Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Those parts of thee that the world's eye doth view
Want nothing that the thought of hearts can mend;
All tongues (the voice of souls) give thee that due,
Utt'ring bare truth, even so as foes commend,
Thy outward thus with outward praise is crowned,
But those same tongues that give thee so thine own,
In other accents do this praise confound
By seeing farther than the eye hath shown.
They look into the beauty of thy mind,
And that in guess they measure by thy deeds;
Then, churls, their thoughts (although their eyes were kind)
To thy fair flower add the rank smell of weeds:
 
But why thy odour matcheth not thy show,
The soil is this, that thou dost common grow.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Այն մասերը քո, որոնք աշխարհի աչքերը տեսնում են
Չեն ցանկանում ոչինչ, ինչ միտքը սրտերի կարող է կատարելագործել․
Բոլոր լեզուները (ձայնը հոգիների) տալիս են քեզ, արժանին,
Ասելով մերկ ճշմարտությունը, նույնիսկ թշնամիներն են գովում,
Քո արտաքինը, այսպիսով, արտաքին գովքով է պսակված,
Բայց այդ նույն լեզուները, որ տալիս են քեզ որքան քոնն է,
Այլ շեշտադրումով այդ գովքը բեկում են,
Նայելով էլառաջ, քան աչքն է տեսնում։
Նրանք նայում են մեջ գեղեցկության քո բանականության,
Եւ ինչ կռահումներում իրենք չափում են ըստ քո արարքների․
Ապա, ժլատները, իրենց մտքերը (թեկուզ եւ նրանց աչքերը լինեն բարի)
Քո չքնաղ ծաղկին հավելում են երանգ հոտի մոլախոտերի․
 
Բայց ինչու քո բույրը համապատասխան չէ քո տեսքին,
Հողը* դրա այն է, որ դու հանրայնորեն ես աճում։
 
* Թորփի բնագրում այդ տեղում անհայտ իմաստով solye բառն է, որ հաջորդ հրատարակիչները դիտել են, որպես փոխատեղված soyle (արդի soil՝ «հող»՝ «պատճառ, աղբյուր» իմաստով։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Մարդու աչքը քո դեմքին ոչ մի վատ բան չի տեսնում,
Որ թափանցող, խոր միտքը կարողանա վեր հանել.
Ով քեզ թեկուզ թշնամի սրտի ձայնով է խոսում,
Ըստիպված է հարգանքով ճշմարիտը ընդունել:
Գեղեցկությանը դեմքի՝ պատշաճ է գովք արտաքին,
Բայց նույն մարդիկ, որոնք քեզ արժանին են հատուցում,
Մի այլ շեշտով խեղդում են այդ գովեստը թանկագին,
Երբ անաչառ՝ քո հոգու մութ խորքերն են թափանցում:
Նրանք ուզում են քննել գեղեցիկը ներքինիդ,
Որոնց համար չափանիշ՝ քո գործերն են ծառայում.
Եվ որքան էլ քո հանդեպ թեկուզ լինեն բարեմիտ,
Դյութիչ ծաղկին՝ սեւերի տհաճ հոտն են հավելում:

Քո հմայքը եւ հոգին չեն ճանաչվում համարժեք,
Քանի որ քեզ չես պահում իբրեւ ծաղիկ թանկարժեք:

Այն ամե՜նը, ինչ քո մեջ տեսանելի է աչքին,
Կատարյալ է ավելի՛, քան մեզ կարող էր թվալ.
Արժանի՜ն են մատուցում չքնաղ տեսքիդ արտաքին
Նույնիսկ նրա՛նք, ովքեր քո թշնամիներն են երդվյալ:
Արտաքինիդ գովքն արժե՛ արտաքինիդ գովական.
Բայց նո՛ւյն մարդիկ, որոնք քո վեհ տեսքով են հիանում,
Իսկույն փոխո՜ւմ են իրենց կարծիքները դրական,
Երբ զննում են քո ներքինն ու նրա խո՜րքը նայում:
Նրանք ուզում են գովել նաեւ չքնա՜ղ քո հոգին,
Եւ սիրում են թեեւ քեզ ու քո լա՜վը ցանկանում.
Բայց երբ հիշում են հանկարծ արատնե՛րը քո վարքի,
Մոլախոտի հո՜տ են գարշ անուշ բույրի հետ խաոնում…

Եթե այդ բույրն արտաքին չքնաղ տեսքիդ չի՜ սազում,
Պատճառն ա՛յն է, որ հենց դո՛ւ, դո՛ւ ես քո վարկը գցում…

(63) Աշխարհի աչքին քու տեսանելի մասերըդ ոչինչ
Թերութիւն ունին, որ մարդոց սրտին մտածումն անգամ
Սրբագրել ձգտի. բոլոր լեզուներն (հոգիներու ձայն)
Արժանիքըդ այդ կը յայտարարեն, լոկ ճշմարտութիւն
Արտայայտելով, ճիշդ այնպէս ինչպէս թշնամիներն ալ
Կը գովաբանեն:
                                 Արտաքինդ այսպէս արտաքին գովեստ
Միայն ընդունած կը թագադըրուի. նոյն այդ լեզուներն
Սակայն, որ քեզի կը վերադարձնեն այն ինչ ունէիր,
Ուրիշ շեշտերով նոյն գովասանքն այս կը չարաբանեն,
Աւելի հեռուն տեսնելով քան ինչ աչքը կը ցուցնէ:

Անոնք քու մտքիդ գեղեցկութենէն ներս կը թափանցեն,
Եւ այդ՝ կը չափեն լոկ ենթադրելով քու արարքներէն.
Եւ հետեւաբար, ռամիկներն, թէպէտ աչքերով ազնիւ,
Ապականած հոտ՝ սէզի ու խոտի, կը վերագրեն քու
Գեղեցիկ վարդին:
                                      Բայց քու բոյրն ինչո՞ւ քու հրապուրիչ
Արտաքինին չէ՛ համապատասխան: Հողն այս է. եւ դո՛ւն՝
Հարազատօրէն կ՚աճիս այդ հողէն:

Շնորհները քո, որ տեսնում է միշտ աչքը աշխարհի,
Օ՜, կարիք չունեն ապաքինվելու սրտի մտքերով.
Ամեն մի լեզու, հոգու ամեն ձայն քո գովքը կանի,
Թշնամիդ անգամ հանձն կլինի քեզ գովերգելով:
Քո արտաքինը արտաքին գովքով է թագադրված,
Սակայն նույն լեզուն, որ խնկարկում է սոսկ տեսանելին,
Մեկ ուրիշ շեշտով կործանում է իր գովեստը ասված,
Երբ աչքերն հանկարծ հայտնաբերում են քո մեջ ավելին:
Տեսնում են թեեւ խորքերը ներքին քո գեղեցկության,
Բայց այն չափելիս ապավինում են միայն քո վարքին:
Մտքերը հոռի (աչքերը թեեւ բարի են այնքան)
Մոլախոտերի հոտ են հավելում քո անուշ ծաղկին:

Անուշ բուրմունքդ տեսքիդ հետ գնալ չի բարեհաճում,
Ի՞նչ հողի վրա - որ այնպե՜ս անշուք ու պարզ ես աճում:

Քու արտաքինը, ինչը հասու ա աշխարհքին արար,
Մտքի կամ հոգու բարելավմունքի կարիքը չունի´:
Ով էլ որ ըլնի — լեզվով ու հոգով, միշտ ու միալար
Քու գո´վքն ա երգում, թե նույնիսկ հետդ — ոխ ու քեն ունի:
Արտաքինը քու — մի´շտ ա պսակվում գովքով ձեւական,
Բայց հենց նո´ւյն մարդը, ով ուզած-չուզած տե´սքդ ա գովում,
Հենց որ տենում ա աչքերին անհաս խո´րքդ տեւական,
Հիասթափվում ա, հետո ակամա քե´զ ա փնովում:
Իրա հայացքը մեխվում ա հասնում մտքի´դ խորքերին,
Քու արարքների´ն, երբ որ անցնում ա ճոխ այգուդ մոտով,
Գռեհիկներն էլ, չնայած իրանց բարի խոսքերին,
Ծաղկունքիդ բույրը մի´շտ են խաթարում ճահճի գաղջ հոտով:

Ախր բուրմունքդ խի՞ սազական չի տեսքիդ արտաքին:
Մի´ պատճառ կա լոկ. բերքդ հասու ա ամմե´ն-ամենքին:

Մասերդ, որ բացված են աշխարհին
Լավացվելու կարիք բնավ չունեն․
Բոլորը քեզ տալիս են արժանին,
Եւ ոսոխներն էլ գովքը քո կասեն,
Քո արտաքինը, արտաքուստ գովված է,
Բայց նույն, քեզ արժանին տվող լեզուն,
Կարծում է, որ թերեւս մոլորված է,
Երբ որ հայացքը խորն է թափանցում։
Նայում են քո հոգու գեղեցկությանը,
Եւ համադրում այն քո արարքներին․
Ապա, նույնիսկ լինեն քո բարեկամը,
Խառնում են հոտ խոտի քո նուրբ ծաղկին․

Բայց բույրը քո վայել չէ քո տեսքին,
Զի մատչելի է աճդ ամենքին։