Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Whilst I alone did call upon thy aid,
My verse alone had all thy gentle grace,
But now my gracious numbers are decayed,
And my sick Muse doth give another place.
I grant (sweet love) thy lovely argument
Deserves the travail of a worthier pen,
Yet what of thee thy poet doth invent
He robs thee of, and pays it thee again:
He lends thee virtue, and he stole that word
From thy behaviour; beauty doth he give,
And found it in thy cheek; he can afford
No praise to thee but what in thee doth live.
 
Then thank him not for that which he doth say,
Since what he owes thee, thou thyself dost pay.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Մինչ ես միայնակ կանչում էի քո օգնությունը,
Իմ տաղերը միայնակ ունեին ամբողջ քո նուրբ գեղությունը,
Բայց հիմա իմ նրբագեղ համարները քայքայված են,
Եւ իմ տկար Մուսան տալիս է ուրիշին տեղը:
Ես համաձայն եմ (քաղցր սեր)․ քո սիրելի նյութը
Արժանի է ջանքերին ավելի արժանավոր գրչի,
Այնուամենայնիվ, ինչ քեզ քո բանաստեղծը հորինում է,
Նա գողանում է քեզնից եւ վճարում է այն քեզ կրկին․
Նա հանձնում է քեզ առաքինություն եւ նա գողացել է այդ բառը
Քո պահվածքից. գեղեցկություն է նա տալիս,
Եւ գտավ այն քո այտին. նա չի կարող տալ
Ոչ մի գովեստ քեզ, բացի նրանից, ինչ քո մեջ ապրում է:
 
Ուստի շնորհակալ մի եղիր նրան, այն բանի համար ինչ նա ասում է.
Քանզի այն, ինչ նա քեզ պարտք է, դու ինքդ ես վճարում:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Քանի դեռ ես միմիայն դիմում էի քո ուժին,
Քերթվածներս միայն քո ձիրքերն էին զարդարում
Այժմ չքնաղ երգերիս վիճակված է կործանում,
Եվ հիվանդոտ իմ մուսան տեղն է զիջում ուրիշին:
Գիտեմ, ազնիվ բարեկամ, որ դու նյութ ես անսպառ,
Եվ արժան ես պերճախոս, հմուտ գրչի ներբողին,
Բայց այն, ինչ որ պոետը հնարում է իր համար,
Գողանում է քեզանից, քո ձիրքերից թանկագին:
Նա գեղեցիկ ու ազնիվ քո հոգին է մեծարում,
Բայց քո վարք ու բարքից է այդ բառերը գողացել,
Շքեղ գույնով այտերիդ՝ քո հմայքն է նա պճնում,
Եվ չի կարող քեզ ուրիշ գովասանքներ մատուցել:

Նրա հանդեպ դու բնավ երախտապարտ մի՛ եղիր,
Քանի որ նա քեզ միայն հատուցում է պարտքը իր:

Երբ ե՛ս էի լոկ քեզնով ներշնչվում ու քեզ գովերգում,
Իմ տողե՛րն էին միայն քեզանով ապրում ու շնչում,
Իսկ հիմա, ավա՜ղ, իմ հանգն ու վանկը դարձել են դժգո՜ւյն,
Եւ իմ խե՜ղճ Մուսան ուրիշ երգչի է իր տեղը զիջում.
Ես գիտեմ, իմ սեր,— արժանի՜ է քո էությունը խոր
Մի շա՜տ ավելի ձիրքառատ երգչի՝ քան իմ երգն ու ես.
Բայց ինչ քո մասին երկնում է քո նոր երգիչը այսօր,
Քեզնի՜ց է առնում ու երգով նորից ե տ է տալիս քեզ:
Նա «չքնա՜ղ» բառը գողանում է քո հմայիչ դեմքի՛ց,
«Առաքինի՛ն»— քո վարք ու բարքի՛ց է, անշուշտ, գողանում
Եւ անկարո՜ղ է քեզ տալ որեւէ հատկություն եւ գիծ,
Որ դու չունենաս արժանիքներիդ ճո՜խ գանձարանում…

Ուրեմն արժե՞ նրա ներբողին գովքեր շռայլել,
Երբ ա յն, ինչ որպես պա՜րտք է նա տալիս՝ դու ի՛նքդ ես տվել:

(54) Մինչ առանձին քու օգնութիւնըդ խընդրեցի,
Միայն քերթուածն իմ ունէր քու շնորհներն ամբողջ.
Բայց արդ տողերն իմ շնորհալի աւերուած են,
Եւ իմ հիւանդ Մուսաս հիմա ա՛յլ տեղ դարձեր:

Քաղցըր իմ սէր, նկարագրել քեզ կը վայլէ
Արժանաւոր գըրող-գըրչի մը երկունքին.
Բայց բանաստեղծն քու մասին ինչ որ հընարէ
Միայն քեզմէ կը գողանայ, եւ ետ քեզի
Կը վճարէ: Առաքինի քեզ կը ցուցնէ
Եւ այդ բառն իսկ գողանալով քու կենցաղէն:

Գեղեցկութիւնն որ քեզ կուտայ, քու այտերուն
Մէջ զայն գտաւ: Ինչ որ անձիդ մէջ կը բնակի,
Միմիայն զա՛յն կրնայ գովել: Իր ըսածին
Համար իրեն շընորհակալ մի՛ լինիր դուն:

Քեզ պարտական ինչ որ նա է, դուն ինքըդ ես
Զայն վըճարող իր փոխարէն ազնըւօրէն:

Երբ ես մեն-մենակ քեզ էի անվերջ կանչում օգնության,
Քո մեղմաբարո վսեմությամբ էր իմ երգը շնչում,
Բայց հիմա, երբ իմ վհատ երգերի ժամն է հոգնության,
Իմ հիվանդ մուսան ուրիշներին է իր տեղը զիջում:
Խոստովանում եմ, որ քո պերճաշուք նյութը, սիրելիս,
Արժանի է միշտ ավելի վսեմ գրչի տքնանքին,
Բայց քո երգիչը, իր հլու երգով քեզ գովերգելիս,
Քեզնի՛ց է խլում ու քե՛զ վճարում իր պարտքը անգին.
Տալիս է պարտքով առաքինություն, որ խլել է նա
Քո անբիծ վարքից,- գեղեցկություն է պարգեւում անշեջ,
Բայց պերճությունը նա գտել է քո այտերի վրա,
Եւ անզոր է նա այն գովաբանել, ինչ չկա քո մեջ:

Դու շնորհակալ մի եղիր, որ նա գովք է մատուցում,
Զի պարտքը նրա ինքդ քեզ ես դու միայն հատուցում:

Երբ քու կերպարը շունչ ու ակունքն էր մենակ ի´մ գրի,
Ի´մ տողերն էին նրբագեղ տեսքիդ արտացոլքը պերճ:
Իսկ էսօր արդեն հիվա´նդ ա Մուսաս: Բա էլ ո՞նց կրի
Նվազ ուսերին քու գեղեցկության հմա´յքը անվերջ:
Հա´ համաձայն եմ, ո´վ իմ քաղցր սեր, էդ նոր, ավելի
Վարպետ պոետը գովքդ երեւի շա´տ լավ ա անում,
Բայց ինքը, ախր, ինչ է´լ հորինի, հենց դո´ւ ես տալի:
Ինքն ինչ էլ գրի, քեզնի´ց ա խլում, գողանում, տանում:
Թե պատկերում ա առաքինի´ քեզ, բա դու արժան չէ՞ս —
Բա ունե՞ս արատ: Թե պատկերում ա քեզ չքնաղագե´ղ,
Կրկնում ա հենց քե´զ: Տեղով մեկ — գո´վք ես, վսե´մ, լուսէրես,
Ու քեզնից բացի չկա´ ուրիշ գովք — ավելի շքեղ:

Ու չմտածես, թե ինքը գովքդ աստծուց ա ճարե,
Ախր էդ գովքի շոր ու աստառին դո´ւ ես վճարե:

Մինչ ես մենակ՝ սատար էի հայցում,
Մենակ տաղերն իմ ունեին քո գեղը,
Բայց արդ իմ նուրբ տողերն են քայքայվում,
Եւ իմ տկար Մուսան զիջում է տեղը:
Գիտեմ ես, սեր․ կերպարդ սիրելի
Արժան է վարժ՝ ոչ իմ տկար գրչիս,
Բայց, ինչ էլ բանաստեղծդ հորինի,
Քեզնից է գողանում եւ քեզ տալիս․
Օժտում է քեզ ձիրքով, որ գողացված է
Քո պահվածքից. պերճանքդ է երգում,
Որ քո այտին գտավ. նրա ասածը
Արդեն իսկ բնակվում է քո անձում:

Եւ զուր ես դու իրեն շնորհակալում.
Զի պարտքն իր քեզ հենց դու ես վճարում: