Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
How can my Muse want subject to invent
While thou dost breathe, that pour'st into my verse
Thine own sweet argument, too excellent
For every vulgar paper to rehearse?
O give thyself the thanks if aught in me
Worthy perusal stand against thy sight,
For who's so dumb that cannot write to thee,
When thou thyself dost give invention light?
Be thou the tenth Muse, ten times more in worth
Than those old nine which rhymers invocate,
And he that calls on thee, let him bring forth
Eternal numbers to outlive long date.
 
If my slight Muse do please these curious days,
The pain be mine, but thine shall be the praise.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ինչպե՞ս կարող է իմ Մուսան ցանկանալ առարկա՝ ստեղծագործելու,
Երբ դու շնչում ես, ինչը լցնում է իմ տաղերը
Քո սեփական քաղցր բովանդակությամբ, չափազանց հոյակապ՝
Յուրաքանչյուր սովորական թղթի համար, որ վերարտադրի։
Ո՜հ, տուր ինքդ քեզ շնորհակալություն, թե ինչ-որ բան իմ մեջ
Արժանի կարդալու կանգնում է քո հայացքի դիմաց,
Քանի որ ո՞վ է այնքան համր, որ չկարողանա գրել քեզ,
Երբ դու ինքդ տալիս ես ստեղծագործության լույս։
Եղիր դու տասներորդ Մուսան, տասն անգամ ավելի՝ արժեքով,
Քան այն հին ինը, ում հանգավորողներն են կոչում,
Եւ նա, ով դիմում է քեզ, թող ստեղծի
Հավերժական համարներ՝ վերապրելու երկար ժամկետներում։
 
Եթե իմ համեստ Մուսան հաճելի լինի այդ հետաքրքրական օրերին,
Ցավը լինի իմը, բայց քոնը՝ լինի գովքը։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Մի՞թե մուսաս կարող է պակասն զգալ նյութերի,
Քանի դեռ դու շնչում ես եւ իմ ամեն մի տողում
Այնքան անճառ ու քաղցր մտածումներ ես սփռում,
Որոնք արժան չեմ գտնում հանձնել կոպիտ թղթերին:
Եվ դու ինքդ քեզանից շնորհակալ պիտ լինես,
Եթե իմ մեջ գտնվի որեւէ բան գովական.
Մի՞թե չունեմ ասելիք, կարո՞ղ եմ լուռ մնալ ես,
Երբ դու ես ինձ պարգեւում ճաճանչները ներշնչման:
Եղիր մուսան տասներորդ, եւ տասն անգամ էլ հզոր,
Քան եղել են ինը ծեր մուսաները պոետի,
Եվ թող քեզնից ներշնչվողն ապագայում հեռավոր
Սքանչելի ու անմահ քերթվածները իր կերտի:

Թող այդ համեստ վաստակը վիճակվի իմ մուսային,
Իսկ նրա վեհ գովեստը թող քեզ հասնի լիովին:

Կարո՞ղ է իմ հեզ մուսան պակա՛ս զգալ նյութերի,
Երբ քո շունչը, սիրելիս, իմ ներշնչո՜ւմն է անսուտ,
Եւ ավելին ես տափս դու իմ համեստ երգերին,
Քան ինչ-որ թո՜ւյլ տողերի կրկնված ու ծեծված նյութ:
Շնորհակա՜լ եղիր քեզ,— եթե երգիս տողերում,
Գտնես թեկուզ երկու տող՝ արժանի քո ճաշակին,
Անճա՜րն է լոկ ընդունակ քեզ չերգե՛լ այս աշխարհում,
Երբ դու ի՛նքդ ես պարգեւում նյութն ու հնարքը երգի:
Եղիր Մուսան տասներորդ, տասնապատի՜կ գեղեցիկ
Մուսաներից այն չքնա՛ղ, որոնց դիմել են դարեր,
Եւ նա՛, ով քե՛զ է դիմում, թող այսուհետ ստեղծի
Այնպիսի ե՛րգ մի վսեմ, որ մահ չունի՜ արդարեւ…

Թե անարժան իմ մուսան դուր գա անլուրջ այս դարին,
Թող ջանքը ի՛մը փնի, իսկ քոնը՛ գովքն ու բարին:

(58) Ինչպե՞ս իմ մուսաս նիւթ կ՚ուզէ հնարել,
Երբ կաս, կը շնչես, իմ քերթուածին մէջ
Քեզմէ ծորելով քաղցըր բընութիւնդ,
Այնքան սքանչելի, զոր անբարեկիրթ
Որեւէ գրրիչ չէ կարող կրկնել:

Միայն ինքզինքիդ չնորհակալ եղիր,
Թէ ինձմէ մի բան արժանի լինի
Քու ներկայութեանդ ընթերցուելու․
Ո՞վ է այն յիմարն որ չը կարենայ
Քեզի գրելու, երբ ինքըդ անոր
Գիւտարարութեան լուսարձակ կուտաս:

Կ՚ուզեմ տասներորդ Մուսան որ ըլլաս,
Տասով աւելի արժանաւոր քան
Իննը հիներէն, որոնց յանգաստեղծ
Քերթողներն իրենց աղերսանքն կ՚ուղղեն:
Եւ անոնք որոնք քեզի կը դիմեն,
Ցաւիտենական տաղեր ըստեղծած
Թող ներկայանան, որպէս զի լաւէրժ
Ապրիլ կարենան ժամանակին մէջ։

Իմ վըտիտ Մուսաս էթէ կարենայ
Հաճույք պատճառել այս անօրինակ
Եւ իմ երկնելու յատուկ օրերուն,
Թող ցաւն իմն ըլլայ, բայց բաժինը քու
Պիտի անպայման գովեստըդ լինի:

Ինչպե՞ս կարող է իմ համեստ մուսան նոր նյութ հորինել,
Երբ դու քո շնչով պարգեւում ես ինձ տողեր կաթոգին.
Քեզանից բացի, ուրիշ ներշնչանք ես չեմ որոնել,
Թեեւ դժվար է թղթերին հանձնել քո վսեմ հոգին:
Ուստի, սիրելիս, քեզ պիտի լինես լոկ երախտապարտ,
Եթե երբեւէ դու իմ մեջ տեսնես արժանիք ու լույս.
Քեզ ո՞վ չի երգի եւ ո՞վ կկանգնի քո առջեւ հանդարտ,
Երբ քո պատկերով ներշնչմանն անգամ պարգեւում ես հույս:
Եղիր տասներորդ մուսան, սիրելիս, եւ նույնքան անգամ
Հաղթիր այն իննին, որոնց քերթողն է դիմում անդադար:
Քեզ տեսնողը թող գրի երգերն իր հավիտենական,
Որ չեն մոռացվի ու հավերժ պիտի ապրեն դարեդար:

Եթե իմ համեստ մուսան էլ հասնի օրերին այդ վես,
Վաստակն ինձ լինի, իսկ նրա շռայլ դրվատանքը՝ քեզ:

Խի՞ պիտի մուսաս անձ հորինելու կարիք ունենա,
Երբ դու շնչում ես ու շունչ ես լցնում — մե´ջը իմ տողի:
Հենց դո´ւ ես նյութը, շքեղ ու պայծառ, էսի´ կմնա,
Ոչ թե ծամծմված հորինվածքները տկար քերթողի:
Ու թե տողերըս անգույն-անկյանք չեն, գործս գի´ն ունի,
Երբ սրանք կարդաս ու դժգոհ չըլնես, քե´զ ասա. «Ապրե´ս»,
Քանզի տաղանդից լրիվ զրկվա´ծը ասելիք չունի,
Որովհետեւ չի վառվում քու լուս կերպարից, երբ նայում ա քեզ:
Ուրեմն, էղի 10-րդ Մուսաս, տասն անգամ հզոր
Առաջվա բոլոր իննը մուսայից՝ մուսա կանչողի:
Թո է´ն պոետը փառավոր դառնա, ով քեզնով էսօր,
Թունդ ոգեւորված, կերտում ա հանուն — քու փա´յլ ու շողի:

Թե համեստ մուսաս թովում ա էսօր տող կարդացողին,
Հմայքը քո´ւնն ա, իսկ չարչարանքը՝ տողը գրողին:

Ինչպես կարող է նյութ Մուսաս փնտրել,
Երբ դու ես հենց լցնում տաղերը իմ
Մտքով քո քաղցր՝ անչափ չքնաղ ու վեհ,
Որ այն գրվի մի հասարակ թղթին։
Ո՜հ, ինքդ քեզ դու շնորհակալ եղիր,
Թե արժանի գտնես ինձ մոտ մի բան,
Զի ո՞վ է համր այնքան, որ քեզ չերգի,
Երբ դու ես լույս տալիս ոգեշնչման։
Եղիր դու տասներորդ Մուսան․ հին ինը
Ուժով տասնապատիկ քեզ կզիջեն,
Եւ ով դիմում է քեզ, գիտի քո գինը,
Գործեր կերկնի, որ դարեդար կապրեն։

Եւ թե այդօր Մուսաս հաճո լինի,
Ցավն ինձ մնա, իսկ գովքը քեզ լինի։