Մահվան անդորրն եմ տենչում այս ամենից ես հոգնած․
Երբ տեսնում եմ արժանին՝ թշվառության մեջ ծընված,
Եւ գոսնելի ոչնչին՝ մետաքսներում զարդարված,
Եւ լուսեղեն հավատը՝ նենգորեն գետնահարված,
Եւ պատիվը ոսկեզօծ՝ անպատիվ մարդուն տըրված,
Եւ անբիծ առաքինին՝ վայրենաբար պըղծված
Եւ կատարյալը վսեմ՝ անիրավ վարկաբեկված,
Եւ ուժը կաղ վարչությամբ՝ զորությունից զըրկըված,
Եւ արվեստը բռնությամբ՝ լեզվակապ ու լըլկըված,
Եւ ապուշը հանց գիտուն՝ վերակացու հանճարին,
Եւ ճշմարիտ անսքող՝ տխմարություն հորջորջված,
Եւ իշխան չարի առաջ՝ ծնկաչոք ըստրուկ բարին։
Այս ամենից ես հոգնած մահվան անդորրն եմ տենչում,
Բայց, սե՜ր, ինչպե՞ս քեզ լքեմ, ա՜խ, այդ ցավն է ինձ տանջում։