Մենք ուզում ենք, որ չքնաղ էակները կրկնվեն,
Որ անթառամ միշտ մնա քնքուշ վարդը գեղության.
Հասունները թարշամած դամբանի մեջ թող հանգչեն,
Նրանց հուշը՝ որդիներն անմար պահեն հավիտյան:
Իսկ դու, սիրուն աչքերիդ սիրահարված լինելով
Եվ քո բոցը սնելով քո իսկ հյութով սեփական,
Առատության փոխարեն տարածում ես միայն սով
Եվ հենց ինքդ դառնում ես քո թշնամին չարակամ:
Դու, որ միայն հիմա ես կենաց ծառը զարդարում,
Եվ կարճատեւ գարունքի մունետիկ ես վաղանցիկ,
Թարմ ավիշդ ծաղկալի բողբոջիդ մեջ ես թաղում,
Ժլատությամբ կործանում քո սերունդը գեղեցիկ:
Օ՜, մի՛ լինիր այդպես չար, գթա քեզ եւ աշխարհին,
Եվ ապագա քո բերքը զուր մի հանձնիր բիրտ մահին: