Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Mine eye hath played the painter and hath stelled
Thy beauty's form in table of my heart;
My body is the frame wherein 'tis held,
And perspective it is best painter's art.
For through the painter must you see his skill
To find where your true image pictured lies,
Which in my bosom's shop is hanging still,
That hath his windows glazed with, thine eyes.
Now see what good turns eyes for eyes have done:
Mine eyes have drawn thy shape, and thine for me
Are windows to my breast, wherethrough the sun
Delights to peep, to gaze therein on thee.
 
Yet eyes this cunning want to grace their art,
They draw but what they see, know not the heart.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Իմ աչքը խաղացել է նկարչի դեր եւ թողել
Քո գեղեցկության ձեւը՝ իմ սրտի սեղանին [կտավին].
Իմ մարմինը շրջանակն է, որում պահվում է,
Եւ հեռանկարը դա լավագույն նկարչի հմտությունն է*:
Որովհետեւ նկարչի միջով պետք է տեսնեք նրա վարպետությունը**
Գտնելու համար, թե որտեղ է գտնվում ձեր իրական պատկերը,
Որ իմ կրծքի սրահում կախված է դեռ,
Որի պատուհանները ապակեպատված են քո աչքերով:
Հիմա տե՛ս, թե ինչ բարիք են արել աչքերը աչքերին.
Իմ աչքերը նկարել են քո ուրվագիծը եւ քոնը՝ ինձ համար
Պատուհաններն իմ կրծքի, որոնց միջով արեւը
Սիրում է աչք գցել, դիտելու համար ներսում քեզ վրա:
 
Բայց դեռ աչքերը այս ճարպկությամբ կուզեին զարդարել իրենց արվեստը,
Նրանք նկարում են, բայց այն, ինչ տեսնում են, չեն ճանաչում սրտին:
 
* Սովորաբար մեկնում են այն իմաստով, որ նկարը մարմնի խորքում է, այսինքն այն ներկայանում է հեռանկարի մեջ։ Շեքսպիրի օրոք հեռանկարի տեսությունը ձեւավորման փուլում էր եւ դրա կիրառելու հմտությունը կարող էր նկարչի վարպետության վկայությունը համարվել։
** Պարզ չէ, թե այդ ո՞ւմ՝ «նրա» վարպետության մասին է խոսքը։ Կա կարծիք, որ խոսքը արվեստի մասին է, որի արտահայտիչն է նկարիչը։ Իսկ գուցե վրիպակ է։ Թերեւս, վրիպակ է նաեւ միջնամասում անցումը հոգնակի դերանունների։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Իմ աչքը նկարիչ է դարձել եւ պատկերել է
Քո չքնաղ կերպարը իմ սրտի տախտակին.
Իմ մարմինն է այն շրջանակը, ուր դրված է նա,
Եվ հեռանկարն է այն լավագույն արվեստը,
Քանզի նկարչի միջոցով դու պետք է գտնես այն արվեստը,
Որտեղ քո ճշմարիտ պատկերն է նկարված,
Որը դեռ կախված է իմ կրծքի սրահում,
Որի պատուհանները ապակեպատ են քո աչքերով:
Տե՛ս, թե ինչպես են աչքերը օգնում աչքերին.
Իմ աչքերը նկարեցին քո պատկերը սիրուն,
Իսկ քո աչքերը պատուհաններ են իմ կրծքի համար,
Որոնց միջով արեւն է նայում՝ հիանալով քեզնով:

Սակայն աչքերի արվեստը մի թերություն ունի դեռ.
Նրանք նկարում են միայն այն, ինչ տեսնում են, բայց չգիտեն սիրտը:

Նկարի՜չ է դարձել իմ սիրող աչքը սրատես
Եւ դրոշմել հմայիչ քո պատկերը իմ սրտում,
Մարմինս այդ նկարի պերճ շրջանա՛կն է ասես,
Հեռանկա՛րն՝ իմ աչքի ձի՛րքն ընտիր ու լավագույն:
Նկարիչի միջով ես դու քո նկարը դիտում,—
Որոշելով՝ նա որտե՞ղ եւ ինչքա՞ն է քեզ նման,—
Նա կախված է իմ կրծքի արվեստանոց-վանդակում,
Լուսամուտները որի՝ քո աչքե՛րն են աննման:
Իմ աչքերն ու քո՛նն, անգի՛ն, բարեկամ են ու ընկեր,—
Իմ աչքերը սիրահար քո պատկերն են նկարում,
Իսկ քո աչքերը՝ ասես լուսամո՜ւտ են ապակե,
Որոնց միջով լույսն արփու պատկերովդ է հմայվում:

Բայց նկարիչ-աչքերին մի շնո՜րհ է պակասում՝
Մարմինը ճիշտ նկարո՛ւմ, բայց սիրտն, ավա՜ղ, չեն տեսնում…

(28) Աչքըս՝ նըկարիչ, քու գեղեցկութեան
Տիպն է ամրացրեր սրտիս սեղանին,
Մարմինս՝ շրջանակ, ուր տեղաւորուած,
Ամուր բըռնըւած կը մնայ ան միշտ.
Լաւագոյն արուեստը նըկարիչին
Համեմատութիւնն է ճիչտ բըռնըւած:

Եւ նըկարիչին ընդմէջէն պիտի
Դուն ճարտարութիւնն անոր նշմարես,
Գտնելու համար թէ ո՞ւր իրական
Քու պատկերըդ կայ ճարտար նըրկարուած,
Այն որ իմ կուրծքին պատկերասրահին
Մէջ դեռ կը մնայ կախուած, ամրացուած,
Եւ չընարակուած պատուհաններէն
Կարծես կը նայի քու հուր աչքերով:

Ի՜նչ բարիք հիմա աչքերն աչքերուն,
Տե՛ս կը փոխանցեն աչքերս քու կերպարն
Ահա կը գծեն, եւ ինծի համար
Քու հուր աչուկներն պատուհաններ են
Կուրծքիս վրայ բացուած, որոնց ընդմէջէն
Արեւն հրճուանքով կ՚ուզէ թափանցել
Այնտեղ պչնումով քեզի նայելու։

Ճարտար կերպերով աչքերը մինչդեռ
Կը փորձեն իրենց արուեստն աւելի
Դարձնել շնորհալի եւ հըրապուրիչ։
Անոնք կը գծեն ինչ որ կը տեսնեն,
Բայց սիրտը կարդալ անոնք չեն գիտեր:

Իմ աչքերն, ինչպես հմուտ մի նաղաշ, պատկերել են քեզ`
Քո պերճությունը անմահացնելով սրտիս կտավին,
Իմ մարմինը այն շրջանակն է, ուր քո պատկերն է հեզ,—
Հեռանկարը է հմուտ նկարչի ձիրքն է տակավին:
Քանզի նրա՛ մեջ դու պիտի տեսնես հմտությունը իր,
Որպեսզի գտնես այնտեղ նկարված կերպարանքդ ճիշտ,
Այն, որ իմ կրծքի սենյակում կախված կտաւն է ընտիր,
Ուր պատուհաններն աչքերիդ լույսով ողողվում են միշտ:
Տես, թե ինչ բարի գործ են կատարել աչքերն աչքերին.
Իմ աչքերը քո պատկերն են գծել, քո աչքերը միշտ
Պատուհաններ են իմ կրծքի վրա, երբ հանց քո գերին,
Ամեն առաւոտ արեգակն է քեզ նայում ակնապիշ:

Բայց աչքերն իրենց հմտությամբ հանդերձ միայն կդիտեն.
Պատկերում են այն, ինչ տեսնում են սոսկ ဓ սի՜րտը չգիտեն:

Չքնաղ կերպարդ բռնում ա՝ դաջում՝ աշկս սրատես,
Հոգուս խորանում, որպես մի վարպետ, նկարի´չ հմուտ:
Մարմինս տեսքիդ լո´ւռ շրջանակն ա, աննկատ, անտես,
Ամենայն մանրունք՝ ա´չքս ա խլում, որպես լուսամուտ:
Գլուխ գործոցի արժանիքները կարաս իմանաս,
Թե հենց նկարչի´ աչքերով նայես: Էդ գործը, ասե´մ,
Կախած ա ներսի´դ արվեստանոցում: Որ ճի´շտ հասկանաս,
Թե քու աչքերի լուսամուտներից ի´նչ ա ներս հոսե:
Ու հլը նայի, թե աչքը աչքին ո´նց ա ծառայում,
Որ լավ իմանաս, ինքն ի´նչն ա դաջում աղավաղ կամ ճիշտ,
Կամ իրա մարմնի պատուհաններից ո´նց ես ներս նայում,
Կամ պատկերն իրա դաջված կմնա՞ քու ներսը ընդմիշտ:

Նկարողն ա´չքն ա, բայց աչքն ինչքան էլ լա´վ վարպետ ըլնի,
Սիրտը չգիտի, թե աչքի տեսած պատկերն ի´նչ կըլնի:

Աչքերս նկարչի պես պատկերել են
Կերպարդ պերճ՝ թղթին մեջ իմ սրտի
Մարմինն իմ՝ շրջանակ՝ այն պարուրել է․
Հեռանկարն է ձիրքը վարպետի։
Մեծ ձիրքը պիտ տեսնեք հենց նկարչում,
Գտնեք, խորքում դրված ձեր ճիշտ պատկերը,
Դեռ փակցված կրծքիս իմ սրահում,
Որի պատուհաններն են քո աչքերը։
Դու տես բարիքն արված աչքով՝ աչքի․
Պատկերդ նկարել են ի՛մ աչքերը,
Քոնոնք էլ՝ պատուհանն են իմ կրծքի,
Որով սիրում է քեզ նայել արեւը։

Աչքերն էլ դեռ հմուտ լինեն պիտի․
Իրե՛նց տեսածն են նկարում, այլ ոչ՝ սրտի։