Հոգնած սըրանցից՝ լավ է ինձ հայցել հանգուցիչ մահը,
Քան դիտել հավետ արժանիքն այստեղ մուրացիկ ծնված,
Աղքատ ոչինչը շքեղ պճնըված,
Ամենամաքուր հավատարմությունն իզուր դրժըված,
Ոսկեզօծ պատիվն անամոթաբար անտեղի տըված,
Կուսական անբիծ առաքինությունը բրտորեն պղծված,
Կատարելությունն անիրավորեն վարկաբեկ արված,
Կաղ վարչության տակ կորովն ուժաթափ,
Իշխանության տակ գիտության լեզուն կաշկանդած ու կապ,
Հիմարությունը վարդապետորեն իշխող հանճարին,
Պարզ ճշմարտությունն անարգված որպես պարզամտություն
Եւ գերի բարին ծառայող դարձած գերիշխող չարին,
Հոգնած սըրանցից, ա՜խ, հոգիս սըրանք թողներ ու գնա՜ր,
Եթե մեռնելովս իմ սրտակիցը մենակ չըմնար։