Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Weary with toil, I baste me to my bed,
The dear repose for limbs with travel tired,
But then begins a journey in my head,
To work my mind, when body's work's expired;
For then my thoughts (from far where I abide)
Intend a zealous pilgrimage to thee,
And keep my drooping eyelids open wide,
Looking on darkness which the blind do see;
Save that my soul's imaginary sight
Presents thy shadow to my sightless view,
Which, like a jewel (hung in ghastly night),
Makes black night beauteous, and her old face new.
 
Lo thus by day my limbs, by night my mind,
For thee, and for myself, no quiet find.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Հոգնած հոգսերից ես գամում եմ ինձ իմ անկողնուն՝
Ցանկալի հանգիստ վերջույթներին՝ ուղեւորությունից հոգնած,
Բայց այնժամ սկսվում է ճանապարհորդություն իմ գլխում,
Աշխատացնում իմ միտքը, երբ մարմնի գործն ավարտվել է․
Քանի որ այդժամ իմ մտքերը՝ հեռվից, ուր ես օթեւանում եմ,
Նախաձեռնում են եռանդուն ուխտագնացություն դեպի քեզ
Եւ պահում են իմ փակվող կոպերս բաց լայնորեն,
Նայելով մթությանը, որը կույրն է տեսնում․
Բայց իմ հոգու երեւակայական հայացքը
Ներկայացնում է քո ստվերը իմ չտեսնող հայացքին,
Որն ինչպես ակն, ահարկու գիշերվա մեջ,
Դարձնում է սեւ գիշերը չքնաղ, իսկ նրա ծեր դեմքը՝ նոր։
 
Ահա այսպես ցերեկն՝ իմ վերջույթները, գիշերը՝ իմ միտքը,
Հանուն քո եւ հանուն ինձ, չեն գտնում հանգիստ։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Հոգնած տանջանքից՝ ես շտապում եմ իմ անկողին,
Հանգստացնելու իմ հոգնաբեկ մարմինը ճամփորդությունից հետո.
Բայց այնժամ սկսվում է մի նոր ճամփորդություն իմ մտքում,
Տանջելու իմ հոգին, երբ մարմինս հանգստանում է:
Քանզի իմ մտքերը (հեռու այն վայրից, ուր ես եմ)
Ուխտագնացություն են սկսում դեպի քեզ սիրով,
Եվ պահում են իմ ծանր կոպերը լայն բացված,
Նայելով խավարին, որը տեսնում են կույրերը:
Միայն իմ հոգու տեսողությունն է, որ
Քո ստվերը բերում է իմ կույր տեսողության առաջ,
Որը ինչպես մի թանկագին գոհար՝ կախված մութ գիշերվա մեջ,
Գեղեցկացնում է սեւ գիշերը եւ նրա դեմքը դարձնում նոր:

Այսպես, ցերեկը իմ մարմինը, իսկ գիշերը իմ հոգին,
Քեզ համար եւ ինձ համար չեն գտնում հանգիստ երբեք:

Թափառումից հոգնաբեկ, շուտ անկողին եմ մտնում,
Որ հանգի՜ստ տամ ճամփեքից հոգնած ու խոնջ ոտքերիս,
Սակայն իսկույն մի ուրի՜շ թափառում է սկսվում,—
Իմ ոտքերի հանգիստն ու թափառո՜ւմը մտքերիս.
Եւ մտքերս, այս հեռվից, ո՛ւր,— ինչպե՜ս եմ դիմացել,—
Ուխտավորի ըղձանքով դեպի քե՜զ են սլանում.
Արդեն փակվող կոպերիս ստիպելով լայն բացվել,
Բայց… տեսնելով միայն այն, ինչ կույրն էլ է նշմարում:
Այդ վայրկյանին, մթան մեջ, պայծառատես իմ հոգին
Դնում է կույր աչքիս դեմ քո պատկերը սիրավառ,
Որը, ինչպես ադամանդ, գիշերային սեւ ֆոնին,
Լույսի տոնի՜ է փոխում կնճռոտ դեմքը գիշերվա:

Այսպես, սիրտս՝ ցերեկով, իսկ իմ խե՜ղճ միտքը՝ մթնում,
Եւ քո եւ իմ պատճառով հանգստություն չե՜ն գտնում:

(37) Աշխատանջքեն վաստակաբեկ կ՚աճապարեմ անկողին՝
Ճամբորդելէն յոգնած մարմնոյս համար հանգիստ ցանկալի:
Բայց գանկիս մէջ ճամբորդութիւն մը կը սկսի շրջմոլոր
Միտքըս գործի դընել՝ հազիւ մարմինիս գործն աւարտած:

Իմ բնակած հեռու տեղէն, խոկումներուս թեւերով
Մեծ եռանդով ճամբայ կ՚ելլեմ ուխտի գալու դէպի քեզ,
Փակուող կոպերըս ջանալով արթուն պահել լայնաբիբ,
Աչքերս մութին մէջ սեւեռուն, զոր լոկ կոյրերն կը տեսնեն:

Եւ բացի այդ, ցընորական տեսողութիւնն իմ հոգւոյն
Իմ աչազուրկ տեսողութեան դիմաց քու ստուերն կը գծէ,
Որ զերթ գոհար՝ մահասարսուռ գիշերին մէջ առկախուած,
Սեւ գիշերին՝ գեղ ու հըմայք, դէմքն անոր հին՝ կը նորէ:

Այսպէս մարմինըս ցերեկին, ու միտքըս ալ գիշերին,
Ոչ քեզ համար եւ ոչ ինծի հանգիստ առնել թոյլ կուտան:

Տքնանքից դադրած` անկողին է իմ մարմինը կանչում
Եւ հանգստություն` ճամփեքից հոգնած ոտքերիս համար,
Սակայն հենց պառկեմ, նոր տքնություն է գլուխս տանջում,
Երբ սպառված են հոգնատանջ մարմնիս ցավերն անհամար:
Մտորմունքներս հեռու են թռչում իմ մութ սենյակից
Եւ ծարավահյուծ ուխտավորությամբ գալիս են դեպ քեզ,
Քունը անշշուկ հեռանում է իմ խոնջած աչքերից,
Որ կույրի նման մինչեւ առաւոտ մութին նայեմ ես:
Բայց այդժամ հոգուս տեսողությունը երեվութական
Բերում է հանկարծ իմ աչքի առաջ պատկերդ վսեմ,
Որ գիշերվա մեջ կախված լուսատու գոհարի նման
Փոխում է իսկույն եւ լուսավորում գիշերը նսեմ:

Այսպես զոր-գիշեր մարմին ու հոգի չունեն քուն-դադար
Եւ հանգստություն չեն գտնում ո՛չ քեզ եւ ո՛չ ինձ համար:

Էնքա´ն եմ հոգնած, որ էլ չեմ զգում — մարմին, ոտ ու ձեռ.
Չեմ ուզում հիշեմ ճամփեքը օրվա, չար կամ բախտավոր.
Բայց էս անգամ էլ, երբ տանջանք չկա, չկա´ գործ ու բեռ,
Մի´տքս ա դառնում — կրքոտ, անհանգիստ — ու լուռ ուխտավոր,
Ու բունը թողած ճամփա ա ընկնում, որ հանդիպի քեզ,
Ու էլ չեն փակվում կոպերս հոգնած, մնում են բաց-բաց,
Միտքս, թունդ խռով, քոռի պես մո´ւթն ա ճեղքում սրատես,
Ու քե´զ ա գալի, էրազ ու տենչի նժույգը թամբած,
Ու հետ ա գալի, ինձ հասցնելով լուսաշող օրվա
Քու անտես ուրուն, քու ստվերը պերճ, ու անըզգալի,
Ու ցրում, լրի´վ — ահն է´լ, սարսափն է´լ — դժնի գիշերվա,
Ու դու շողում ես ադամանդի պես աշխարհակալի:

Էսի՝ ամմե´ն օր: Ոտ ու ձեռ ու միտք — անշեղ ու անքուն —
Չարչարվում են միշտ: Ցերեկն ի´մ դարդից, իսկ գիշերը՝ քո´ւ:

Ճամփից հոգնած գամվում եմ անկողնուն՝
Տենչած հանգիստ, երբ վերջույթներն հոգնած են,
Բայց անցուդարձ գլխո՛ւմս է սկսվում,
Շարժվում հոգիս, երբ գործն ոտքիս սպառված է․
Մտքերս էլ այս հեռվից, ուր բնակվում եմ,
Սկսում են եռանդուն մի ուխտ դեպ քեզ,
Եւ իմ կպչող կոպերը լայն բացում են,
Որ ես մթին նայեմ մի կույր ասես․
Սակայն հոգուս անիրական հայացքը
Կույր աչքերիս տեսիլքն է քո բերում,
Որն ահարկու մթում որպես մի ակն
Փայլում է ու գիշերն է լուսացնում։

Տե՛ս` քո, եւ իմ համար չունեն հանգիստ,
Ցերեկ՝ ոտքերս, գիշերով՝ հոգիս։