Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
So am I as the rich whose blessed key
Can bring him to his sweet up-locked treasure,
The which he will not ev'ry hour survey,
For blunting the fine point of seldom pleasure.
Therefore are feasts so solemn and so rare,
Since, seldom coming, in the long year set,
Like stones of worth they thinly placed are,
Or captain jewels in the carcanet.
So is the time that keeps you as my chest,
Or as the wardrobe which the robe doth hide,
To make some special instant special blest,
By new unfolding his imprisoned pride.
 
Blessed are you whose worthiness gives scope,
Being had, to triumph, being lacked, to hope.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Այնպես որ, ես ասես հարուստ եմ, ում օրհնյալ բանալին
Կարող է բերել իրեն իր քաղցր կողպած գանձարանին,
Որը նա ամեն ժամ չի նայի,
Որպեսզի չբթանա նրբությունը հազվագյուտ հաճույքի։
Ուստի տոները այդքան հանդիսավոր են եւ այդքան եզակի,
Քանի որ, հազվադեպ գալով, երկար տարվա մեջ,
Ինչպես քարեր թանկարժեք դրանք բաշխված են նոսր,
Կամ խոշոր ակներ՝ մանյակում։
Այդպես էլ ժամանակը, որը պահում է ձեզ, ինչպես իմ տուփը,
Կամ ինչպես պահարանը, որը հագուստ է թաքցնում,
Դարձնելու համար ինչ-որ հատուկ պահ՝ հատկապես երջանիկ,
Նորից բացելով իր բանտարկված պարծանքը։
 
Օրհնյալ եք դուք ում արժանիքները տալիս են հնարավորություն․
Երբ մատչելի են՝ ցնծության համար, երբ բացակա են՝ հուսալու համար։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ես նման եմ իսկ եւ իսկ ընչասերին այն ագահ,
Որի օրհնյալ բանալին գանձ է լցնում իր առջեւ,
Որին սակայն չի ուզում դյութված նայել ամեն պահ,
Վախենալով բթացնել իր հաճույքը հարատեւ:
Եվ տոները ավելի շքեղ են ու փառավոր,
Երբ որ նրանք կարճ տարվա երկայնքի մեջ բովանդակ
Զետեղված են տաղտկալի անջրպետով հեռավոր,
Ինչպես քարեր թանկագին՝ զմրուխտ, գոհար եւ մանյակ:
Այդպես, պահը մեր այցի իմ գզրոցն է թանկագին,
Ուր ապահով պահված է հանդերձանքս տոնական,
Ուր մի հապճեպ հայացքով, լոկ աննշան մի վայրկյան
Իմ բանտարկված գանձերն եմ վերագտնում ես կրկին:

Օրհնյալ ես դու, ինձ համար խնդություն ես դու բերում,
Երբ հուսահատ ու թախծոտ՝ քո այցին եմ սպասում:

Այն հարուստի՛ն եմ նման, ում օրհնվա՜ծ բանալին
Բացում է գանձը նրա, ե՜րբ էլ որ նա ցանկանա,
Բայց որը չի՜ հանում նա, ամեն տեսնել ուզելիս,
Որ վայելքն այդ եզակի՝ սովորակա՜ն չդառնա:
Տոներն ինչքան հազվադեպ՝ երազելի՜ են այնքան,—
Նման շքեղ մանյակին տեսք տվող թա՜նկ քարերին.
Ի՜նչ համ ու հոտ այն տոնից, որը լինի… տեւակա՛ն,
Կամ ամեն օր կրկնվի՝ խառնված լի՛ օրերին:
ժամանակը ինձանից քեզ այնպե՜ս է թաքցնում,
Ինչպես սնդո՛ւկը այս փակ՝ զարդ ու զգեստն իմ սիրած,
Որ ես, նրանց կրելիս, կարծեմ թե նո՜ր եմ ծնվում,
Իսկ նրանք՝ ցույց տան իրենց հմայքնե՛րը թաքցրած…

Օրհնյա՜լ ես դու, ում հմայքն ինձ ուժ ու թեւ է տալու,
Երբ ինձ հետ ես՝ ցնծալու, երբ բացակա՝ հուսալու…

(32)  Նման եմ ես հարուստին, որուն օրհնեալ բանալին
Կրնայ տանիլ զինք մօտիկ կղպըւած քաղցր իր գանձին,
Զոր ինք պիտի ամէն ժամ չը խուզարկէ, չը զննէ,
Որ մի գուցէ փըթանայ նուրբ ծայրն այս սուղ հաճոյքին։

Տօներն այսպէս հազուագիւտ, հանդիսաւոր էն դարձեր,
Երկար տարուան շարքին մէջ ցանցառօրէն տօնելով,
Նըման ականց թանկարժէք տեղաւորուած են բաց-բաց,
Կամ աչքառու գոհարներ շղթային մէջ ագուցուած:

Այսպէս նաեւ ժամանակն՝ քեզ իբը իժ տուփը պահող,
Կամ շրջազգեստ պահպանող պահարանի մը նման,
Կարգ. մ՚առիթներ մասնաւոր օրհնեալ տօներ սարքելու
Հպարտությւնն իր բանտուած նոր ի նորոյ կը քակէ։

Օրհնեալ ես դուն, որ կուտաս արժանիքովդ նըպատակ,
Դեպ՚ անպայման յաղթանակ, թէ իսկ յոյսէ զրկըւած։

Որքա՜ն եմ նման այն արծաթասեր մեծահարուստին,
Որ բանալիով կողպած է պահում գանձը թանկարժեք,
Եւ ամեն անգամ չի ուզում նայել իր ունեցածին,
Որ չնվազի նրա հազվագյուտ ցնծությունն երբեք:
Ահա թե ինչու տոները այնպես շքեղ են ու քիչ,
Քանզի տարվա մեջ մեզ հազվագյուտ են այցելում նրանք,
Ինչպես նրբորեն շարված թանկարժեք քարեր զմայլիչ
Կամ ինչպես շքեղ ադամանդներով զարդարված մանյակ:
Բայց իմ գզրոցը այն ժամանակն է, երբ տեսնում եմ քեզ,
Պահարանը իմ, որտեղ մեծարժեք գանձեր են պահված,
Եւ մի հայացքով օրհնյալ է դառնում ակնթարթն այնպես,
Երբ կրկին անգամ բացում եմ նրա գանձերը բանտած:

Եւ օրհնյա՜լ ես դու, ում արժանիքը միշտ բերում է լույս.
Ցնծություն կտաս քեզ ունեցողին, չունեցողին՝ հույս:

Ախր նման եմ օրհնյալ բալնիքով է´ն հարուստ մարդուն,
Ով կարա բացի սունդուկն իր գանձի, թանկ ու փառավոր:
Ու որ չքնի գերագույն կայֆի սուսերը արթուն,
Մեկ-մե´կ ա նայում գանձին իրա թանկ ու արտասովոր:
Սրա´ համար էլ շարքը տոների շա´տ ա անբերրի:
Սրանք շարված են տարվա օրերի երկար պարանին,
Ոնց որ ադամանդ, որ խիստ սակավ ա — էժան քարերի
Խիտ արանքներում, ասես թագակիր՝ սրանց շարանին:
Ու սրանց պես էլ՝ հենց ի´մ տոներն են — երբ դո´ւ ես ներկա
Հոգուս զնդանի սրբազան հրո գաղտնի հնոցում,
Որ սրանք վառեմ հպարտ հմայքիդ սուրբ ու գերակա
Օրհնյալ օրերի տոնական, զվարթ քուրա ու բոցում:

Ու օրհնյա´լ ըլնես, որովհետեւ շա´տ ես թանկ: Թանկ ես երկակի´:
Տիրվե´ս — խնջույք ա: Խնջույքը չէղա´վ — հո´ւյսը կծագի:

Հարուստն եմ ես, ում բանալին օրհնյալ
Բացում է դուռ՝ կողպած գանձանակի,
Որն ամեն ժամ նա չի ցանկա բանալ,
Որ չխամրի նուրբ համը հաճույքի։
Ուստի տոներն այդքան են ճոխ ու թեր,
Զի հազվադեպ գալով, երկար տարում,
Բաշխված են նոսր՝ ինչպես անգին քարեր,
Կամ մեծադիր ակներ՝ զուսպ մանյակում։
Այդպես էլ ժամանակն է ձեզ պահում,
Ինչպես մի տուփ, կամ պահարան փակված,
Եւ սոսկ մի պահ է երջանիկ դարձնում,
Կրկին պարծանքն իր բացելով բանտված։

Ընտրանք տալու ձիրքով եք դուք օրհնյալ․
Երբ կաք՝ ցնծալ, երբ բացակա՝ հուսալ։