Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Full many a glorious morning have I seen
Flatter the mountain tops with sovereign eye,
Kissing with golden face the meadows green,
Gilding pale streams with heavenly alcumy,
Anon permit the basest clouds to ride
With ugly rack on his celestial face,
And from the forlorn world his visage hide,
Stealing unseen to west with this disgrace:
Even so my sun one early morn did shine
With all triumphant splendor on my brow;
But out alack, he was but one hour mine,
The region cloud hath masked him from me now.
 
Yet him for this my love no whit disdaineth:
Suns of the world may stain, when heaven's sun staineth.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Բազում անգամ փառահեղ առավոտը ես տեսել եմ
Պատվում է լեռների գագաթները ինքնիշխան աչքով,
Հպվելով ոսկի երեսով մարգագետինների կանաչին,
Ոսկեզօծելով գունատ առվակները երկնային ալքիմիայով,
Շուտով արտոնելով ստոր ամպերին շարժվել
Տգեղ կարգով իր աստվածային դեմքի վրա,
Եւ լքված աշխարհից իր կերպարանքը թաքցնելով,
Սողում է անտես դեպի արեւմուտք՝ այսպես ամոթով․
Այդպես էլ իմ արեւը մի վաղ առավոտ շողաց
Ողջ հաղթական փառահեղությամբ իմ ճակատին․
Բայց ավաղ, նա եղավ սոսկ մեկ ժամ իմը,
Ամպի տարածքը դիմակեց իրեն ինձնից այժմ։
 
Սակայն նրան դրա համար իմ սերը ոչ մի չափով չի արհամարհած․
Արեւներն երկրի կարող են բծավորվել, երբ երկնի արեւն է բծավորված։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Շատ անգամ եմ տեսել ես, թե ինչպես փառահեղ առավոտը
Շոյում է լեռների գագաթները իր արքայական աչքով,
Համբուրում ոսկեզօծ դեմքով կանաչ մարգագետինները,
Եվ գունազարդում պղտոր առվակները երկնային ոսկով:
Բայց շուտով նա թույլ է տալիս ամենացածր ամպերին
Անցնել իր սուրբ դեմքի վրայով տգեղ ծածկոցով,
Եվ թաքցնելով իրեն անտեսանելի այս աշխարհից,
Սողալ դեպի արեւմուտք՝ անտեսված ու անփառունակ:
Այդպես էլ իմ արեւը մի վաղ առավոտ
Շողաց իմ ճակատին ողջ իր շքեղ փառքով,
Բայց ավա՜ղ, նա իմն էր լոկ մեկ կարճ ժամ,
Երկնքի ամպերը նրան ծածկեցին իմ տեսողությունից:

Սակայն իմ սերը չի նվազում դրանից բնավ.
Երկրային արեւները կարող են խամրել, երբ երկնայինն է խամրում:

Շա՜տ եմ տեսել, թե ինչպես արշալույսը հրեղեն,
Լեռան ծերպերն է շոյում արքայական հայացքով,
Արտ ու արոտ համբուրում իր շուրթերով ոսկեղեն,
Ոսկեզօծած գետ ու լիճ ալքիմիական հրաշքով.
Հետո նա թույլ է տալիս, որ ամպերը սեւակնած
Համբուրեն դեմքն իր լուսե, ծածկեն քողով սեւ ու մութ,
Եւ, իր տեսքը թաքցրած երկրից դժբախտ ու լքված,
Ամոթապա՜րտ, գողունի՝ սահում դեպի մայրամուտ…
Մի առավոտ, ճիշտ այդպես, շողաց արեւն իմ սիրո,
Արքայական իր փայլով շնո՜րհ արած իմ անձին,
Սակայն, ավա՜ղ, լոկ մի ժամ ջերմացրեց ինձ սիրով,
Եւ սեւ ամպերն անջատման նրան ինձնից խլեցին.—

Սակայն իմ սերը պայծառ չի՜ աղոտում դրանից,—
Երբ ինքն՝ Արեւն է մարում,— սիրույս արեւն ի՜նչ անի…

(65) Բազու փառաւոր առաւօտներ եմ տեսեր ես, որոնք
Լերանց գագաթները կը փաղաքշեն վեհափառ աչքով,
Եւ համբուրելով ոսկեշող դէմքով մարմանդներն կանաչ,
Ոսկեզօծելով գետերը դալուկ երկնի գոյներով։

Թոյլ կուտան յաճախ որ չարագուշակ ամպերն խափանեն
Տըգեղ շերտերով անոր երկնային դէմքը արեւոտ,
Եւ ծածկեն երեսն այս մեր ահխարհէն՝ լքեալ, միայնակ,
Եւ անտեսօրեն կարծես գողնալով այսպէս շնորհազուրկ
Ապրելու համար:
                                        Նոյնպէս իմ արեւս ամբողջ յաղթական
Իր շքեղութեամբ, առտու մը ճակտիս վըրայ ծագեցաւ։
Բայց, կորաւ ափսոս
! Նա իմն էր միայն մեկ ժամուան համար․
Շրջապատի ամպն ինձմէ զայն ծածկած էր արդէն իսկոյն:

Բայց այս պատճառով սէրըս զանիկա պուտ մ՚իսկ չանգոսնեց:
Երկնային արեւն երբ բծաւորուի, երկրի արեւներն
Զարմանալի չէ որ նոյնպէս կրնան արատաւորուիլ:

Ես շատ եմ տեսել` ինչպես լուսայգի ամեն մի ճաճանչ
Կատարը լեռան գուրգուրել է իր աչքով վեհապանծ,
Ոսկեշող դեմքով համբուրել է միշտ դաշտերը կանաչ
Եւ ոսկեզոծել գունատ առուներն իր լույսով անանց.
Թողել է հետո, որ թափառական թուխպերը մռայլ
Նրա երկնածին պատկերը փակեն ցանցերով անշուք,
Տոչոր աշխարհից քողարկեն նրա դեմքը լուսափայլ,
Եւ գաղտագողի հեռացել է նա դեպի արեւմուտք:
Ճիշտ այդպես մի օր` վաղ առաւոտյան, արեւն իմ շողաց,
Յաղթականորեն ցոլաց իմ դեմքին վես փայլատակով,
Բայց, ավա՜ղ, միայն մի հատիկ ժամով նա իմը մնաց,
Եւ քողարկեցին թուխպերը նրան իրենց դիմակով.

Բայց ես չեմ խորշում նրանցից, քանզի բնավ ամոթ չե.
Երբ երկնքում են արեւներ մթնում, ներքեվում հոգ չե՛:

Տեսել եմ բազում փառավոր արեւ, անհուն ընթացքով,
Որ զարդարել ա վես կատարները հզոր լեռների,
Գոռ ալքիմիայով աշխարհն օծելով ոսկե հայացքով,
Առկայծ փռելով խա´ղ ու ալիքին — լիճ ու ծովերի,
Որ մի քիչ հետո հնար են տվել ստոր ամպերին —
Ծածկելու իրենց երկնային դեմքը այլանդակ քողով,
Նվաստ աշխարհը լրիվ զրկելով շողերից վերին,
Ստահակի պես ցածը պատելով անվողորմ դողով:
Սրա´ նման էր պատանի լուսըս, շողուն ու անցավ,
Ոսկի ըսփռում իմ գոյությանը, հզոր ու թափով,
Երբ հետո, ավաղ, տեղական մի ամպ լուսըս գողացավ:
Բայց ինչ էլ ըլնի, սերըս չի պակսի, գեթ չնչին չափով:

Թե վերին ամպը կարա արեւը լրիվ խավարի,
Տեղական ամպը, երբ ուզի, կարա´ — արեւըս մարի*:

–––––
* Կառլ Ռեյմունդ Պոպերի ասելով՝ Պլատոնն էլ ա գանգատվում, թե երբ ինքը իրա սիրած պատանու բարեմասնություններին նվիրված ոտանավոր գրեց, ուրիշները պատանուն գողացան իրանից:

Բազում անգամ տեսել եմ․ առավոտը
Պատվում է գագաթները վեհ ակով,
Շոյում ոսկի դեմքով դաշտի թարմ խոտը,
Ոսկում գունատ ջրերն երկնի դեղով,
Եւ արտոնում է ստոր ամպոց արշավը
Իր վես դեմքի վրա՝ տձեւ կարգով,
Եւ ծածկելով լքված երկրից կերպարը,
Սողում անտես դեպ մայրամուտ՝ փութով․
Այդպես շողաց արեւն իմ մի անգամ
Իմ ճակատին՝ ողջ հաղթական փառքով․
Բայց իմն եղավ, ավաղ, նա սոսկ մեկ ժամ,
Եւ ամպը դիմակեց իրեն քողով։

Նրան բայց սերն իմ չի արհամարհում․
Նույնիսկ երկնի արեւն է շղարշվում։