Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
How oft, when thou, my music, music play'st,
Upon that blessed wood whose motion sounds
With thy sweet fingers, when thou gently sway'st
The wiry concord that mine ear confounds,
Do I envy those jacks that nimble leap
To kiss the tender inward of thy hand,
Whilst my poor lips, which should that harvest reap,
At the wood's boldness by thee blushing stand!
To be so tickled, they would change their state
And situation with those dancing chips,
O'er whom thy fingers walk with gentle gait,
Making dead wood more blest than living lips.
 
Since saucy jacks so happy are in this,
Give them thy fingers, me thy lips to kiss.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Որքա՜ն հաճախ, երբ դու, իմ երաժշտությունս, երաժշտություն ես նվագում,
Այդ օրհնված փայտի վրա, որի շարժումը հնչում է
Քո քաղցր մատների հետ, երբ դու նրբորեն կառավարում ես
Լարերի դաշնույթին, որն իմ ականջն է ցնցում,
Ես նախանձում եմ այդ ստեղներին, որ ժիր ցատկում են,
Համբուրելու քնքուշ ափը քո ձեռքի,
Մինչ իմ խեղճ շուրթերը, որ պետք է այդ բերքը հնձեն,
Այդ փայտի համարձակությունից քո ներկայությամբ շիկնած են մնում:
Լինելու համար այդքան շոյված, նրանք կփոխվեին իրենց դիրքով
Եւ դերով այդ պարող չոփերի հետ,
Որոնցով քո մատները զբոսնում են մեղմ քայլվածքով,
Դարձնելով մեռած փայտը ավելի երանելի, քան կենդանի շուրթերը:
 
Քանզի հանդուգն ստեղները այդքան երջանիկ են դրանում,
Տուր նրանց քո մատները, ինձ` քո շուրթերը, որ համբուրեմ:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ո՛վ իմ նվագ կենդանի, երբ քնքուշ ու մեղմորեն,
Մատներիդ տակ սխրալիր հնչյուններն ես դու ուղղում,
Որոնք կայտառ թրթիռով դաշներգում են քաղցրորեն,
Լսելիքս որքա՜ն ես դու կախարդում ու շոյում:
Նախանձում եմ ես նույնիսկ ստեղներին ոստոստող,
Որոնք այնքան երջանիկ՝ ձեռքիդ ափն են համբուրում,
Իսկ շուրթերն իմ սիրակեզ, երջանկության կարոտող,
Չնչին փայտի ժպիտից լոկ ապշում են ու շիկնում:
Որքա՜ն կուզեն շուրթերս շոյվել այդպես քնքշաբար,
Ստեղների հետ փոխել վիճակն իրենց թախծալի,
Որոնց վրա մատներդ կաքավում են հեշտաբար,
Որոնք իմ խեղճ շուրթերից երջանիկ են ավելի:

Բայց քանի որ շոյում ես լարերը չոր ու մեռած,
Տուր ինձ շուրթերդ ի համբույր, իսկ մատներդ տուր նրանց:

Երբ նվագում ես դու մեղմ,— իմ միա՜կ երգ ու նվագ,
Եւ ստեղները շոյո՜ւմ քո երգեցիկ մատներով,
Երբ, շոյված քո մատներից, կենդանանո՜ւմ են նրանք
Եւ իմ ականջը շոյում կախարդական ձայներով.
Ինչքա՜ն եմ ես նախանձում ստեղներին մոգական,
Որոնք ազա՜տ, համարձա՜կ քո մատներն են համբուրում,
Մինչ շուրթերս՝ համբույրիդ հավակնորդնե՛րն իսկական,
Նրանց հանդուգն արարքից շիկնում են լոկ ու լռում…
Ինչքա՜ն, ինչքա՜ն կուզեին իմ շուոթերը, սիրելիս,
Իրենց տեղերը փոխել ստեղների հետ ետին,
Որոնց մատները քո նուրբ երջանկությո՜ւն են տալիս,
Մինչ իմ շուրթերը դժբախտ տոչորվո՜ւմ են կարոտից…

Ի հեճուկըս այդ լկտի ստեղների՛ բախտավոր,
Տուր քո մատները նրա՛նց,— ինձ՝ շուրթե՜րդ մեղավոր…

(128) Քանի՜ անգամներ, դուն որ իմ երգն ես, երաժըշտութիւն
Երբ կը նըւագես այդ օրհնեալ տախտակ գործիքին վըրայ,
Որուն շարժումներն քաղցըր մատներովդ ձայներ կը հնչեն,
Երբ դուն շնորհալի մեղմ ճօճումներով, մետաղ լարային
Ներդաշնակութեան ելեւէջներով զիս կը հըմայես,
Ես կը նախանձիմ այդ ըստորակայ ստեղնամատներէն,
Որոնք կը ցատկեն արթուն ու ճկուն՝ քու փափուկ ձեռքիդ
Ափն համբուրելու, մինչդեռ իմ խեղճուկ շըրթունքներն լըքուած,
Որոնց իրաւունքն է քաղել այդ հունձք, քովըդ շիկնումով
Կանգնած կը մընան, դաշնամուր փայտին յանդըգնութեան դէմ։

Եւ այս հեշտանքէն, խըրտըղըտանքներէն, շըրթունքներս իրենց
Վիճակն ու զգացումը կը փոփոխեն այդ սահուն պարող
Ըստեղներուն հետ, որոնց վըրայէն մատներդ կը սահին
Փափուկ ընթացքով, մեռած այդ տախտակն աւելի օրհնեալ
Դարձնելով քան իմ կենդանի շըրթներս։
                                                                               Քանի՜ ժըպըրհող
Ըստեղներն այնպէ՛ս երջանիկ կը զգան այս կացութեան մէջ,
Տո՛ւր անոնց մատներըդ քու, բայց ինծի՝ շըրթունքներըդ տուր
Որ ես համբուրեմ։

Իմ անո՛ւշ նվագ, հիանում եմ ես, երբ ամեն անգամ
Օրհնյալ գործիքով հնչյուններ ես դու հանում քաղցրաձայն,
Սահուն մատներդ, ստեղների հետ դարձած բարեկամ,
Ներդաշնակությամբ իմ լսելիքն են խենթացնում միայն.
Նախանձո՜ւմ եմ ես այդ ստեղներին, որ ցատկոտելով
Քնքուշ ձեռքերիդ ափն են համբուրում մեղմ ու աննկատ,
Մինչ շուրթերը իմ, քաղցրահամ պտղին հեռվից նայելով,
Քաջ ստեղներից ամաչում են ու շիկնում անընդհատ:
Օ՜, շուրթերը իմ որքա՜ն են ուզում շոյվել նրանց պես
Եւ իրենց թշվառ վիճակը փոխել ստեղների հետ,
Որոնք շոյվելով երջանկանում են կատարելապես
Եւ իմ անկենդան շուրթերի դիմաց ողջանում հավետ:

Քանի որ նրանք չեն կարող երբեք դժգոհել բախտից,
Քնքուշ մատներդ նրանց տուր, անգին, իսկ շուրթերդ ինձ:

Ո´վ իմ մեղեդի, ինչքան հաճախ ես մեղեդիդ ածում
Քո սուրբ ու օրհնյալ փայտե գործիքի ստեղնաշարով:
Դալար մատներիդ խաղերն եմ լսում ու լուռ ակնածում,
Որ լսելիքիս նորից գոհացավ ձայների շարով:
Էդ ստեղները պարում են ասես, ու շարան-շարան,
Լկտի ու հպարտ, հերթով համբուրում, խուտուտ են տալի
Ձեռ ու մատներդ: էդ ի՞նչ շնորհ ա, վստահ, անվարան,
Ստիպում փայտին, որ կենդանանա, դառնա ցանկալի:
Ո´նց եմ նախանձում էդ ստեղների խաղերին ոլոր,
Որ համբուրում են քո մատ ու ձեռը: Այնինչ, անձա´յն են
Քու կողը կանգնած շուրթերը բորբոք, շիկնած ու մոլոր,
Ու ապուշ կտրած, իրա´նց են նայում: Լա´վ, համաձա´յն եմ,

Թո փառավորվե´ն էդ ստեղները, ճարպիկ, աներես —
Թո քու մատների տերն իրա´նք ըլնեն, շուրթերինը՝ ես:

–––––
*) Հայերենն ստիպեց, որ երկրորդ ու երրորդ քառատողների տեղերը փոխեմ:

Որքա՜ն հաճախ, իմ երգ, երբ նվագում ես,
Այդ օրհնված փայտի վրա, հնչող՝
Քո մատներով, երբ նրբորեն վարում ես
Դաշնույթը լարերի, ականջ շոյող,
Խանդում եմ ստեղներին, որ ժիր ցատկում են,
Համբուրելու նուրբ ափը քո ձեռքի,
Մինչ իմ շուրթերը, ապարդյուն շիկնում են,
Քաջությունից ինձ շրջանցած փայտի:
Եւ շոյվելու համար, նրանք ձգտում են
Տեղով փոխվել չոփերի հետ շարժուն,
Որոնց վրա մատներդ մեղմ զբոսնում են,
Փայտն անկենդան՝ երանելի դարձնում:

Զի երջանիկ են այդ խիզախ ստեղները,
Մատներդ տուր իրե՛նց, իսկ ինձ՝ շուրթերդ: