Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Sin of self-love possesseth all mine eye,
And all my soul, and all my every part;
And for this sin there is no remedy,
It is so grounded inward in my heart.
Methinks no face so gracious is as mine,
No shape so true, no truth of such account,
And for myself mine own worth do define,
As I all other in all worths surmount.
But when my glass shows me myself indeed,
Beated and chopped with tanned antiquity,
Mine own self-love quite contrary I read;
Self so self-loving were iniquity.
 
'Tis thee (my self) that for myself I praise,
Painting my age with beauty of thy days.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Մեղքն ինքնա-սիրելու տիրել է բոլոր իմ աչքին,
Եւ բոլոր իմ հոգուն, եւ բոլոր իմ ամեն մի մասին․
Եւ այդ մեղքից չկա բուժում,
Այն այնքան հողված է մեջ իմ սրտի։
Ինձ թվում է, չկա դեմք այնքան նրբագեղ, քան իմը,
Ոչ ձեւ այսքան ճիշտ, ոչ ազնվություն այս չափի,
Եւ ինձ համար իմ սեփական արժանիքն եմ սահմանում,
Քանի որ ես բոլոր այլոց բոլոր արժանիքներում եմ գերազանցում։
Բայց երբ իմ հայելին ցույց է տալիս ինձ ինքս՝ ինձ իրականում,
Ծեծված եւ կոտորված*` աղաղված հնությունից,
Իմ սեփական ինքնա-սիրումը բավական հակառակ եմ ես կարդում․
Սեփական անձը այսպես ինքնա-սիրելը կլիներ անօրինություն։
 
Այդ քեզ (ինքս ինձ) է, որ ինձ համար ես գովում եմ,
Նկարազարդելով իմ հասակը գեղեցկությամբ քո օրերի։
 
* Եւս մի անիմաստ դիտողություն երբեմն արվում է այս բառի հետ կապված․ իբր, chopped-ի փոխարեն («կոտորված, կտրատված») պետք է լիներ chapped՝ «ճաքած, ճեղքված», մինչդեռ ակնհայտ է, որ այս երկու բառերը ոչ միայն գրեթե նույնական իմաստ ունեն, այլեւ, թերեւս, սոսկ ենթատարբերակներ են։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ես այնքան եմ եսասեր, որ դա մեղք եմ համարում,
Որը ամբողջ իմ մարմնին եւ աչքերին է իշխել,
Ես այդ մեղքը բուժելու ոչ մի միջոց չեմ գտնում,
Քանի որ նա լիովին սրտիս մեջ է թափանցել:
Ինձ այնպես է թվում միշտ, որ բովանդակ աշխարհում
Դեռ չի ծնվել ուրիշը ինձ պես չքնաղ ու անբիծ,
Եվ իմ անձը այնպես եմ ամեն անգամ պատկերում,
Որ մինչեւ իսկ բոլորից գերիվեր եմ դասում ինձ:
Բայց երբ անկեղծ հայելիս հանկարծ ինձ ցույց է տալիս
Տարիներից խորշոմած իմ պատկերը իսկական,
Այնտեղ միայն կարդում եմ անարգանքը սին փառքիս
Եվ ճշմարիտ հերքումը իմ ինքնասեր էության:

Դու ես անձս, սիրելի՛ս, ես գովում եմ անձը քո,
Ծերությունս պճնելով քո դեռատի հմայքով:

Իմ ողջ էությունն, իմ աչքն ու հոգին
Սիրահարված են անձի՛ս սեփական.
Այդ մեղքն այնպե՜ս է տիրել իմ կամքին,
Որ թվում է, թե փրկություն չկա՜:
Թվում է, չկա՜ իմ շրջապատում
Ինձ նման պարկե՛շտ, ազնի՜վ, սրտագի՛ն,
Եւ թվում է, թե ես ամե՜ն ինչում,
Գերազանցո՛ւմ եմ կյանքում ամենքին…
Բայց երբ նայում եմ մեկ-մեկ հայելուն,
Ճիշտ հակառա՛կն եմ ես այնտեղ տեսնում,
Եւ, իմ խորշոմած դեմքին նայելիս,
Զգում եմ, թե ի՜նչ հանցանք եմ գործում…

Ինձ փո՜խս եմ գցել երեւի քեզ հետ,
Իսկ իմ ձմեռը՝ քո գարունի հետ…

(6) Անձնասէրի մեղքով հըզօր՝ ներգրաւուեր է աչքս ամբողջ,
Նաեւ հոգիս, ամէն մասնիկ իմ էութեան թափանցուն:
Եւ այս մեղքին համար չի կայ մի որեւէ դարմանում,
Այնպէս խորունկ արմատացած է ներսիդիս, սրտիս մէջ:

Ինձ կը թըւի թէ ոչ մէկ դէմք լի է շնորհով՝ դէմքիս պէս,
Եւ դիմագիծն ալ կատարեալ, իրաւութիւն՝ բացայայտ.
Եւ ինքզինքիս իմ անձնական արժանիքն ալ կը ճշտեմ
Գտնելով զիս գերազանց քան արժանիքները այլոց:

Բայց հայելին իմ իսկական ինքնութիւնն երբ կը յայտնէ,
Զիս կը տեսնեմ ծեծուած, կնճռած, խանձուած տարեց, հնամաշ,
Իբրեւ ժխտումը բացարձակ՝ միտումներուս անձնասէր.
Եսն ու նաեւ Սէրն-Եսին չեն զուգորդուիր իրարու:

Դո՛ւն ես (ես ինքս) որ ինքզինքիս այսպէս գովեստ կը բաշխեմ,
Նկարելով տարիքըս ծեր՝ գեղեցկութեամբն օրերուդ:

Եսասիրության մեղքն է իմ աչքում իշխում տիրաբար,
Նրանն է հիմա մարմնիս ու հոգուս ամեն ելեւէջ,
Եւ այդ մեղքի դեմ, ես ինչ էլ անեմ, չկա ոչ մի ճար.
Այնքան որ խորն է արմատավորվել նա իմ սրտի մեջ:
Այնպես է թվում, թե ոչ ոք չունի նմանը դեմքիս,
Իմ անձն եմ բոլոր գեղեցիկներից ես գերադասում,
Եւ որքան էլ վեհ շնորհներ տրված լինեն ամենքիս,
Յուրաքանչյուրից ի՛մ արժանիքներն եմ գերադասում:
Բայց երբ հայելին ցույց է տալիս իմ պատկերն իսկական,
Որ ժամանակի հնամաշ ձեռքից ծեծված է այնպես,
Այդժամ հակառակ կողմն եմ ես կարդում եսասիրության,
Այն է՝ փութեռանդ ինքնամոլությամբ ախտավո՜ր եմ ես:

Սակայն քեզ եմ (ի՛նձ), անձն իմ կարծելով, անդադար երգում
Եւ քո պերճությամբ ես իմ ծերության արատն եմ հերքում:

Ինքնասիրահար ըլնելուս մեղքը հոգո´ւս մեջն ա հենց,
Հենց հայացքի´ս մեջ: Էսի էնքա´ն ա ծաղկե ու աճե,
Որ իմ էս մեղքին չկա´ բալասան: Ու էսի ընե´նց
Խո´րն ա, որ վաղուց — սիրտ ու հոգիս ա արդեն նվաճե:
Ու մտածում եմ, թե չկա´ ուրիշ դե´մք հիանալի,
Թե իմ կերպարը ամենալա´վն ա ու հո´ւյժ գերադաս,
Թե էությունս հետաքրքիր ա, ու ո´չ անալի,
Ու ուրիշներին սեփական անձս — լրի´վ ա անհաս:
Բայց երբ որ, հանկարծ, հայլուն եմ նայում — ծեր ու տանջահար
Էակ եմ տենում, մի հի´ն ավերակ, որ մեջից հայլու —
Հենց ի´նձ ա նայում: Իմ էությունից, ինքնասիրահար,
Մնում ա մենակ — մի գոռոզ զառամ, խարխո´ւլ ու հլու:

Ե´ս, ինձ գովալով, որ ճիշտը ասեմ, քե´զ եմ ներբողում —
Քու ծաղկուն տեսքով — հենց ի´մ ավերակ տե´սքն եմ ըսքողում:

Մեղքն ինքնա-սիրելու տիրել է ինձ,
Ամբողջ հոգուն իմ, եւ ամեն մասին․
Եւ ես չունեմ բուժումը այդ մեղքից,
Այնքան այն խորն է իմ սրտի միջին։
Կարծեմ, չկա այնքան նուրբ դեմք, քան իմը,
Ոչ ձեւ այնքան ճիշտ, ոչ էլ նվիրում,
Անցել եմ բոլորի արժանիքները
Ես ինքս եմ իմ արժեքը սահմանում,
Բայց երբ տեսնում եմ դեմքն իմ հայելում՝
Հնությունից ծեծված ու աղաղված,
Ինքնա-սիրման մյուս կողմն եմ ես կարդում․
Անմտության աստիճանի հասած։

Այդ քեզ (ինքս ինձ) եմ ես անվերջ գովում,
Տարիքն իմ օրերով քո զարդարում։