17

17

Who will believe my verse in time to come
If it were filled with your most high deserts?
Though yet, heaven knows, it is but as a tomb
Which hides your life, and shows not half your arts.
If I could write the beauty of your eyes,
And in fresh numbers number all your graces,
The age to come would say, 'This poet lies;
Such heavenly touches ne'er touched earthly faces.'
So should my papers (yellowed with their age)
Be scorned, like old men of less truth than tongue,
And your true rights be termed a poet's rage
And stretched metre of an antique song:

But were some child of yours alive that time,
You should live twice, in it and in my rhyme.

Տողացի թարգմանություն (Ռ․ Թ․)

Ո՞վ կհավատա իմ տաղերին ժամանակում գալիք
Եթե այն լցված լինի ձեր ամենաբարձր ձիրքերով:
Թեեւ դեռ, երկինքը գիտի, բայց դա սակայն որպես գերեզման է,
Որը թաքցնում է ձեր կյանքը եւ ցույց չի տալիս կեսը ձեր արժանիքների:
Եթե ես կարողանայի նկարագրել գեղեցկությունը ձեր աչքերի,
Եւ թարմ համարներում համրել ձեր բոլոր շնորհները,
Գալիք դարը կասեր. «Այս բանաստեղծը ստում է.
Նման երկնային գծեր երբեք չեն ունեցել երկրային դեմքերը»:
Հետեւապես, իմ թղթերը (դեղնած իրենց տարիքից)
Կարհամարհվեին, ինչպես ծեր մարդիկ պակաս ճշտախոս, քան լեզվանի
Եւ ձեր իսկական իրավունքները կկոչվեին բանաստեղծի կիրք
Եւ ձգձգված չափ հնաշխարհիկ երգի.

Բայց լիներ մի զավակ ձեր՝ ապրող այդ ժամանակ,
Դուք կապրեիք կրկնակի՝ իր մեջ եւ իմ տողում:

Գեւորգ Էմին

Կհավատա՞ն գալիքում իմ ներբողին այս անշուք,
Որ քո հմայքն աննման և քո ձիրքե՛րն է երգում.
Թեև,– Երկի՜նքը վկա,– շիրիմի պես անշշուկ.
Նա, քեզ տրված ձիրքերի միայն կե՜սն է գովերգում:
Եթե լիներ մի հնարք՝ երգել աչքե՛րդ գերող
Եվ հմայքնե՛րդ բոլոր՝ անհատնո՜ւմ ու անհնա՜ր,
Ապագայում կասեին՝ «մրո՞ղ է սա, թե՞ գրող» –
Ո՞ր մարդու դեմքն այսպիսի երկնային ցո՜լք կունենար…»:
Կծաղրեի՜ն իմ երգերն ու իմ ձիրքերը նրանք,
Սուտասաննե՜ր կոչելով էջերը իմ գրքերի,
Քո հմայքը կթվար… զուտ գրական հնարա՜նք
Եվ չափազա՜նց կթվար… նույնիսկ թի՛վը ձիրքերիդ.

Իսկ եթե գեթ մի զավակ քո չքնաղ դեմքը փաստի՜,
Դու կմնաս միշտ անմա՜հ, իսկ իմ երգը՝ հավաստի…

Սամվել Մկրտչյան

Ո՞վ  կհավատա իմ քերթվածներին տարիներ հետո,
Թեեւ քո հոգու արժանիքներով  կլինեն զեղուն.
Եւ, Աստվա՜ծ գիտե, գուցե թե նրանք գերեզմանն են քո,
Որի խավարում թաղված է հավետ շնորհքդ բեղուն:
Դատարկ թղթերին եթե հանձնեի պերճանքն աչքերիդ
Եւ վերածեի արժանիքներդ քերթության անմեռ,
Մարդիկ կասեին. «Այս տողերն ախար սուտ են ու անմիտ.
Երկրային դեմքին երկնային հմայք չի շողացել դեռ»:
Եւ իմ թղթերը, որ ժամանակից  կլինեն դեղնած,
Անվստահելի մի ծերունու պես պիտ արհամարհվեն,
Քո վեհությունը  կվերագրվի իմ կրքին անսանձ,
Գրվածքները այս սոսկ հնադարյան երգ  կհամարվեն:

Բայց թե պատահի, որ քո զավակը ողջ լինի այդժամ,
Կրկնակի՛ կապրես` նրա մեջ եւ իմ երգերում արժան:

Մերուժան Հարությունյան

Ո՞վ կհավատա անշուք տողերին – իմ պես անկարի,
Թե ճի´շտ պատկերեմ արժանիքները քու աստվածային:
Երկի´նքը վկա, էս սա´ղ տողերը տապանաքարի
Մի գրությո´ւն են, որ հեչ չե´ն սազում տակի ընծային:
Թե կարենայի նկարեի քու աչքերը չքնաղ,
Կամ թվարկեի շնորհները քու, գո´ռ ու պանծալի,
Գալիքը կասեր. «Փչո´ւմ ա, ախր, պոետը խարդախ,
Ո՞նց կարա երկինքն էսքան շատ շնորհ մեկի´ն ընծայի»: 
Ու թե´ էս էջը (որ դեղնելու ա հեռու գալիքում)
Շա´ն տեղ չեն դնի, թե´ հեքզամետր կամ յա´մբ-անապե´ստ 
Տողե´րը շանթող՝ անցյալ պոետի խոսքի ալիքում:
Սրանք կհնչեն թուլամիտ բիձու զավզակության պես:

Այնինչ կրկնակի´ անվախճան կըլնես – թե ծի´լ ունենաս:
Կապրես իրա´ մեջ, ու խոսքիս մեջ էլ – անմե´ռ կմնաս:

Ռուբէն Թարումեան

Կհավատա՞ն տաղիս ապագայում,
Եթե նկարագրեմ ձեր վեհ ձիրքերը,
Թեեւ, երկինք վկա, երգիս ստվերում,
Կորչում են այլ անթիվ արժանիքները,
Թե պատկերել փորձեմ աչաց ձեր լույսը,
Երգել ամբողջ հմայքն իմ տողերում,
Կասեն այնժամ․ «Ստում է բանահյուսը․
Կերպ երկնային չունի մահկանացուն»։
Ուստի իմ ձեռագրերն (այնժամ դեղնած) 
Կարհամարհվեն, որպես բանդագուշանք,
Կերպարդ կկարծեն սոսկ հորինված,
Եւ կամ հնաշխարհիկ երգի ճոխ հանգ․

Բայց թե լինի որդիդ այդ օրերում,
Կապրես կրկնակ․ իր մեջ եւ այս երգում։