Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
O thou my lovely boy, who in thy power
Dost hold Time's fickle glass, his sickle, hour;
Who hast by waning grown, and therein show'st
Thy lovers withering as thy sweet self grow'st;
If Nature (sovereign mistress over wrack),
As thou goest onwards still will pluck thee back,
She keeps thee to this purpose, that her skill
May time disgrace, and wretched minutes kill.
Yet fear her, O thou minion of her pleasure,
She may detain, but not still keep, her treasure!
Her audit (though delayed) answered must be,
And her quietus is to render thee.
 
( )
( )
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ո՜հ, դու, իմ սիրելի տղա, որ ի զորու ես
Պահել Ժամանակի փոփոխական հայելին, իր մանգաղը, ժամը․
Որ նվազելով ես աճում, եւ դրանով ցույց տալիս
Քո սիրողների թոշնումը՝ քո քաղցր սեփական աճի հետ:
Եթե Բնությունը (ինքնիշխան տիրուհին քայքայման նկատմամբ),
Երբ դու առաջ ես գնում, միշտ քաշում է քեզ հետ,
Նա քեզ պահում է այն նպատակով, որ իր հմտությունը
Կարողանա ժամանակին ամաչացնել եւ նենգ րոպեները սպանել:
Բայց մեկ է վախեցիր նրանից, Ո՜հ դու սիրեցյալ իր հաճույքի.
Նա կարող է կասել, բայց ոչ միշտ պահել իր գանձը:
Նրա հաշվեքննության (չնայած հետաձգված) պատասխանը պետք է կայանա,
Եւ իր պարտքի փակելը կլինի հանձնելը քեզ:
 
( ) *
( )
 
* Այսպիսի փակագծերով է տպագրվել այս գործը 1609 թվականի հրատարակության մեջ։ Քանի որ այն պարունակում է ընդամենը 12 տող՝ զույգ-զույգ հանգավորված, հրատարակիչը, թերեւս, կասկածել է, որ պիտի եւս երկու տող լիներ։ Մինչդեռ այս փայլուն բանաստեղծությունը իմաստային առումով միանգամայն ավարտուն է։ Պարզապես սա հնչյակ չէ եւ հնչյակների շարքում դրա հայտնվելը եւս մի ակնարկ է, որ այս հրատարակությունը իրոք հեղինակազորված չէր։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Անգին տղաս, քո իշխած ժամացույցը հեղհեղուկ,
Ժամանակի թրատող գերանդին է չարաշուք,
Որը ցույց է տալիս քեզ բյուր սրտերը թառամած,
Քանի դեռ դու աճում ես, ո՜վ հմայիչ արարած:
Բնությունը՝ գերագույն իշխանուհին կործանման,
Չի կասեցնում քայլերդ հանուն միայն այն բանի,
Որ նենգությամբ լոկ խաբի ժամանակը անվախճան,
Եվ ձանձրալի ու տխուր քո ժամերը ըսպանի:
Բայց վախեցիր, սիրելիս, քմայքներից պաշտողիդ,
Նա քեզ իբրեւ իր գանձը կպահի մի ակնթարթ,
Նա պետք է պարտքն իր մարի եւ կմնա միշտ անպարտ,
Եթե անձդ անհապաղ վերադարձնի վախճանիդ:

Օ՜, սիրելի պարմանի, որ իշխում ես մշտարթուն
ժամանակի հայելուն, ընթացքին ու գերանդուն,—
Եւ, կորուստից իսկ շահած, ծաղկում ես ու նորանում,
Երբ մենք, ավա՜ղ, քո կողքին թոշնո՜ւմ ենք ու ծերանում.
Բնությունը՝ կործանման Կայսրուհին ինքնիշխան,
Քեզ չի՜ թողնում շուտ հասնել հանգրվանին ծերության,
Որ ցույց տա ողջ աշխարհին, թե նա կարող է անգամ
Իր պաշտոնից ազատել ժամանակի՛ն բռնակալ…
Բայց ժամանակն ինչքան էլ քո վախճանը ձգձգի,
Մե՜կ է, ստույգ կորստից իր սիրելուն չի՜ փրկի.
Նրա մուրհակն,— ուշ, թե շուտ,— պիտի մարվի՜ իր հարկին,
Եւ մեծ Հաշիվը նրա՝ քո հաշի՛վն էլ կփակի:

(9) Ով դո՛ւն՝ տըղաս իմ սիրելի, ունիս ուժիդ մէջ բռնած
Ժամանակի փոխուող աւազ-գաւաթին հետ, մանդաղ, ժամ,
Կորովազուրկ բայց չափահաս, քեզ սիրողներն՝ քեզ լըքած,
Մինչ քո անուշ անձըդ կ՚աճի այս բոլորին հակառակ։

Բնութիւնն եթէ բեկորներու վըրայ տիրող Մեծ Տիկին,
Յառաջընթացըդ կասեցնէ պիտի քեզ ետ քաշելով,
Պիտ պահէ քեզ մէկ դիտումով՝ հընարքներով ժամանակն
Վարկաբեկել ծրագրելով, թըշուառացեալ վայրկեաններն
Ըսպաննելով։ Վախցի՛ր իրմէ, իր հաճոյքին դուն նոխազ․
Իր գանձը ան պիտի երբեք երկարատեւ չը պահէ։

Իր հաշուեփակն (ուշացած իսկ) պարտաւոր է կատարել,
Եւ իր ազատ արձակուելուն դուն պիտի գին վճարես։

Ո՛վ անուշ տղա, որ քո զորավոր ձեռքով աշխարհում
Նենգ ժամանակի հայելին, մանգաղն ու ժամն ես պահում,
Դու, որ աճելով ապացուցեցիր աշխարհին համայն,
Որ, մինչ ծաղկեցիր, սիրահարներդ թոշնեցին միայն.
Թե բնությունը՝ ավերածության վես իշխանուհին,
Չի քաղում դեռ քեզ՝ խնայելով քո պատկերը անգին,
Սոսկ այն պատճառով, որ ժամանակին նշավակ անի
Եւ այդ հնարքով նրա վայրկյաններն հերթով սպանի,
Բայց դու, որ դարձար նրա հաճույքի ցանկալի անձը,
Վախեցի՜ր, քանզի նա կարող է եւ խոցել իր գանձը.
Պարտքն իր, սիրելիս, թեկուզ ուշացած, նա պիտի մարի,
Անդորրագրով նա մահվանը քեզ պիտի վճարի:

Սիրասո´ւն տղաս, խոլ Ժամանակի տե´րն ես դու հլու,
Տերը գերանդու ու ժամազանգի, հեղհեղուկ հայլու,
Ու քչանալով ավելանում ես, որ քաղցրանաս,
Ու ցույց տաս, արդեն — թոշնող սիրելիդ դառնում ա պակաս:
Հլը ավերի ինքնիշխան տե´րը, Բնությո´ւնը վես,
Քեզ հե´տ ա պահում — դիտմա´մբ չի թողում՝ ավերին տրվես,
Որ Ժամանակը իր տեղն իմանա´, ու ամո´թ անի,
Որ ցույց տա նաեւ, որ հանգիստ կարա Գիշերն**) սպանի***):
Բայց զգո´ւշ էղի, ո´վ դու Բնության սիրասուն զավակ:
Բնությունը քեզ լոկ Ժա´մ ա տվե, մի պարտամուրհա´կ:
Երբ օրհասդ գա, կ’ելնի ու կասի. «Ժա´մն ա, վճարի´»,
Ու էդ վախտն ինքդ — պարտքդ հետ տալու գումար չե´ս ճարի:

–––––
*) Էս սոնետը միակն ա, որ կուպլետ չունի ու նորից տեղ-տեղ հակասական ա, հանգերն էլ aabb, ccdd ու eeff տիպի են:
**) Շեքսպիրի օրերին սովորություն էր, wr «գիշեր» ասելով հասկանան մահը:
***) Շեքսպիրի օրերին Բնությունը ու Ժամ(անակ)ը շատ անգամ համարվում էին հակամարտ աստվածուհիներ:

Իմ սիրելի՜ տղա, որ քո ձեռքում
Ժամանակի մանգաղն ես պինդ պահում․
Նվազելով աճում ես, ցույց տալով
Սիրողներիդ թոշնումը՝ քո աճով:
Թե Բնությունը (տերը քայքայման),
Քաշում է հետ՝ որպես քեզ պահապան,
Նա քեզ պահում է, որ իր հմտությամբ
Ժամանակին սաստի քո գոյությամբ:
Բայց մեկ է, սիրեցյալ իր, զգուշացիր.
Միշտ չէ, որ նա պահում է գանձը իր:
Կգա հաշվեքննումը անկասկած,
Եւ նա քեզ կհանձնի՝ պարտքի դիմաց: