Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Let those who are in favour with their stars
Of public honour and proud titles boast,
Whilst I, whom fortune of such triumph bars,
Unlooked for joy in that I honour most.
Great princes' favourites their fair leaves spread
But as the marigold at the sun's eye,
And in themselves their pride lies buried,
For at a frown they in their glory die.
The painful warrior famoused for fight,
After a thousand victories once foiled,
Is from the book of honour rased quite,
And all the rest forgot for which he toiled:
 
Then happy I that love and am beloved,
Where I may not remove, nor be removed.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Թող նրանք, ովքեր բարեհաճության մեջ են իրենց աստղերի
Հանրային պատվով եւ հպարտ անուններով պարծենան,
Մինչդեռ ես, ում բախտը այդպիսի փառքից արգելափակված է,
Անտեսված, ուրախանում եմ այն բանով, ինչը ես մեծարում եմ առավել:
Մեծ իշխանների ընտրյալները իրենց չքնաղ տերեւներն են տարածում,
Բայց ինչպես վաղենիկը արեգակի աչքի տակ,
Եւ իրենց մեջ իրենց հպարտությունը թաղված է,
Որովհետեւ խոժոռ հայացքից նրանք իրենց փառքի մեջ մեռնում են:
Հոգնաբեկ մարտիկը, որը փառավորված էր մարտերով,
Հազար հաղթանակներից հետո մեկ անգամ ձախողված,
Պատվո գրքից ջնջվում է իսպառ,
Եւ բոլոր մնացածը մոռացվում է, ինչի համար նա չարչարվել էր.
 
Ապա երջանիկ եմ ես, որ սիրում եմ եւ սիրված եմ,
Որտեղից ես չեմ կարող ո՛չ հեռանալ, ոչ էլ հեռացվել:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ով իր փայլուն աստղի մոտ ունի պատիվ ու հարգանք,
Նա հանրային տիտղոսով եւ փառքով է պարծենում.
Իսկ ես՝ վսեմ ավելի մի հարգանք եմ վայելում,
Թեեւ ընդմիշտ բախտամերժ՝ չունեմ նման հաղթանակ:
Իշխանները մեծամեծ՝ սաղարթները տարածած
Ծաղիկների են նման աչքերի տակ արեւի,
Որոնց փառքը մեռնում է իրենց անձի մեջ թաղված,
Բայց հոնքի մի կիտումով այդ սին փառքը կմեռնի:
Զորավարը լավագույն՝ դափնիներով պսակված,
Եթե վերջին մարտերում պարտվի գեթ մի անգամ,
Պատվո գրքում անունն իր պիտի տեսնի ջնջըված
Եվ չեն հիշվի էլ նրա սխրանքները մարտական:

Երջանիկ եմ, ուրեմն, որ սիրում եմ եւ սիրվում,
Որ կմնամ անմոռաց ապագա բյուր դարերում:

Նա՛, ով աշխարհ է եկել աստղի ներքո բախտավոր,
Թող պարծենա իր փառքո՛վ, տիտղոսներով գերագույն,
Զրկե՜լ է ինձ բախտը չար շնորհներից այդ բոլոր,
Եւ սե՜րն է իմ միակ փա՛ռքն ու պարգեւ՛ը լավագույն:
Արքայազուն-Արեւի ընտրյալները բախտավոր
Դալարում են ծաղկի պես նրա լույսի տակ անամպ,
Բայց թաղվո՜ւմ է նրանց հետ եւ նրանց փառքն անցավոր,
Հենց որ Արեւը կիտի իր նոթերը պատահմամբ:
Մարտերի մեջ հռչակված զորավարը փառավոր
Հերի՜ք է, որ մի անգամ պարտվի՝ օտար զորքերից,
Եւ մոռանո՜ւմ են նրա հաղթանակները բոլոր,
Զրկո՜ւմ տիտղոս-պաշտոնից, ջնջո՜ւմ պատվո գրքերից:

Ինչքա՜ն եմ ես բախտավոր, որ սիրվում եմ եւ սիրում,
Ոչ դիրք է սա, ոչ պաշտոն, որից զրկե՜ն աշխարհում:

(3) Անոնք որոնք հաշտ են իրենց աստղերուն հետ թող պարծին
Իրենց հպարտ տիտղոսներով, պատիւներով հանրային,
Մինչ ես, որուն բախտն է զրկեր դափնիներէ այսպիսի,
Կը վայելեմ ա՛յն զոր պատուել ամէնէն շատ կը սիրեմ։

Իչխաններու սիրելիներն իրենց դափնիքն էն սփռեր,
Բայց զերթ ծաղկունք կարմրադեղին որ արեւին աչքին դէմ
Հպարտությիւնն իրենց թաղած իրենց սրտին, ներսիդին,
Մէկ նայուածքի պըռըստումէն իրենց փառքով կը մեռնին։

Այս ցաւատանջ պատերազմին արժանիքով համբաւուած
Հազարավոր յաղթանակի դիմաց եթէ մէկ անգամ
Ան ձախողի, Պատուոյ Գիրքէն անունն անոր կը ջնջեն,
Եւ ամէն ինչ որուն համար կեանքն իր զոհեց՝ չի հիշուիր։

           Երանելի եմ որ կրնամ նաեւ սիրել ու սիրուիլ,
           Զերծ ջնջելու պարտադրանքէն, ջընջըւելու երկիւղէն։

Թող նրանք, ովքեր սիրահարված են աստղերին իրենց,
Փառքով պարծենան եւ տիտղոսներով իրենց հանրային.
Ճակատագիրը արգելել է ինձ ցնծությունն այդ մեծ,
Անփառությա՛ն մեջ ես պիտի փնտրեմ բախտն իմ երկրային:
Մեծ իշխանների սիրելիները թավշածաղկի պես
Բացում են իրենց չքնաղ տերեւներն այս արեւի տակ.
Պատվասիրությունն իրենց սրտերում թաղվում է այսպես,
Եւ խոժոռադեմ հայացքից իսկույն մեռնում են նրանք:
Թե քաջ զորապետն՝ իր մարտարվեստով հռչակի արժան,
Բազում բանակներ ընկճելուց հետո պարտվի անպատիվ,
Ջնջում են նրա անունը պատվո գրքերից այդժամ՝
Հար մոռանալով նրա մարտական սխրանքներն անթիվ:

Երջանի՜կ եմ ես, որ սիրում եմ եւ սիրվում անդադար,
Երբ չեմ մոռանում ու չեմ մոռացվում սիրելուս համար:

Թո որ պարծենան իրանց աստղերով՝ բախտի ուղեցույց,
Փառապանծ զարմով, տիտղոս ու դիրքով, գոռ, ազնվական,
Ես դարդ չեմ անի, որ ճակտիս գիրը չա´ր ա անթաքույց,
Ոչ էլ կդառնամ նեղսիրտ ու նախանձ, կամ անբավական:
Հզոր արքայի սիրեցյալները շա´տ բուռն են ծաղկում,
Բայց վարդի´ նման, ով առանց գարուն թոշնո´ւմ ա իսկույն:
Սրանց գարունը հավերժական չի´, ու շուտ ա թաղքում —
Արքան խոժոռվեց, սրանց նարոտը դառնում ա անգույն:
Հազար մարտ շահած գոռ զորավարի պատվին պանծալի
Ինչքան էլ շեփոր ու ծնծղա հնչեն, կամ ուռռա կանչեն,
Մի´ անգամ պարտվեց, փառքը կդառնա էրա´զ անցյալի:
Փառք, զարմ, աստիճան — անցողի´կ են միշտ: Սրանք ինձ պետք չեն:

Մի´ բան եմ ուզում, սիրե´մ ու սիրվե´մ, ու ընե´նց վառվենք,
Որ ոչ ե´ս, ոչ դո´ւ — մեր սիրո հրից երբեք չսպառվենք:

Ում նկատմամբ աստղերը բարեհաճ են
Թող պարծենան կոչմամբ եւ պաշտոնով,
Իսկ իմ բախտով ճամփաս փառքից զատված է․
Անտես եմ, բայց ես գոհ եմ դրանով։
Մեծ տերերի սիրեցյալներն աճում են,
Ինչպես վաղենիկներն արեւ տեսած,
Սակայն գոռոզությունն իրենց կորչում է՝
Տիրոջ խիստ հայացքով փառքից զրկված։
Եւ հոգնաբեկ, բայց փառավոր զինվորը,
Հազար հաղթանակից հետո պարտված,
Պատվո գրքից անվերադարձ ջնջվում է,
Ամբողջ մեծ վաստակով իր մոռացված։

Ու երջանիկ եմ ես՝ սիրված, սիրող,
Եւ չի լինի ինձ սրանից զրկող։