« 153

154

Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
The little Love-god lying once asleep,
Laid by his side his heart-inflaming brand,
Whilst many nymphs that vowed chaste life to keep
Came tripping by; but in her maiden hand
The fairest votary took up that fire
Which many legions of true hearts had warmed;
And so the General of hot desire
Was, sleeping, by a virgin hand disarmed.
This brand she quenched in a cool well by,
Which from Love's fire took heat perpetual,
Growing a bath and healthful remedy,
For men diseased; but I, my mistress' thrall,
 
Came there for cure and this by that I prove,
Love's fire heats water, water cools not love.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Փոքր Սեր-աստվածը պառկած մի անգամ քնած էր,
Դրած իր կողքին իր սիրտ բոցավառող ջահը,
Երբ մի քանի հավերժահարս, որ երդվել էին անաղարտ կյանք պահել
Մոտեցան թռչկոտելով․ բայց իր կուսական ձեռքով
Չքնաղագույն սպասուհին բարձրացրեց կրակը,
Որը բազում զորքեր էր հավատարիմ սրտերի ջերմացրել․
Եւ այդպես Զորավարը թեժ կրքի
Քնած՝ կուսական ձեռքով զինաթափվեց։
Այդ ջահը նա մարեց սառն աղբյուրում մոտակա,
Որը Սիրո հրից վերցրեց շոգը հավերժական,
Վերածվելով բաղնիսի եւ առողջարար դեղի,
Մարդկանց համար հիվանդ․ բայց ես, իմ տիրուհու ստրուկս,
 
Եկա այդտեղ բուժվելու եւ ահա թե ինչ ես հաստատեցի,
Սիրո հուրը ջերմացնում է ջուրը, ջուրը չի սառեցնում սերը։
1 / 7
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Սիրո մանուկ աստվածը մտավ թավուտ մի անտառ,
Ջահը դրեց իր կողքին եւ քուն մտավ անվրդով.
Կույս մնալու երդվյալ նիմֆաները անհամար,
Սիրո ջահին մոտեցան թռչկոտելով ու նազով։
Ապա վեստյան մի կույսը, որ չքնաղ էր ավելի,
Անմեղ սրտերն հրկիզող աշտանակն այդ վերցրեց,
Եւ կուսական իր ձեռքով տիրակալին կրքերի
Նա անպաշտպան ու անզեն խորը քնի մեջ թողեց։
Նա այդ ջահը ընկղմեց աղբյուրի մեջ մոտակա,
Որը անշեջ ավազան դարձավ սիրո կրակից.
Ես էլ այնտեղ գնացի բուժվելու շատ ցավերից,
Սակայն այնտեղ ես լոկ մի ճշմարտություն հասկացա,

Որ ջերմ սիրո կրակից նույնիսկ պաղ ջուրն է եռում,
Մինչդեռ սերը այդ ջրից բոլորովին չի սառում։

Սիրո Աստվա՛ծը փոքրիկ հոգնած ննջե՜ց մի անգամ.
Սրտեր այրո՛ղ, բոցավա՛ռ ջահը դրած իր կողքին,
Սի խումբ նիմփեր մոտեցան սիրո Աստծուն մոգական
Եւ մե՛կը այդ նիմփերից, որ չքնա՜ղ էր ամենքից,
Իր կուսական ձեռքերով գողացա՜վ ջահը սիրո,
Որն, ո՜վ գիտե, թե քանի՜ սիրտ էր այրել կախարդված,
Եւ նա, ով խենթ կրքերի հրահրի՜չն էր գոռոզ,
Դարձավ անզո՜ր մի մանուկ՝ զինաթափվա՜ծ ու խաբվա՜ծ…
Այդ ջահը նիմփն ընկղմեց մոտակա պա՜ղ վտակում,
Որը սիրո կրակի ջերմությունից տաքացած,
Դարձավ բուժիչ ավազան, ուր փրկությո՜ւն է գտնում
Նա, ով ունի ինձ նման անփոխադա՜րձ սիրո ցավ…

Բայց, ինչքան էլ ջերմանա՛ ջուրը սիրո կրակից,
Մե՜կ է, սերը չի՜ սառչի ոչ մի սառը վտակից։

(129) Փոքրիկ Սէր-Աստուածն օր մ՚երբ ի քուն էր, կողքին զետեղեց
Սիրտ-այրող ջահն իր, մինչ բազում քընքուշ յաւերժահարսեր,
Որոնք ուխտ առած էին անարատ կեանք մը ապրելու,
Եկան իր քովէն անցնիլ սահելով։
                                                                Բայց է՛ն գեղանին
Այդ ուխտեալներէն առաւ կուսական իր ձեռքերուն մէջ
Հուրն այդ բոցավառ, որ բըռնկած էր բազում լեգէոններ
Իրաւ սրտերու․ ահա այդպէսով հըրամանատարն
Կրակոտ ցանկութեան, ձեռքն իր զինաթափ, կը նընջէր կողքին
Ջըրահարս կոյսին, որ բոցն այս մարեց այնտեղ մօտակայ
Սառ ջըրհորին մէջ, որ յաւերժական ջերմութիւն առաւ
Սիրոյ-կըրակէն, զայն վերածելով թէ՛ բաղանիքի,
Ե՛ւ հիւանդ մարդոց համար դարմանի եւ բուժիչ դեղի։

Բայց ես, որ գերին եմ իմ սիրուհւոյն, բուժուելու եկայ,
Եւ այս ես անով կ՚ապացուցանեմ, որ սիրոյ կըրակն
Ջուրը կը տաքցնէ, ջուրը սակայն չի՛ սէրը սառեցներ։

Ամուրը՝ սիրո աստվածը փոքրիկ, խոր քուն էր մտել,
Իսկ նրա կողքին բյուր սրտեր այրող նետերն էին ցից։
Հավերժահարսերն, որ այնտեղ կույսի կյանք էին գտել,
Թափառում էին.- ամենաչքնաղ կույսը նրանցից
Հանդգնեց հանկարծ կուսական ձեռքով հուրը բարձրացնել,
Որ քանի՛ անգամ սրտեր էր վառել սառն ու անկենդան։
Այսպես ջերմ սիրո փոքրիկ ասպետը խոր քուն էր մտել
Եւ զինաթափվել չքնաղ մի կույսի ձեռքով անվարան։
Անմար կրակը հանգցրեց կույսը մի աղբյուրի մեջ,
Որ սիրո հրից եռաց ու բուժիչ մի աղբյուր դարձավ
Եւ այդ օրվանից բուժում է մարդկանց ցավերը անվերջ,
Բայց իմ սիրուհու պատճառած ցավը չբուժեց բնավ,

Եւ ես հասկացա, որ սիրո հրից սառո՛ւյցն է հալչում,
Բայց ամենապաղ սառույցի՛ց անգամ սերը չի սառչում։

Մի ախպուրի մոտ, մանուկ Էրոսը — թունդ սեր բորբոքող
Ջահն իրա կողքին, հանգիստ քուն մտավ։ Մի քանի որսորդ
Ու կույս դիցուհի, մոտ էկավ ջրին — բաց ու անըսքող,
Որ հա՛մ զովանա, համ է՛լ ջուր խմի էդ ախպուրից հորդ։
Դիցուհիներից չքնաղագույնը ջահը վեկալեց —
Էն ահե՛ղ ջահը, որ հրդեհել էր բյուր ու հազար սիրտ։
Էդ կույս դիցուհին էս պարզ հնարքով զինաթափ արեց
Հեշտանքի աստծուն — էդ հավերժահարս օրիորդը անսիրտ։
Դիցուհին ջահը թաղեց էդ ջուրը, սառնորակ ու լուռ,
Ու ջուրը եռաց — սիրո դյութանքով — հավիտենական։
Ախպուրը դառավ այրերին բուժող հրաշագո՛րծ գուռ,
Ու ես է՛լ էկա, որ բուժվեմ ջրով — էդ կախարդական,

Բայց գալըս զուր էր։ Ջուր եռըցնելը լոկ սե՛րն ա կարում,
Բայց ինքը, ջուրը, թեկուզ դյութական, սիրայրք չի՛ մարում։

Մի օր, Սիրո աստված պառկած քնած,
Կողքին դրել էր ջահն իր սիրավառ,
Երբ մի քանի հավերժահարս հանկարծ
Իր մոտ եկան․ եւ նուրբ ձեռքով արդար
Չքնաղ մի կույս վերցրեց կրակն անգին,
Այն որ բազում սրտեր էր ջերմացրած․
Եւ արդ քնած Ասպետը թեժ կրքի
Կույսի ձեռքով մնաց զինաթափված։
Այդ ջահը նա մարեց մի սառն աղբրում,
Որ կլանեց Սիրո անանց ջերմ շոգը,
Դարձավ բաղնիս եւ բուժարար մի թուրմ՝
Հիվանդներին․ բայց ես, սիրուս ստրուկը,

Եղա անդ՝ բուժվելու եւ պարզեցի․
Սիրուց ջուր կջերմի, սեր՝ չի սառչի։

Մի օր Երոս ծառի տակին նիրհում էր,
Եւ կերոնն էլ սրտեր դաղող կողքին վառ,
Հավերժահարս կուսանց մի խումբ գընում էր,
Տեսան քնած է մանուկ աստվածն անպատկառ։
Եւ նորանցից գեղեցկագույնն կույս ձեռքով
Սիրո բորբոքող կրակը վերցրեց ու տարավ,
Որ բովել էր այդքան սրտեր իր բոցով —
Եւ զինաթափ քնած աստծուն նա արավ։
Կույսը կրակը ցուրտ աղբյուրում հանգցըրեց,
Որի ջուրը սիրուց տենդաց ու եռաց,
Եւ ցավ բուժող ջերմուկ դարձավ ջըրընկեց —
Հիվանդները ըշտապեցին փութընթաց։

Ես էլ գնացի բուժեմ ջրով դաղված սրտիս խոց ու ցավ,
Բայց ջուրն եռուն սիրո տենդից — սիրտ զովացնել չըկարցավ։