Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Not marble nor the gilded monuments
Of Princes shall outlive this pow'rful rhyme,
But you shall shine more bright in these contents
Than unswept stone, besmeared with sluttish time.
When wasteful war shall Statues overturn,
And broils root out the work of masonry,
Nor Mars his sword nor war's quick fire shall burn
The living record of your memory.
'Gainst death and all oblivious enmity
Shall you pace forth; your praise shall still find room
Even in the eyes of all posterity
That wear this world out to the ending doom.
 
So, till the judgement that yourself arise,
You live in this, and dwell in lovers' eyes.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ո՛չ մարմարը, ո՛չ ոսկեզօծ հուշարձանները
Իշխանների չեն վերապրի այս հզոր տողերը,
Բայց դուք կշողաք ավելի պայծառ դրանց բովանդակության մեջ,
Քան անխնամ քարը, ապականված փնթի ժամանակից։
Երբ կործանիչ պատերազմը արձաններ կշրջի,
Եւ խռովությունները արմատախիլ կանեն աշխատանքը որմնադիրների,
Ո՛չ Մարսն իր թրով, ո՛չ պատերազմի արագ հուրը չի այրի
Կենդանի գրառումը ձեր հիշողության։
Հակառակ մահի եւ բոլոր հիշակորուստ թշնամանքի
Դուք կգնաք առաջ․ ձեր գովքը միշտ կգտնի տեղ
Նույնիսկ աչքերում բոլոր սերունդների,
Որը կմաշեն այս աշխարհը մինչեւ ավարտը ճակատագրական։
 
Ուրեմն, մինչեւ դատաստանը, որ ինքներդ հառնե՛ք,
Դուք ապրե՛ք սրանում եւ բնակվե՛ք սիրողների աչքերում։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Արքաների հոյակերտ դամբանները մարմարյա
Իմ այս հզոր երգերից ավելի շատ չեն ապրի,
Քո պատկերը նրանց մեջ ավելի վառ կշողա,
Քան դարերի փոշու մեջ՝ շիրմաքարի գրերի:
Երբ հիմն ի վեր ավերվի տքնությունը քարտաշի,
Եվ մարտերը վայր բերեն արձանները վեհապանծ,
Ո՛չ սրավազ կրակներն, ո՛չ էլ սուրը Արեսի
Չեն ջնջի քո անունը՝ հուշերի մեջ հար մեխված:
Մոռացության ու մահվան քմայքներին հակառակ,
Քո գովեստը կհնչի սերունդների ականջին,
Քանի նրանք կմաշեն այս աշխարհը բովանդակ,
Մինչեւ դատը գերագույն նրանց ցեղը երբ ջնջի:

Շեփորները մինչ հնչեն, դու կապրես իմ երգերում,
Եվ սիրահար զույգերի սիրազեղուն աչքերում:

Արքայական դամբանի տոկուն մարմարն ու ոսկին
Չեն դիմանա ավելի՛, քան իմ տողերը գրած,
Դու կշողաս նրանց մեջ ավելի՛ վառ, իմ անգին,
Քան դարերում փոշոտվա՜ծ, մաշված քարերը նրանց:
Պատերազմներն անհամար ու նախճիրները անթիվ
Ի զորու են հիմն ի վեր այս աշխարհը կործանե՜լ,
Բայց ոչ Մարսի սո՛ւրն ահեղ, ոչ վայրագ շո՛ւնչը մարտի,
Չե՜ն հանդգնի կենդանի այս Կոթողը սասանել…
Ընդդեմ մահվան, կորստի եւ մոռացման չարիքի
Կհավերժի՜ քո գովքի Հուշարձանը փառահեղ
Սերունդների աչքերո՛ւմ եւ ականջո՛ւմ գալիքի,
Մինչեւ վախճանն աշխարհի, Դատաստանի Օ՛րն ահեղ.

Եւ դու կապրես, քանի դեռ չի՜ եկել Օրն այդ հեռու,
Սիրողների սրտերում եւ իմ անմահ երգերում:

(97) Ո՛չ մարմարեայ, ո՛չ ոսկեպատ յուշարձաններն
Իշխաններու, կրնան ըլլալ վեհ, գերազանց,
Երկարակեաց քան այս հրզօր տողայանգերն.
Բայց դուն պիտի պայծառ շողաս մէջն այս տաղին,
Աւելի քան չը մաքրըւած, անտաշ քարերն,
Ապականած՝ կործանարար ժամանակէն:

Երբ ըսպառիչ պատերազմներ կործանումն են
Արձաններուն, եւ կագ-կըռիւ արմատախիլ
Կ՚ընէ ամէն շինարար գործ, ո՛չ Մարսըն իր
Սուրով, եւ ո՛չ՝ բռնկւող կըրակն պատերազմի
Կրնան այրել կեանքով լեցուն արձանացումն
Քու հուշերուղ:
                                 Թէ իսկ քայլես ընդդէմ մահուան,
Ընդդէմ ամէն թշնամական անտեսումի,
Գովքիդ համար միշտ տեղ մը բաց պիտ՚ գտնըւի,
Մինչեւ անգամ աչքին դիմաց յաւերժութեան,
Որ աշխարհն այս պիտ՚ ըսպառէ վախճանական
Դատաստանով։
                                     Այսպէս, մինչեւ դատաստանի
Առջեւ կանգնիս, պիտի ապրիս, եւ բընակիս
Աչքերուն մէջ սիրել գիտցող հոգիներուն:

Ո՛չ մարմարակերտ եւ ո՛չ ոսկեզոծ հուշարձանները
Թագավորների՝ իմ հզոր երգից չեն ապրի երկար.
Այստե՛ղ ավելի մաքուր կշողա քո վառ պատկերը,
Քան ժամանակի փոշուց խունացած ամեն շիրմաքար:
Երբ պատերազմներն արձան ու կոթող քանդեն հիմն ի վեր,
Երբ բնաջնջվեն վեհ ձեռնարկները քարագործության,
Ո՛չ սուրը Մարսի, ո՛չ պատերազմի հուրը կարեվեր
Չեն ոչնչացնի արձանագիրը քո հիշողության:
Եւ մոռացական թշնամանքներին, մահին հակառակ՝
Դու դեռ կքայլես, որ քո պարծանքը եւ անունն արի
Ապրեն հետագա մեր սերունդների սրտում փառունակ,
Մինչեւ որ նրանք տեսնեն վերջնական օրը աշխարհի.

Մինչեւ դատաստանն ամենքին էլ իր վախճանը բերի,
Դու կապրես այստե՛ղ եւ աչքերի մեջ սիրահարների:

Իշխան-արքայի ոչ մի հուշարձան — գրանիտ, մարմար,
Ավել չի ապրի իմ էս տողերից — հզոր, ոգեշունչ,
Ու դու կշողաս գրվածքներիս մեջ — հարատեւ, անմար,
Ավելի´ անմեռ, քան քարը փոշոտ — մաշված, անմռունչ:
Ավե´ր ա դարձնում ամեն մի դղյակ — պատերազմն ահեղ,
Ու հիմնահատակ տափսաղաղ անում ամեն մի քանդակ,
Բայց սուրը Մարսի — հզոր, զինավառ, գոռ ու փառահեղ,
Զորու չի — եղծի քու էս պատկերի լուսը բովանդակ:
Ու դու կընթանաս դարերի միջով, խանդին հակընդդեմ,
Հաղթելով ամմե´ն սեւ թշնամություն, ամմե´ն մոռացմունք,
Ու սերունդները լուռ կքարանան իմ տողերի դեմ,
Ու հայացքն իրանց կլուսարձակի միայն հիացմունք:

Ու մինչեւ օրը գոռ դատաստանի — կապրե´ս դարեդար,
Սիրող սրտերի իմ էս տողերում, անմե´ռ, անդադար:

Ո՛չ մարմարե, ո՛չ ոսկեզօծ արձանը
Չեն վերապրի հզոր տողերը այս,
Ուր կշողաք դուք ավելի պայծառ քան,
Քարերն անօգ, ժամանակից մաշված։
Երբ Արձաններ շրջեն քանդիչ մարտերը,
Եւ խռովքներ փշրեն գործք որմնադրի,
Ո՛չ թուր Մարսի, եւ ո՛չ կռվի բոցերը,
Ձեր կենդանի կերպարն այս չեն այրի։
Ընդդեմ մահվան եւ մոռացնող դավի
Կանցնեք առաջ․ ձեր գովքը միշտ անշեջ է
Բյուր աչքերում բոլոր սերունդների,
Որ կմաշեն աշխարհն այս մինչ իր վերջը։

Արդ, դատաստանը մինչ, երբ կհառնե՛ք,
Տաղում, աչքում սիրողների ապրե՛ք։