7

7

Lo in the orient when the gracious light
Lifts up his burning head, each under eye
Doth homage to his new-appearing sight,
Serving with looks his sacred majesty;
And having climbed the steep-up heavenly hill,
Resembling strong youth in his middle age,
Yet mortal looks adore his beauty still,
Attending on his golden pilgrimage:
But when from highmost pitch, with weary car,
Like feeble age he reeleth from the day,
The eyes (fore duteous) now converted are
From his low tract and look another way:

So thou, thyself outgoing in thy noon,
Unlooked on diest unless thou get a son.

Տողացի թարգմանություն (Ռ․ Թ․)

Տես, արեւելքում, երբ բարեբեր լուսատուն
Բարձրացնում է իր այրվող գլուխը, յուրաքանչյուր տակի աչքը
Տալիս են նրան իր նորահայտ տեսարանին,
Ծառայելով հայացքներով նրա սրբազան մեծությանը․
Եւ երբ մագլցում է զառիվեր երկնային բլրին,
Հիշեցնելով ամրակուռ երիտասարդ իր միջին տարիքում,
Դեռեւս մահկանացուների հայացքները հիանում են իր գեղեցկությամբ,
Հետեւելով իր ոսկի ուխտագնացությանը,
Բայց երբ բարձրագույն կետից, հոգնած կառքով,
Որպես անզոր ծերություն նա ճոճվելով հեռանում է օրից,
Աչքերը (նախկինում՝ հարգալից) այժմ շրջում են
Դեն այդ ցածր հատվածից եւ նայում այլ կողմ․

Այդպես եւ դու, ինքդ անցնելով քո կեսօրը,
Չնկատված կմեռնես, եթե դու չունենաս որդի։

Գեւորգ Էմին

Երբ ամպի բոսոր ծիրանին ուսին,
Ծագում է Արև–Արքան հուրհրան,
Աչքերը հառած նրա երեսին,
Փառաբանո՜ւմ է աշխարհը նրան:
Երբ հառնում է նա, հասնում զենիթին,–
Ջահել, հաղթանդամ, գեղանի ու սեգ,–
Տիեզերքն ասես իջնում է ծունկի,
Ի տես Արևի երթի՜ն այդ վսեմ:
Իսկ երբ հոգնատանջ ծերունու նման,
Հազիվհա՜զ է նա իր կառքը վարում,
Նրան, հպատակ աստղերը հիմա,
Այդ անկմանն ի տես՝ ա՜յլ կողմ են նայում…

Դո՛ւ էլ, երևի, նույն բախտն ունենաս,
Թե օր–ծերության անզավակ մնաս…

Սամվել Մկրտչյան

Երբ արեւելքում բացվում է վսեմ մի արեւացայտ,
Եւ արեւն անմար բարձրացնում է իր գլուխն հուրհրան,
Աչքերն ամենուր տուրք են մատուցում լույսին նորահայտ
Եւ, խոնարհվելով վեհությանն անբիծ, մեծարում նրան:
Երբ մագլցել է նա երկնաթռիչ սարը բարձրաբերձ,
Ինչպես եռանդով երիտասարդը ամենակարող,
Երկրավոր մարդիկ պաշտում են նրա պերճությունն անեղծ
Եւ դիտում նրա ուխտավորության ճամփան ոսկեշող:
Բայց երբ գերագույն ինչ-որ բարձունքից, կառքով հոգնաբեկ,
Ու երերալով մի ծերունու պես` թեքվում է օրից,
Չեն նայում մարդիկ նրա ծանրաքայլ ընթացքին երբեք,
Եւ աչքերն այդժամ անձայն թեքվում են հեգ ուխտավորից.

Այդպես նաեւ դու, լուռ հեռանալով կեսօրից քո թանկ,
Մեռնում ես անտես, երբ քեզնից հետո չես թողնում ժառանգ:

Մերուժան Հարությունյան

Երբ արևելքը լուս ա ճառագում, ոսկի, շառագույն,
Սաղն էլ ակնածած նայում են անեղծ շողին արևի,
Որ նախորդ օրը, կեսօրից հետո դառել էր դժգույն,
Հետո վախճանվել, բայց հենց կեսօրին արքա´ն էր վերի: 
Ու երբ արևը իր սարն ա հելնում, զենիթին փարվում,
Ոնց որ ջահելն ա քիչ-քիչ մեծանում, դառնում մարդ անդարդ,
Ակնածողների ջերմ հայացքները շողում են, փայլում,
Ու փառաբանում սեգ ուխտավորի վերելքը զվարթ:
Իսկ հետո, երբ որ երկնային արքան իջնում ա գահից,
Քիչ-քիչ նվաղում, քարշ գալով հասնում էն մյուս ափին,
Է´ն հայացքները, որ պաշտող էին, կորըստի ահից
Լուռ շուռ են գալի ու սևեռվում են հողին ու տափին:

Ու մի իրիկուն ինքըդ է´լ կէթաս: Որդի´ ունենաս, 
Քեզ չեն մոռանա: Որ ժառանգ թողնես, անմե´ռ կմնաս:

Ռուբէն Թարումեան

Երբ լուսատուն բարի՝ արեւելքում
Հանում է վեր գլուխը իր այրվող
Տե՜ս, թե նրան ինչպես են հետեւում,
Աչքերը ամենքի՝ երկրպագող․
Երբ նա երկնի բլուրն է մագլցում,
Որպես ամուր հասուն երիտասարդ,
Մարդիկ դեռ հիանում են ու հրճվում,
Ոսկի արշավն իր դիտելով անթարթ․
Բայց երբ հոգնած կառքով վեհ գագաթից
Նա ճոճվելով թողնում է օրն արդեն,
Նրա ուղու այս ցածրագույն մասից
Աչքերն (այդքա՜ն հրճված) շրջվում են դեն․

Այդպես եւ դու, քո կեսօրին հասած,
Անտես կանցնես, ժառանգ քեզ չթողած։