Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Against that time (if ever that time come)
When I shall see thee frown on my defects,
When as thy love hath cast his utmost sum,
Called to that audit by advised respects;
Against that time when thou shalt strangely pass,
And scarcely greet me with that sun, thine eye,
When love, converted from the thing it was
Shall reasons find of settled gravity:
Against that time do I insconce me here
Within the knowledge of mine own desert,
And this my hand against myself uprear,
To guard the lawful reasons on thy part.
 
To leave poor me thou hast the strength of laws,
Since why to love I can allege no cause.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Այն ժամանակվա համար (եթե երբեւէ այդ ժամանակը գա)
Երբ ես կտեսնեմ՝ քեզ տհաճ են իմ թերությունները,
Երբ քո սերը կհաշվարկի իր վերջնական գումարը,
Կանչված այդ հաշվառմանը խորհրդատրված հարգանքով.
Այն ժամանակվա համար, երբ դու օտարի պես կանցնես,
Եւ հազիվ կողջունես ինձ այդ արեւով, քո աչքով,
Երբ սերը, վերափոխված այն բանից, ինչ այն կար
Պատճառներ կգտնի հիմնավոր լրջության.
Այն ժամանակվա համար ես ամրացնում եմ ինձ այստեղ՝
Միջում գիտակցության իմ սեփական արժանիքների,
Եւ այս իմ ձեռքն ընդդեմ ինքս ինձ կբարձրացնեմ,
Ի պաշտպանություն օրինական հիմքերի քո կողմի:
 
Ինձ, աղքատիս, թողնելու դու ունես ուժը օրենքների,
Քանզի սիրո համար ես չեմ կարող բերել ոչ մի հիմք։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ընդդեմ գալիք այն օրվան (թող այդ ժամը չհասնի),
Երբ իմ թերի կողմերին խեթ հայացքով կնայես,
Երբ որ ինձ հետ քո սերը հաշվեհարդարն իր կանի,
Եվ խոհեմ ու վերջնական քո վճիռը կարձակես,
Այն ժամանակ, երբ նման օտարական անցորդի,
Դու իմ կողքով անցնելիս հազիվ թե ինձ ողջունես,
Երբ քո սերը լրջախոհ պատրվակներ կգտնի,
Եվ փոխվելով իմ հանդեպ, կդադարի մշտապես,
Այդ օրվա դեմ իմ անձի գիտակցումով եմ զինվում,
Որ ես նվաստ մի մարդ եմ, արժանիքներ չունեմ էլ,
Ես իմ ձեռքը սեփական անձիս դեմ եմ բարձրացնում,
Որ քեզ իբրեւ արդարի կարողանամ պաշտպանել:

Դու կարող ես ինձ լքել, ինչպես տերը իր գերուն,
Ես փաստ չունեմ հավաստել, որ արժան եմ քո սիրուն:

Ես ծառանո՜ւմ եմ ընդդեմ այն օրվա (երանի՜ չգա…),
Երբ ես համոզվեմ, որ արատնե՜րս ես դու լոկ նկատում,
Երբ հաշվեհարդա՜ր կտեսնի ինձ հետ սերդ վերջնական,
Հավաստելով այդ՝ մեղքիս քննությամբ երկարապատում:
Ես ծառանո՜ւմ եմ ընդդեմ այն օրվա, երբ օտարի պես,
Ինձ հանդիպելիս, հազի՜վ քո արեւ-աչքերը թարթես,
Եւ հերիք չէ, որ իմ հանդեպ չար ու խորթացած լինես,—
Դեռ այդ խորթացումն արդարացնելու պատճառներ գտնես…
Ընդդեմ այդ օրվա ես արդարանա՛լ կփորձեմ հիմա,
Այն գիտակցությա՛մբ, որ նսե՜մ է իմ արժեքը, անգին,
Եւ իմ ձեռքն իմ դեմ վերեւ՜ կպարզեմ՝ երդումի նման,
Ի պաշտպանություն քո՛ ինձ լքելու սո՜ւրբ իրավունքի:

Դու կարող ես ինձ լքել օրենքի ուժով գերագույն,
Մինչ ես սիրվելու չնչին մի հի՛մք էլ չունեմ այս կյանքում:

(103) Այն ժամանակին ընդդէմ (թէ էրբեք վայ ժամանակն այդ)
Երբ էս պիտի քեզ տեսնեմ քու խոժոռ նայուածքըդ նետած
Վըրան իմ բոլոր թերութիւններուս, երբոր սէրը քու
Արձակած լինի գումարը ամբողջ իր կարողութեան,
Կանչըւած այդ խիստ հաշուեքննութեան ըստ շրջահայեաց
Թելադրանքներու:
                                        Այն ժամանակին ընդդեմ՝ դուն քովէս
Անծանօթի պէս երբ անցնիս պիտի, եւ ինծի հազիւ
Քու այն արեւով, քու այն աչքերով ողջոյնըդ շնորհես,
Երբ սէրը փոխուած իր իսկութենէն, պիտի պատճառներ
Փնտռէ հաստատուած այդ լուրջ կացութեան:
                                                                                           Ա՛յդ ժամանակին
Դէմ ինքզինքըս ես գաղտնօրէն այստեղ կը պահեմ այսպես,
Ծանօթ լինելով իմ արժանիքիս եւ իմ պատիժին,
Եւ իմ ձեռքըս այս ես իմ անձին դէմ կը բարձրացընեմ
Քեզմէ յարուցուած եւ օրինաւոր քու պատճառանքներդ
Լոկ պաշտպանելու:
                                           Անձն իմ խըղճալի լըքելու համար
Դուն օրէնքներուն ուժն ունիս քեզ հետ, մինչդեռ քեզ սիրել
Ի՞նչ իրաւունքով չեմ կրնար ըսել, նաեւ ես պատճառ
Չեմ կրնար յառաջ բերել թէ ինչո՞ւ քեզ պէտք է սիրեմ:

Ընդդեմ այն ժամի (եթե այդ ժամը գալու է մի օր),
Երբ տեսնեմ, թե դու ինչպես ես խորշում իմ արատներից,
Եւ երբ քո սերը փակի իր վերջին հաշիվները, որ
Կոչված են միայն անխուսափելի վերստուգումից.
Ընդդեմ այն ժամի, երբ օտարի պես անցնես իմ մոտով
Եւ քո աչքերով (իմ արեւներո՜վ) հազիվ բարեւես,
Երբ փոխված լինի ու էլ չկանչի սերը կարոտով,
Եւ դու խստադեմ լրջության համար պատրվակ գտնես.
Ընդդեմ այդ ժամի՝ փորձում եմ լինել նախապես պատրաստ
Եւ անարգելով իմ էությունը շնորհներիս հետ՝
Իմ անձի՛ դեմ եմ միայն բարձրացնում այս միտքը նվաստ,
Որ ուժն օրենքի արդար ճանաչի քո անունն հավետ:

Ընդդեմ թշվառիս՝ տես, օրենքն է քեզ օգնելու պատրաստ,
Քանզի ես որպես սիրո ապացույց չունեմ ոչ մի փաստ:

Օրերից մի օր, եթե իհարկե, էդ օրին հասնես,
Երբ սերըդ արդեն իր բոց ու հուրը ըլնի սպառած,
Թերություններս հաստա´տ կտենաս, ու թե բան չասես,
Երբ ինձ բամբասեն — ճի´շտ կհամարես շառուշուռն արած:
Օրերից մի օր կողքովս կանցնես, անտարբեր ու չոր,
Ու քու զույգ արեւ պայծառ աչքերդ շուռ կտաս մի կողմ,
Որովհետեւ քու սերին, որ փոթորիկ էր, արդե´ն, օրեցօ´ր,
Պատճա´ռ պետք կըլնի, որ արդարացնի հեղձուկդ անհողմ:
Օրերից մի օր թաքնվելու եմ անջուր, ամայի
Չոր անապատում իմ իմացության, որ անհետ կորեմ:
Բայց թե պետք էղավ, տե´ղը կբռնեմ խարդախ վկայի,
Որ քու վարմունքի հիմք ու պատճառը — ե´ս հիմնավորեմ:

Բնության կարգը քեզ պատճառ կտա´ լուռ հեռանալու,
Սիրուս պատճառին թիրախ չի մնա բեւեռանալու:

Պահի համար այդ (թե որ այն հասնի)
Երբ կտեսնեմ՝ իմ ախտն է քեզ տհաճ,
Երբ սերդ վերջնարդյունքը կհաշվի,
Խոր հարգանքով հաշվառումի կանչված․
Պահի համար, երբ դու օտարացած
Մի կերպ կողջունես աչքով, անձայն,
Երբ սերը, նախկինից վերափոխված
Պատճառը կգտնի հույժ սառնության.
Պահի համար այդ պիտ գոտեպնդվեմ՝
Գիտակցելով վաստակս իսկական,
Եւ ձեռքս ինձ ընդդեմ կբարձրացնեմ,
Հօգուտ քո հիմքերի օրինական:

Խեղճիս կարող ես օրենքով լքել,
Քանզի սիրո հիմքեր ես չեմ գտել: