3

3

Look in thy glass and tell the face thou viewest,
Now is the time that face should form another,
Whose fresh repair if now thou not renewest,
Thou dost beguile the world, unbless some mother.
For where is she so fair whose uneared womb
Disdains the tillage of thy husbandry?
Or who is he so fond will be the tomb
Of his self-love to stop posterity?
Thou art thy mother's glass, and she in thee
Calls back the lovely April of her prime;
So thou through windows of thine age shalt see,
Despite of wrinkles, this thy golden time.

But if thou live rememb'red not to be,
Die single, and thine image dies with thee.

Տողացի թարգմանություն (Ռ․ Թ․)

Նայի՛ր քո հայելուն եւ ասա դեմքին, որ դու տեսնում ես․
Հիմա ժամանակն է, ադ դեմքը ձեւավորի մեկ այլը,
Ում թարմության վերականգնումը եթե այժմ դու չես նորացնում,
Դու խաբում ես աշխարհին, ոչ երանելի ես դարձնում ինչ-որ մոր:
Որովհետեւ ո՞ւր է նե այդքան չքնաղ, ում չհերկած արգանդը
Արհամարհի վարումը քո հողագործության:
Կամ ով է նա այդքան հիմար, որ դառնա գերեզմանը
Իր ինքնասիրահարվածության, ընդհատելով սերունդը:
Դու քո մոր հայելին ես, եւ նա քո մեջ
Ետ է կանչում սիրելի ապրիլը իր ծաղկունքի.
Այդպես էլ դու պատուհանով քո տարիքի կտեսնես,
Չնայած կնճիռներին․ սա քո ոսկի ժամանակն է:

Բայց եթե դու ապրում ես, չհիշվելու, որ եղել ես,
Մեռի՛ր միայնակ, եւ քո պատկերը կմեռնի քեզ հետ:

Գեւորգ Էմին

Նայիր հայելուն և ասա քեզ ու քեզ նմաններին,–
«Ժամանա՛կն է, որ այս դեմքն իր նման մի դե՛մք ծնի նոր»,
Զի, եթե անդարձ կորչի ալ գույնը քո վաո այտերի,
Մեզ կթալանե՜ս և օրհնությունից կզրկե՛ս մի մոր:
Ո՞վ է այն չքնաղ գեղուհին, ասա՛, որը չուզենար,
Որ քեզ պես մեկը իր կույս արգանդի պտուղը քաղի,
Եվ կամ՝ ո՞վ է այն ինքնասիրահար ջահե՛լը հիմար,
Որ իր սերունդը եսասիրության շիրիմում թաղի…
Դու քո չքնաղ մոր հայելին ես պերճ, և մայրդ բարի
Տեսնում է քո մեջ վառ ապրիլներն իր ջահել օրերի,
Ճիշտ այդպես և դո՛ւ, ի հեճուկս խոր քո կնճիռների,
Գարուն կտեսնես՝ ձյունոտ տարիքիդ պատուհաններից.

Իսկ թե մոռացման համա՛ր ես ապրում փուչ ու անհեթեթ,
Կմեռնես մենա՛կ, և քո պատկե՛րն էլ կմեռնի քեզ հետ…

Սամվել Մկրտչյան

Նայիր հայելուն եւ խոստովանիր քեզ նայող դեմքին`
Այն ժամն է հասել, որ դու ունենաս քո կրկնորդը նոր.
Իսկ թե երբեւէ չկերտես կյանքում քեզ նման մեկին,
Աշխարհին խաբած` դու օրհնությունից  կզրկես մի մոր:
Որտե՞ղ է արդյոք այն գեղեցկուհին, ում ընդերքն անվար
Չուզենա հանկարծ քո սերմնացուներն իր հողում պահել.
Եւ կամ ի՞նչ է նա, որ դառնում է մի գերեզման անմար
Ինքնամոլության եւ չունի ժառանգ` իր տեսքին վայել:
Չե՞ որ ծնողիդ հայելին ես դու, եւ մայրդ քո մեջ
Տեսնում է կրկին իր ջահելության ապրիլը վսեմ:
Եւ դու ծերության պատուհաններից  կտեսնես անվերջ
Ոսկե օրերդ, ու կնճիռներդ չեն թվա նսեմ:

Բայց թե ապրում ես, որ քեզ մոռանան մարդիկ առհավետ,
Մահացիր մենակ, ու քո պատկերը  կմեռնի քեզ հետ:

Մերուժան Հարությունյան

Հայելուն նայի, ասա պատկերիդ. «Արդեն վախտն ա որ
Դիմագծերըս նորի´ց արարեմ»: Թե հիմի չանես,
Հուսախաբ կըլնես, չես դարձնի ազգդ գոռ ու բախտավոր,
Ու մի մայրացու օրհնանքի տեղը կստանա անեծք:
Բա կա՞ մի Եվա, արգանդով խոպան, ով անտեսելով
Հողագործական ջանք ու տքնանքդ, եռանդըդ մերժի:
Կամ քեզ ի՞նչ ասեմ, երբ որոշել ես շիրիմը դառնաս
Քու «ես»-ի´ սիրո: Դու դեմ ես շարժի´ն, բայց ախր չարժի´:
Քու մոր հայելին էսօր հենց դո´ւ ես: Ինքը, անընդմեջ,
Երբ նայում ա քեզ, իրա´ն ա տենում – դալար, ծաղկազարդ:
Բայց կարար օ´ր գար, երբ դո´ւ, կնճռապատ, հենց նո´ւյն հայլու մեջ
Տենայիր հենց քե´զ, քո´ւ իսկ գարունը, հանգիստ ու անդարդ:

Բայց թե ապրում ես, որ մի օր մեռնես առանց հիշատակ,
Գրողի ծոցը, անշառավիղ էլ իջի հողի տակ:

Ռուբէն Թարումեան

Ասա դեմքին, որ հայելում տեսնում ես,
Եկել է ժամ կերտել այն նոր մարմնում,
Իսկ այլապես՝ աշխարհն արհամարհում ես,
Ինչ-որ մի մոր ես դու դժբախտացնում։ 
Եւ ո՞ւր է նե, ում անաղարտ ալուցքը
Քո հերկագործությունը չվերցնի։
Կամ ո՞վ է նա, ում եսասեր մոլուցքը
Անմիտ դարձնի՝ սերունդը կասեցնի։
Դու հայելին ես մորդ ու քեզնով
Նա իր կյանքի Ապրիլն է հետ դարձնում․
Եւ դու կնճռոտ տարիներիդ միջով,
Քեզ կտեսնես ոսկի այս օրերում։

Բայց թե կապրես, որ չհիշվես հավետ,
Մեռի՛ր մենակ, պատկերն էլ քո քեզ հետ։