Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Love is too young to know what conscience is,
Yet who knows not conscience is born of love?
Then, gentle cheater, urge not my amiss,
Lest guilty of my faults thy sweet self prove.
For, thou betraying me, I do betray
My nobler part to my gross body's treason:
My soul doth tell my body that he may
Triumph in love; flesh stays no farther reason;
But rising at thy name doth point out thee
As his triumphant prize. Proud of this pride,
He is contented thy poor drudge to be,
To stand in thy affairs, fall by thy side.
 
No want of conscience hold it that I call
Her 'love' for whose dear love I rise and fall.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Սերը շատ երիտասարդ է, իմանալու համար, ինչ է խիղճը,
Բայց ո՞վ չգիտի, խիղճը ծնվում է սիրուց։
Ուստի, նուրբ խաբեբա, մի՛ շեշտիր իմ զանցանքը,
Որ մեղավոր իմ մեղքերի համար, քո քաղցր անձը չլինի։
Քանզի դու մատնում ես ինձ՝ ես մատնում եմ
Իմ ազնիվ մասը իմ կոպիտ մարմնի դավաճանությանը.
Իմ հոգին ասում է իմ մարմնին, որ նա կարող է
Հաղթել սիրո մեջ․ մարմինը չի սպասում հետագա պատճառաբանության․
Այլ, բարձրանալով քո անվան հետ, ցուցում է քեզ,
Որպես իր հաղթական մրցանակի։ Հպարտ այս վերընթացով,
Նա բավարարված է քո խեղճ բանվորը լինելով,
Կանգնելով հանուն քո գործերի, ընկնելով քո կողքին։
 
Պակասություն խղճի մի համարիր այն, որ ես անվանում եմ
«Սեր» ներան, հանուն որի թանկագին սիրո ես ելնում եմ եւ ընկնում։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Սերը շատ է դեռատի խղճի խայթը ճանաչել,
Թեեւ խիղճը սրտի մեջ ծնվել է հենց նույն սիրուց.
Արդ, խորամա՛նկ, մի՛ ասա, թե լոկ ես եմ մեղանչել,
Եւ մի փորձիր խույս տալու մեղքերս ինձ հետ կիսելուց։
Դու ես ազնիվ իմ հոգին հրապուրում ու մղում
Կոշտ մարմինս քարշ տալու դավերի մեջ տմարդի.
Հոգիս համառ պնդում է, որ սիրո մեջ կհաղթի,
Բայց իմ անզոր մարմինը նրան լսել չի ուզում։
Սակայն ի լուր քո անվան աչքը քեզ է նա հառում,
Նայում է քեզ իբրեւ այդ հաղթանակի իր զոհին,
Հպարտության մեջ արբշիռ՝ ծնրադիր է նա լինում,
Եւ ոտքերիդ մոտ ընկնում իբրեւ խոնարհ քո գերին։

Ուրեմն՝ մի՛ մեղադրիր, թե ես խղճի խայթ չունեմ,
Քանզի վեր եմ ելնում ես, որ վերստին վայր ընկնեմ։

Սերը շա՜տ է դեռատի, որ խղճի խայթ ունենա,
Թեեւ, հայտնի՛ է վաղուց՝ խիղճը սիրուց է ծնվել.
Ուրեմն մի՛ նախատիր մեղքիս համար ինձ բնավ,
Թե չե՜ս ուզում ակամա ինձ մեղսակից համարվել…
Եթե դու ինձ նախատես, ես կմատնեմ աշխարհին,
Թե դո՛ւ ես ինձ գայթակղում, քաշում մահիճը մեղքի,
Հոգիս հուշում է մարմնիս, թե նա ուզածն իր կանի,
Եւ նա էլ չի՜ վախենում խղճի խայթ ու արգելքից…
Քո անունը լսելով, նա իսկույն վե՜ր է հառնում,
Տիրելով քեզ՝ տռփանքի իր հաղթական ավարին,
Ապա, հլու-հնազանղ, քո խեղճ ստրուկը դառնում՝
Ելնելով ու ընկնելով հանուն քեզ ու քո շահի…

Մի՜ նախատիր, որ ես դա կյանքում սե՜ր եմ անվանում,—
Չէ՞ որ սիրույդ համար է նա ընկնում ու բարձրանում։

(130) Սէրն երիտասարդ է շատ՝ գիտնալու ի՞նչ է խըղճմտանք,
Բայց ո՞վ չի գիտեր խըղճմտանքն ինքնին ծընունդն է սիրոյ։
Ուրեմըն ո՛վ դուն՝ մարդասէր խաբող, սխալիս վըրայ
Դուն մի՛ ծանրանար, որպէս զի չըլլայ թէ իմ սխալներս
Քաղցըր անձիդ դէմ փաստեր յանցանքի իբրեւ գործածուին։
Զի թէ զիս դըժես, իմ ազնըւագոյն մասը ես մատնած
Կ՚ըլլամ անճոռնի իմ այս մարմինիս դաւաճանութեան։

Հոգիս մարմինիս կ՚ըսէ թէ գուցէ ինքը սիրոյ մէջ
Կը յաղթանակէ. մարմինն աւելի տրամաբանութիւն
Գործածել չունի, բացի անունիդ ձայնը երբ լըսէ
Ոտքի կը կանգնի եւ քեզ մատնանիշ կ՚ընէ մի միայն
Իբր իր յաղթութեան մըրցանակ շահած. այս հըպարտութեամբ
Հըպարտանալով, գոհ է կոչուելու խեղճ ըստրուկը քու,
Արարքներուդ մօտ կանգնած մընալու, կողքիդ իյնալու։

Ոչ մէկ խղճի խայթ որ զինք կը կոչեմ «իմ սէրըս», որուն
Թանկագին սիրոյն համար անվարան կը կանգնիմ, կ՚իյնամ։

Ջահել է սերը եւ չի հասկանում, թե ինչ է խիղճը,
Բայց ո՞վ չգիտի, որ խիղճը սիրո ծնունդ է, որ կա։
Անուշ խաբեբա, մի՛ քննիր դու իմ սխալն ու ճիշտը,
Որ մեղքերիս մեջ չունենաս դու քո բաժինն ակամա։
Թե դավես դու ինձ, ա՜խ, ես ինքս ինձ կդավեմ հավետ
Եւ ազնիվ հոգիս մեղսավոր մարմնին կյանձնեմ անվերջ,
Մինչդեռ իմ հոգին չի համաձայնում մեղսոտ մարմնի հետ
Եւ ընդունակ է, ի հեճույս նրա, հաղթել սիրո մեջ։
Բայց ամեն անգամ իմ հոգին քեզ է մատնացույց անում
Որպես իմ շահած գանձը թանկարժեք, եւ գանձով հպա՛րտ
Խոնարհ ծառայի կոչումով է նա անվերջ գոհանում,
Որ, գիշեր ու զոր քեզ հետ լինելով, երջանիկ է շատ։

Ուրեմն սերը խղճի պակասից չի ապաշխարում,
Զի խիղճը սերն է, որի համար եմ ապրում աշխարհում։

Սերը մանո՛ւկ ա*, ո՞նց ճիշտ իմանա արժե՛քը խղճի։
Բայց ո՞վ իմանա, որ հենց խի՛ղճը չի ծնողը սիրո։
Ուրեմն դու ինձ, քնքո՛ւշ սրիկա, մեղսոտ մի՛ կոչի,
Մեղքիս աղբյուրը ման արի հենց քո՛ւ հնոցում հրո։
Կի՞րք ես հարուցում։ Քեզ հետեւելով, ես նո՛ւյնն եմ անում,
Դավաճանում եմ անաղա՛րտ մասին — իմ վավաշ մարմնի։
Սա ենթարկվում ա հոգուս պատվերին ու չի՛ վարանում —
Հաղթահանդեսի խնջույք ա անում, լո՛ւռ ու արթմնի։
Դատողությունից միսըս անջատ չի՛ — անունդ առնում,
Հելնում ա ոտի, քե՛զ ա սեւեռվում, որ ավա՛րն առնի,
Ու ձիգ ու հպարտ, գոհ ու սլացիկ, ճորտի պես բանում,
Կողքդ ա փռվում, որ հետո նորից — հպարտ սավառնի։

Ասո՞ւմ եմ, չէ՞, ես — հե՛ս ա խիղճն իրա։ Ձգվի, թե գայթի,
Տերն եմ է՛ս սիրո, որ նշույլ չունի խղճի մի խայթի։

* Էրոսը։ Էս կոպիտ սոնետի մասին» տես նախաբանը։

Մանուկ է սեր, որ խիղճը ճանաչի,
Բայց մենք գիտենք․ խղճի ծնողն է սերը։
Իմ նուրբ սուտլիկ, զանցանքն իմ մի՛ շեշտի,
Որ մեղավոր քեզ չդարձնեն մեղքերս։
Զի դու մատնում ես ինձ՝ եւ ես մատնում եմ
Ազնիվ իմ մասը բիրտ մարմնիս դավին.
Երբ իմ հոգին, ահա, մարմնիս ասում է,
Որ կհաղթի սիրում․ եւ այդ պահին․
Անվամբ քո նա ելնում է, քեզ ցուցում,
Որպես իր պարգեւի։ Եւ առավել,
Բավարարված է նա, որ քեզ հանուն
Կարող է միշտ կանգնել, կողքիդ ընկնել։

Անխիղճ չեմ, որ ներան եմ «սեր» կոչում,
Հանուն որի ելնում եմ եւ ընկնում։