Քեզ եմ կանչում, ո՛վ մահ, քեզ եմ կանչում վաստակաբեկ,
Տանջվեցա տեսնելով պատիվը ոտնակոխ,
Արժանիքը՝ ցնցոտիներով, անմեղությունը պղծված,
Հավատարմությունը՝ մատնված, ճշմարտությունը՝ շղթայակապ,
Հիմարներ, որ պարծենում են իրենց դափնիներով,
Իմաստուններ, նշավակության առարկա եւ հալածված,
Երկնային հրաշալի ձիրքը՝ կույրերի ծաղրին ենթարկված,
Տխմար զրպարտիչների չար հաղթանակը։
Եւ արվեստը՝ ահաբեկ իշխանության բռնությունից,
Ամբարտավան ճակատը ողորմելի անմտության
Եւ ոսկու ույժը եւ կործանիչ կրքեր
Եւ Բարիքը՝ գերի տիրագլուխ Չարիքի ձեռքին։
–––––
* Թարգմանված է ռուսերենից (Ֆ․ Չերվինսկու թարգմանությունից)։