճ,
Եւ պղնձե կոթողներ՝ եղած մահվան խե՜ղճ գերին.
Երբ ցամաք են ներխուժում զորք-ալիքնե՛րը ծովի,
Կողքի Ցամաք-Պետության սահմանները զավթելո՜վ,
Իսկ Ցամաքը՝ մխրճվում կապույտ սահմա՛նը ծովի—
Տանո՜ւլ տալով շահն իրենց եւ կորստից շահելո՛վ:
Երբ տեսնում եմ, որ, ավա՜ղ, ոչ մի հաստատ բան չկա,
Եւ կործանվում են անգամ Կայսրություննե՜րն անվանի,
Մտածում եմ սարսափով,— այդ ամենին լուռ վկա,—
Թե ժամանակը կգա՛ եւ իմ սե՛րն էլ կտանի…

Ահավո՜ր միտք, որի դեմ ի՜նչ է տվել կյանքը ինձ,
Բացի… նրան հավիտյան կորցնելու երկյուղից:

(120) Երբ Ժամանակի ձեռքովը անգութ ես դիմազերծուած
Կը տեսնեմ հարուստն ու հըպարտն՝ արդիւնք հընամեայ թաղուած
Տարիքին, դարին, երբոր երբեմնի վեհ աշտարակներ
Կը տեսնեմ փըլած գետնի հաւասար, եւ դատապարտուած
Յաւիտենական գերին դառնալու լոկ մահկանացու
Ցասման, զայրոյթին:
                                           Երբոր կը տեսնեմ ովկիանն անօթի
Որ ծովեզերքի թագաւորութեան հողէն կը խլէ,
Եւ կամ հաստատուն հողը մայր ծովէն մասեր կը գրաւէ,
Պաշարն՝ կորուստին, կորուստ՝ պաշարին դէմ աւելցնելով:

Երբ ես այսպիսի փոխանակումներ ըստացուածքներու,
Կամ երբ պետութիւնն ինքնին կը տեսնեմ շըփոթ, փչացած,
Այս աւերածներն ինձ կը սորվեցնեն խորհրդածելու՝
Թէ նոյն ժամանակն պիտի գայ ինձմէ սէրըս խլելու:

Այս մըտածումն իսկ մահ է ինձ համար, որ նախընտրութիւն
Չունի բայց միայն արտասուել որ ինք ունի այն ինչ որ
Կորսընցընելու վախէն մի միայն սիրտն է դողահար:

Երբ տեսնում եմ ես, թե ժամանակի ձեռքը անողոք
Ինչպես է եղծում թաղված անցյալի արժեքը կրկին,
Երբ երկնասլաց աշտարակները տապալվում են լոկ,
Եւ հուշարձաններն ստրուկ են դառնում մահվան մոլուցքին.
Երբ տեսնում եմ ես, թե ինչ ճիգերով ծովը սովահար
Փորձում է ընկճել անխոնջ ափերի տիրությունը պերճ,
Եւ ափն իր հերթին ձգտում է սանձել ալիքները հար,
Շահը կորստով, կորուստը շահով բազմացնում անվերջ.
Երբ տեսնում եմ, թե ինչպես է փոխվում աշխարհը համայն,
Ինչպես զորավոր թագավորությունն ընկնում է անզոր,
Խորտակումը այս ստիպում է ինձ մտորել միայն,
Որ իմ սիրուն էլ նենգ ժամանակը կտանի մի օր:

Մահվան է նման այս մտորմունքը, որ այսպես անքուն
Ողբում է նրան, ում սոսկում է, թե կկորցնի կյանքում:

Երբ որ տենում եմ, որ ժամանա´կն ա անվերջ կրճատում
Մաշված պերճանքը հողի տակ թաղված հին-հին դարերի,
Մարմար հատակի շքեղ նախշե´րն ա քիչ-քիչ աղճատում
Կամ տապալում ա գո´ռ շարանները պատ ու քարերի,
Երբ որ տենում եմ, թե օվկիանոսը ո´նց ա նվաճում
Վաղուց հաստատված արքայությունը հող ու ցամաքի,
Հետո էլ հո´ղն ա զոռ-ուժին տալի ու քիչ-քիչ աճում —
Ջո´ւրը գրավում, չի´ թողնում ծովը իրեն համակի,
Երբ որ տենում եմ էս հերթափոխը գո´ռ հզորության
Ու թշվառության, մի´շտ ու հարատեւ, ասես ընտանի,
Տենում եմ անվե´րջ շրջապտույտը սի´ն ունայնության,
Գլխի եմ ընկնում, որ ժամանակը քեզ է´լ կտանի,

Ու սրա ահը մահվան վախի պես զոռի´ն ա տալի,
Ու էրեխու պես, տանելու վախից, նստում եմ, լալի:

Տեսնում եմ երբ․ Ժամանակից խեղված
Հարուստ պտուղն արդեն թաղված դարի․
Եւ վեհ աշտարակները տապալված,
Հավերժ արույրը ստրուկ դարձած հրի․
Տեսնում եմ երբ․ սոված օվկիանն աճում է
Ափի արքայության հողի խլմամբ,
Ամուր գետինն էլ ջրերին հաղթում է,
Լրացնելով կորուստը նվաճմամբ․
Տեսնում եմ երբ․ վիճակը միշտ փոխվում է,
Երկիրն իրեն մղում է վախճանի,
Ավերն ու մահն ինձ անընդհատ հուշում են․
Այս Ժամանակն իմ սերն էլ կտանի։

Այդ միտքը մահ է․ եւ մնում է սոսկ
Ողբալ ինչ քոնն է, որ կորցնելն է սոսկ։