Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
That time of year thou mayst in me behold
When yellow leaves, or none, or few, do hang
Upon those boughs which shake against the cold,
Bare ruined choirs, where late the sweet birds sang.
In me thou seest the twilight of such day
As after sunset fadeth in the west,
Which by and by black night doth take away,
Death's second self, that seals up all in rest.
In me thou seest the glowing of such fire
That on the ashes of his youth doth lie,
As the death-bed whereon it must expire,
Consumed with that which it was nourished by.
 
This thou perceiv'st, which makes thy love more strong,
To love that well which thou must leave ere long.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Այն ժամանակը տարվա դու կարող ես իմ մեջ տեսնել,
Երբ դեղին տերեւները, կամ՝ չկան, կամ՝ քիչ են, կախված
Այն ճյուղերից, որոնք ցնցվում են ցրտից,
Մերկ ավերակ դասերում, ուր վերջերս քաղցր թռչուններ էին երգում։
Իմ մեջ դու տեսնում ես մթնշաղն այնպիսի օրվա,
Ինչպիսին մայրամուտից հետո մարում է արեւմուտքում,
Որին արագորեն սեւ գիշերն է տանում՝
Մահվան երկրորդն ինքնությունը, որ կնքում է ամեն ինչ հանգստի մեջ։
Իմ մեջ դու տեսնում ես շողանքը այնպիսի հրի,
Որն ածուխների վրա է իր երիտասարդության պառկած,
Ինչպես մահվան մահճին, որին այն պետք է հանգչի,
Կլանված այն բանով, որով այն սնուցվել է։
 
Դա դու ընկալում ես, ինչը անում է քո սերն ավելի ուժեղ,
Սիրելու համար լավ այն, որը դու պիտի թողնես շուտով երկարատեւ։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Իմ մեջ տարվա այն պահն է, երբ ճյուղերից ցրտահար
Դեռ հատ ու կենտ ծիրանի տերեւները կախ ընկած,
Դողդոջում են հազիվհազ ցրտասարսուռ ու սմքած,
Ուր դեռ երեկ լսվում էր թռչնոց երգը սիրավառ:
Դու իմ դեմքին տեսնում ես մթնշաղը, երբ արդեն
Հորիզոնում քիչ առ քիչ մայր է մտնում լույս արփին,
Եվ մահաշունչ կնիքով մութ գիշերը դժնդեմ
Դրոշմում է ամեն ինչ անդորրի մեջ երկնային:
Դու իմ սրտում տեսնում ես այն թույլ կրակը վերջին,
Որն հազիվ է առկայծում իր մոխրի մեջ մանկության,
Եվ այն, ինչ որ տալիս էր նրան շունչ ու կյանք միայն,
Մահվան մահիճ կդառնա, ուր նա հավետ կհանգչի:

Դու ամեն ինչ տեսնում ես, բայց վախճանը այդ դաժան
Ավելի է մոտեցնում մեր սրտերը անբաժան:

Իմ մեջ կարող ես տեսնել ա՛յն եղանակը տարվա,
Երբ տերեւները դեղին ցրտից սմքո՜ւմ են, դողո՜ւմ
Ծառերի մերկ ճյուղերին, ուր, օրերին ամառվա,
Թռչունների երջանիկ երգչախո՜ւմբն էր գեղգեղում:
Իմ մեջ կարող ես տեսնել դու մթնշա՛ղը օրվա,
Որն աննկատ գունատվում եւ փախչու՜մ է հալածված
Սեւ գիշերից,— որ պատճենն ու երկվորյակն է մահվան,—
Եւ իր կնիքն է դնում երկրի վրա խաղաղված:
Իմ մեջ կարող ես տեսնել դու վերջին ցոլքն այն հրի,
Որ հազի՜վ է առկայծում ջահելության անթեղում,
Ինչպես մահվան անկողնում.— եւ ո՜ւր-որ է կմարի,
Սպառվելով այն բոցի՛ց, որից հենց ի՜նքն է սերում:

Կարո՜ղ ես,— բայց եւ գիտես,— ա՛յն են սիրում առավել.
Ինչից վա՛խ կա, որ շուտով պիտի զրկվե՜ն առհավետ:

(42) Իմ մէջ կրնաս դուն նշմարել այն եղանակը տարուան
Երբ ցուրտին դէմ դողդողացող ճիւղերէն կախ կը մընան
Միայն դեղին տերեւներէն ոմանք, եւ կամ եւ ոչ մէկն,
Մերկ, աւերակ տաճարներու դասերուն պէս՝ կ՚երգէին
Ուր դեռ երէկ, թռչնիկներու քաղցրիկ ձայնով երգչախումբ:

Ա՛յն օրերէն մէկը իմ մէջ դուն կը տեսնես, ուր դանդաղ
Արեւամուտն հորիզոնէն դէպ Արեւմուտք կ՚անհետի,
Զոր սեւ գիշերն կամաց-կամաց վար կը քաշէ խլելով,
Կարծես իրաւ մահն ինքն ըլլար կնքող ամէնքն ի հանգիստ:

Իմ մէջըս դուն բոցավառումն ա՛յն կըրակին կը տեսնես՝
Երիտասարդ իր օրերու աճիւններուն վրայ հանգչող,
Կարծես լինէր մահուան մահիճ, ուր ան պէտք չէ որ հատնէր,
Ըսպառուելով անկէ՛ որով էր սընուցուեր բոցավառ:

Այս է որ դուն կը նշմարես, եւ այս քու սէրն աւելի
Կը զօրացնէ. սիրել ուժգին, ինչ որ շուտով պիտի դուն
Պարտաւորուիս ետիդ թողուլ, ու հեռանալ ու լըքել:

Հիմա, սիրելիս, տարվա այն պահն է հասել իմ ներսում,
Երբ դեղին ու չոր տերեւներն են լոկ կախվել շյուղերից,
Որ ցրտասարսուռ, անողորմ հողմից դողո՜ւմ են, մրսո՜ւմ,
Եւ անուշ հավքերն էլ չեն դայլայլում դատարկ ճյուղերից:
Հիմա, սիրելիս, այն մթնշաղն է թանձրացել իմ մեջ,
Որ արեւմուտքում հաջորդում է միշտ իրիկնապահին,
Երբ սեւ գիշերը (այդ Մահը երկրորդ) իջնում է անվերջ
Եւ իր կնիքով անդորր դրոշմում երկնքի գահին:
Հիմա, սիրելիս, տեսնում ես իմ մեջ օջախը հանգած,
Որ մարմրում է իր ջահելության անթեղների տակ,
Հանց մահվան մահիճ, ուր օջախը այդ կմեռնի հանկարծ,
Եւ շունչը սնող կխժռի նրա լույսն անհիշատակ.

Դու ա՛յս ես տեսնում, եւ քո հայացքից զորանում եմ ես
Եւ սիրում եմ այն, ինչը դու, ավա՜ղ, շուտով կլքես:

Երբ նայում ես ինձ, է´ն եղանակն ա քու աչքին գալի,
Երբ ցուրտ ու դողդոջ տերեւն ա կախ-կախ ճղների ծերին,
Տեղ-տեղ դեղնաչոր, տեղ-տեղ շատ կամ քիչ, քամին էլ տալի
Ու օրորում ա հատուկենտ ու խեղճ երգող ծտերին:
Երբ նայում ես ինձ, հիշում ես տարտամ, աղոտ մայրամուտ,
Երբ արեւելքից աղջամուղջը լուռ սողում ա առաջ
Ու կուլ ա էթում գիշերվանը սեւ, անիմաստ ու մութ,
Ինչը վախճանի քույրն ա հարազատ, խուլ ու անհառաչ:
Երբ նայում ես ինձ, աչքիդ ա գալի մարմրող կրակ,
Ուր անթեղվում են շեկ ածուխները — ջահել օրերի
Մոխիր շիրիմում: Ու քու համար ես — ոնց որ մի ճրագ,
Ինչը հեւասպառ դառել ա դողդոջ, անուժ ու թերի:

Էդ վախտն զգում ես, որ գլորվում եմ խավա´րը անդունդ,
Ու վերջիս վախից սերըդ դառնում ա անասելի թունդ:

Իմ մեջ տարվա այն պահն ես դու տեսնում,
Երբ տերեւները դեղբ՝ սամույրաթել
Մերկ ճյուղերին են ցրտահար դողում՝
Ավեր դասում, ուր հավքն էր դայլայլել։
Իմ մեջ տեսնում ես մթնշաղն օրվա,
Որ մեղմ մարում է արեւամուտում,
Որին տանում է մութը գիշերվա,
Մահվան մյուս անձն՝ ամեն ինչ կլանում։
Իմ մեջ տեսնում ես մի շողանք հրի՝
Երիտ իր օրերի ածխին ընկած,
Ինչպես մահճին, որին պիտի մարի,
Եւ կլանված՝ նյութով իրեն սնած։

Դու զգում ես այն, թե սերդ ոնց զորես,
Որ լավ սիրես այն, ինչը պիտ կորցնես։