Տառաչափ՝
1 / 1
Բնագիր

But wherefore do not you a mightier way
Make war upon this bloody tyrant Time,
And fortify yourself in your decay
With means more blessed than my barren rhyme?
Now stand you on the top of happy hours,
And many maiden gardens, yet unset,
With virtuous wish would bear your living flowers,
Much liker than your painted counterfeit:
So should the lines of life that life repair
Which this time's pencil or my pupil pen
Neither in inward worth nor outward fair
Can make you live yourself in eyes of men:

To give away yourself keeps yourself still,
And you must live drawn by your own sweet skill.

1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ

Բայց ինչո՞ւ դուք մի ավելի զորեղ ուղով չեք
Պատերազմում ընդդեմ այս արնախում բռնակալի՝ Ժամանակի,
Եւ ամրացնում ինքներդ ձեզ քայքայումից 
Միջոցներով ավելի օրհնյալ, քան իմ սին տողերը:
Հիմա կանգնած եք գագաթին երջանիկ ժամերի,
Եւ շատ կուսական այգիներ, դեռ անտունկ,
Առաքինի ցանկությամբ կընդունի ձեր կենդանի ծաղիկները,
Շատ ավելի նման, քան ձեր նկարած կեղծիքը.
Այսպես պետք է որ գծերը կյանքի, կյանքը վերականգնեն*
Որը այս ժամանակի մատիտը կամ իմ աշակերտական գրիչը
Ոչ ներքին արժանիքը, ոչ էլ արտաքին գեղեցկությունը
Կարող է անել որ դուք ինքներդ ապրեք մարդկանց աչքերում.

Տալով ինքներդ ձեզ շարունակում եք պահպանել ձեզ,
Եւ դուք պետք է ապրեք պատկերված ձեր սեփական քաղցր հմտությամբ:

* Խրթին դարձված է։

1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ինչո՞ւ ավելի հզոր միջոցներով չես կռվում
Այս բռնակալ, ավերիչ Ժամանակի դեմ դաժան,
Եվ քո գեղեցկությունը չես պաշտպանում կործանումից
Ավելի արդյունավետ, քան իմ անզոր տաղերով:
Այժմ դու կանգնած ես քո երջանիկ գագաթին,
Եվ շատ կույս այգիներ՝ դեռ չմշակված ու խոպան,
Կցանկանային կրել քո կենդանի ծաղիկները,
Որոնք ավելի նման են քեզ, քան քո պատկերը անկենդան:
Այդպես կյանքի գծերը կնորոգեն քո կյանքը,
Որ ոչ Ժամանակի մատիտը, ոչ իմ անհմուտ գրիչը
Չեն կարող ներկայացնել մարդկանց աչքերին այնպես,
Ինչպես դու ինքդ կապրես քո սեփական որդու մեջ:

Քեզ ուրիշին տալով՝ դու քեզ կպահպանես հավետ,
Եվ կապրես քո սեփական հրաշք պատկերի հետ:

Բայց, ինչո՞ւ, ասա՛, դու ավելի սուր զենք չեն գործածում,
Ժամանակի՛ն, — այդ նե՛նգ բռնակալին հաղթելու համար,
Քան իմ խե՜ղճ ձոներն ու ներբողնե՜րը իմ մահկանացու,
Որոնք անզո՜ր են կուրծք տալ դավերին նրա անհամար:
Հիմա, երբ կյանքիդ զենիթում ես դու, ամուրի՛ իմ սեր,
Քանի՜ կուսական ու թարմ պարտեզներ՝ դեռ բերք չտված,
Սիրով կտենչան սնել քո ձեռքով ցանված ծաղիկներ,
Քեզ պե՛ս, քեզանից ավելի չքնա՛ղ եւ քեզնի՜ց սերված…
Այդ զենքո՛վ միայն կարող ես հաղթել դու ժամանակին,
Քանզի, եթե դու հույս դնես միայն գրչիս վրա խե՜ղճ,
Դժվա՜ր թե հասնի քո հմայքը սեգ գալիք սերընդին,
Եւ քո աչքերի լույսը շողշողա նրա աչքի մեջ:

Շարունակվո՜ւմ են միայն տրվելո՛վ ու նվիրվելո՛վ,
Եւ հավե՜րժ ապրում՝ իր զավակի մեջ միշտ նորոգվելով:

(12) Բայց ինչո՞ւ դուն ուժեղ կերպով չը հրաւիրես մարտակոչ
Այս բռնակալ, արիւնարբու Ժամանակին հակընդդէմ,
Ինքզինքդ ինչո՞ւ չը պաշտպանես դէմն աւերին, փտտումին,
Միջոցներով որ աւելի լինին օրհնեալ, քան ամուլ
Իմ յանկերգներն: Կանգնած ես այժմ երջանկութեան կատարին,
Եւ դեռ քանի՜ կոյս պարտեզներ, չը մշակուած, եւ պարկեշտ
Ցանկութիւնով պիտի ծընունդ տան կենսուրախ քու ծաղկանց,
Ննկարագեղ աւելի քան նմանատիպըդ կեղծող։

Նոյնապես կեանքի երակներով՝ կեանք ներարկող, նորոգող,
Ինքզինքիդ Հետ կրնաս ապրիլ՝ աչքերուն դէմ մարդերուն,
Զոր՝ ո՛չ մատիտն Ժամանակի եւ ո՛չ գրիչն իմ աշկերտի
Ներքին արժէքն ու արտաքին գեղեցկությիւնն պատկերել
Չըկարենան պիտի երբեք:

Տալով ինքզինքդ իսկ ոշրիշին Ինքզինքըդ դեռ կը պահես.
Եւ դուն ապրիս պիտի քու իսկ քաղցը տաղանդով պատկերուած:

Սակայն դու ինչո՞ւ չես փորձում գտնել զորավոր միջոց`
Ժամանակ կոչվող բռնակալի դեմ պատերազմելու,
Որ ինքդ լինես տարիների դեմ ամրակուռ ամրոց,
Եւ որ զենքը քո ավելին տա քեզ, քան երգերն հլու:
Կանգնել ես հիմա երջանիկ ժամիդ բարձր գագաթին,
Եւ կույս պարտեզներ, որտեղ դեռ ոչինչ չի սերմնավորված,
Այնպե՜ս են տենչում իրենց մեջ կրել քո ծաղիկն անգին.
Որ քեզ է նման եւ ո՛չ քո դեմքին դիմակավորված:
Դու լավ իմացիր, որ ժառանգն է սոսկ կյանքը նորոգում.
Իսկ ժամանակի վրձինը կամ իմ մատիտը անփորձ
Չեն հավերժացնի արժանիքները, որ կան քո հոգում,
Եւ չեն պահպանի մարդկանց աչքերում պերճությունն անգործ:

Դու չե՛ս մահանա` գեղեցկությունդ ուրիշին տալով,
Այլ հավետ կապրես քո իսկ հմտությամբ կերտած նկարով:

Բայց եթե ինքդ զորություն չունես՝ Ժամանակի պես
Դժնի տիրանին հանդիման ըլնես — առանց բարդության,
Կամ ավերմունքի գրոհին ընդդեմ հաղթ պարի´սպ քաշես,
Իմ խոսքը կըլնի զո´ւր ու անօրհնանք, խրա´տ պարտության:
Հմի բազմել ես քու աստեղային ժամի գագաթին:
Բազում կույս պարտեզ, քե´զ ա սպասում — նկարչի տեղակ
Ի´նքդ նկարես ծաղկունքը կյանքի´, զմրուխտե´, սաթի´,
Հենց քե´զ պատճենող, ճիշտ քո´ւ կերպարով, վա´րդ, հիրի´կ, մեխա´կ:
Ու շատ լավ կըլնի, որ պոետ կյանքը քեզ ընե´նց գրի
(Ինչը չի գրի անզոր գրիչը թե´ Ժամանակի,
Թե´ բանաստեղծի, որովհետեւ տեղյակ չի շնչի´ց քու հրի),
Ինչի տերն ըլնի գալիք ժառա´նգը քու նմանակի:

Տե´ս ինչ եմ ասում. անցնես ուրիշին, կդառնաս քերթող
Քո´ւ իսկ մատյանի: Էկողն էլ կըլնի էդ գիրքը թերթո´ղ:

Բայց դուք ինչո՞ւ ավել զորեղ ձեւով չեք
Այդ բիրտ Ժամանակին հակադրվում,
Ավել օրհնյալ կերպով, քան սին տողերս,
Քայքայումից ձեզ չես պատսպարում։
Հիմա դուք երջանիկ պահի գագաթն եք,
Եւ կուսական քանի՞ այգի անտունկ,
Կընդունեին ձեր կենդանի ջինջ վարդը,
Ավել նման ձեզ, քան նկարն անշունչ։
Այդպես պիտ թարմացվեն կյանքի գծերը,
Երբ ո՛չ վրձինն արդի, ո՛չ գրիչն անհաս,
Չեն պատկերի ձեր դեմքն ու ձեր հույզերը,
Անի, որ դուք ապրեք աչքում մարդկանց։

Հենց ձեզ տալով, դու ձեզ կպահպանեք,
Յուր հմտությամբ կերտված պիտի ապրեք։