Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
No more be grieved at that which thou hast done:
Roses have thorns, and silver fountains mud:
Clouds and eclipses stain both moon and sun,
And loathsome canker lives in sweetest bud.
All men make faults, and even I in this,
Authorizing thy trespass with compare,
Myself corrupting, salving thy amiss,
Excusing thy sins more than their sins are;
For to thy sensual fault I bring in sense,
Thy adverse party is thy advocate,
And 'gainst myself a lawful plea commence:
Such civil war is in my love and hate,
 
That I an accessary needs must be,
To that sweet thief which sourly robs from me.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Մի՛ այլեւս եղիր վշտացած այն բանի համար, որը դու արել ես․
Վարդերն ունեն փշեր, եւ արծաթյա աղբյուրները՝ տիղմ․
Ամպերն ու խավարումները արատավորում են ե՛ւ լուսինը ե՛ւ արեւը,
Եւ զզվելի որդ է ապրում քաղցրագույն բողբոջում։
Բոլոր մարդիկ անում են վրիպումներ, ու նաեւ ես՝ սրանով,
Հեղինակազորելով քո օրինազանցությունը համեմատությամբ,
Ինքս ինձ փչացնելով, հարթում եմ քո անճշտությունը,
Ներելով քո* մեղքերը ավելի, քան նրանց մեղքերն են․
Քանի որ քո զգացմունքային վրիպակներին ես հաղորդում եմ իմաստ,
Քո հակառակ մասը քո փաստաբանն է,
Եւ ինքս իմ դեմ օրինական հայց եմ հարուցում․
Այնպիսի քաղաքացիական պատերազմ է միջեւ իմ սիրո եւ ատելության,
 
Որ ես հանցակից լինել պարտադրված եմ,
Այդ քաղցր գողի, որը դառնորեն կողոպտում է ինձ։
 
* Առաջին՝ 1609 թվականի հրատարակության մեջ, their-ը կրկնված է երկու անգամ․ «Excusing their sins more than their sins are»։ Սակայն հետագա հրատարակիչներից շատերը համարել են որ դա շարվածքի վրիպակ է եւ այդ դերանվան փոխարեն դրել են thy, իսկ հաճախ՝ նաեւ երկրորդ their-ի փոխարեն։ Թեեւ հոգեբանորեն անհավանական է թվում, որ մեկ տողում նույն բառը երկու անգամ շարվեր սխալմամբ։ Հետաքրքիր է նաեւ, որ հենց այս հնչյակում խոսվում է հասցեատիրոջ վրիպակների մասին։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Մի՛ վշտանա այլեւս այն բանի համար, ինչ արել ես.
Վարդերն էլ ունեն փշեր, իսկ արծաթյա աղբյուրները՝ տիղմ.
Արեւն ու լուսինն էլ ունեն իրենց խավարումները,
Եվ զզվելի որդն է բնակվում ամենաքաղցր կոկոնում:
Բոլոր մարդիկ էլ սխալվում են, եւ ես ինքս այս պահին,
Արդարացնելով քո մեղքերը՝ իմ սեփական համեմատություններով,
Ապականելով ինձ՝ քո զանցանքը ներելու համար,
Արդարացնելով քո սխալները ավելի շատ, քան պետք է:
Քո զգայական սխալին ես իմաստություն եմ տալիս,
Քո հակառակորդը դառնում է քո փաստաբանը սիրով,
Եվ ինքս իմ դեմ եմ սկսում մի դատավարություն,
Որտեղ սերն ու ատելությունը կռվում են իմ ներսում:

Ես պետք է դառնամ հանցակիցը այն գողի,
Որն անգթաբար թալանում է իմ ողջ հարստությունը:

Մի՛ տրտմիր երբեք չարածիդ համար,
Վարդը փուշ ունի, իսկ աղբյուրը՝ դիրտ.
Բիծ ունի նույնիսկ արեւ՜ը անմար
Եւ որդ՝ մինչեւ իսկ կոկո՛նը վարդի:
Անմեղ մարդ չկա՜,— մեղսոտ եմ եւ ե՛ս,
Որ թողությո՜ւն եմ տալիս քո մեղքին,—
Արդարացումներ հորինած պես-պես
Եւ ինձ թուլությամբ եղծելո՛վ կրկին:
Որպես պաշտպան եմ ես գալիս Ատյան,
Պաշտպանելով… իմ կողմին հակառա՛կ,
Եւ իմ մեջ, սիրո եւ ատելության
Այնպիսի մա՜րտ է սկսվում ներհակ,

Որ Ես պաշտպա՜ն եմ դառնում, աջակի՛ց
Այն գողի՛ն, որը… թալանո՜ւմ է ինձ:

(77)  Մի՛ ցաւիր երբեք այն բանին համար որ գործած ես դուն.
Վարդերը՝ փուշեր ունին, իակ արծաթ ցայտաղբիւրներն՝ ցեխ,
Ամպերը՝ ինչպէս ե՛ւ խաւարումներ՝ կը բծաւորեն
Լուսինն ու արեւ, նաեւ գարշելի որդը կը սընի
Ամենաքաղցրիկ կոկոնին ալ մէջ։
                                                                  Յանցանքներ ամէն
Մարդեր կը գործեն, եւ մինչեւ իսկ ես՝ նոյն յանցանքի մէջ,
Այլոց բաղդատմամբ քու մեղանչումներն արդարացնելով,
Ինքզինքըս մասամբ դատապարտելով, եւ քու զանցումներն
Ալ դարմանելով, եւ մեղքերը քու միշտ չըքմեղելով՝
Աւելի քան դուն զանոնք գործեր ես:
                                                                       Քանզի տռփական
Քու զանցումիդ մէջ իմաստ կը բերեմ – քու ընդդիմադիրդ
Ինքը կը դառնայ քեզի փաստաբան – եւ ես անձիս դեմ
Օրինաւոր դատ կը սկսիմ բանալ:
                                                                    Այնպիսի ներքին
Պայքար կայ սիրոյս, ատելութեանս մեջ, որ ես մեղսակից
Պարտիմ դառնալ զիս դաժան կողոպտող քաղցըր այդ գողին:

Մի՛ թախծիր երբեք արածիդ համար եւ լավ իմացիր.
Անփուշ վարդ չկա, զուլալ շատրվանն անգամ տիղմ ունի,
Միշտ չեն շողշողում արեւ ու լուսին երկնքում անծիր,
Ծաղիկների մեջ նստած է զազիր որդը գողունի:
Զի բոլոր մարդիկ մեղքեր են գործում, այդպես նաեւ ես,
Համեմատությամբ չարաշահելով քո անունը հար,
Մեղանչում եմ միշտ` լոկ դարմանելու քո մեղքերը վես,
Եւ գիշեր ու զոր թողություն խնդրում մեղքերիդ համար:
Քո զգայական մոլությունն եմ ես անվերջ չքմեղում,—
Այսպես թշնամիդ դատապաշտպան է հավետ կանգնել քեզ,—
Ի՛մ դեմ եմ միայն ես օրինավոր բողոքներ հղում,
Եւ սեր ու նողկանք պատերազմում են իրար դեմ այնպես,

Որ մնում է ինձ միայն մեղսակից դառնալ ակամայ
Այն անույշ գողին, որ թալանո՜ւմ է ինձնից անխնա:

Էլ ամեն անգամ արածիդ համար զուր մի´ փոշմանի:
Անփուշ վարդ չկա, ու տի´ղմ ա տակը զուլալ ախպրի:
Արեւ ու լուսնի անարատ դեմքը բազում բիծ ունի,
Չար որդը կարա ծաղկաբաժակն էլ լրիվ քրքրի:
Աշխարհը լիքն ա մեղսագործ մարդով: Ես էլ` իրանց մեջ:
Բա ո՞նց թարս նայեմ քու հանցանքներին կամ ծուռ քայլերին:
Ինքս ապական, միշտ կուլ եմ տալի մեղքերդ անվերջ,
Ներելով դրանք, ոնց որ գթասիրտ մի երկինք վերին:
Խոհերս անվերջ արդարացնում են քու զգայական
Մեղքե´րը բազում, ինձ դարձնում վկան — ի´մ թշնամության,
Ու ինքըս իմ դեմ հա´յց եմ հարուցում, մի հայց դատական,
Ու նույնամարմին էս պատերազմում սեր-ատելության:

Ե´ս, հենց ինքս ի´նձ, անվերջ դարձնում եմ հենց քե´զ հանցակից,
Ո´վ իմ քաղցր գող, որ թալանում ես — թշնամո´ւդ, հենց ի´նձ:

Թող քեզ այլեւս չտանջեն մեղքերդ․
Աղբրում կա տիղմ եւ վարդն ունի փշեր․
Ամպում են եւ լուսինը եւ արեւը,
Եւ քաղցրագույն պտղում կապրեն որդեր։
Բոլորն են սխալվում, ու նաեւ ես՝
Բաղդատությամբ քո մեղքը մեղմելով,
Ինձ պղծելով հարթում եմ վրեպդ այսպես՝
Քեզ ավելին, քան հարկ է ներելով․
Քո զգացմունքով եմ մեղքդ բացատրում,
Եւ քո ներհակն է այժմ փաստաբանդ,
Եւ ինքս իմ դեմ ես հայց եմ հարուցում․
Այնպես են մարտնչում իմ սերն ու ատը,

Որ ակամա դառնում եմ հանցակից,
Անուշ գողին, որ կողոպտում է ինձ։