Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Thy bosom is endeared with all hearts,
Which I by lacking have supposed dead,
And there reigns love and all love's loving parts,
And all those friends which I thought buried.
How many a holy and obsequious tear
Hath dear religious love stol'n from mine eye,
As interest of the dead; which now appear
But things removed that hidden in thee lie!
Thou art the grave where buried love doth live,
Hung with the trophies of my lovers gone,
Who all their parts of me to thee did give;
That due of many now is thine alone.
 
Their images I loved I view in thee,
And thou (all they) hast all the all of me.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Քո կուրծքը հմայիչ է բոլոր սրտերով,
Որոնք ես, դրանցից զրկված լինելով, համարել եմ մեռած,
Եւ այնտեղ տիրում են սերը եւ սիրո բոլոր սիրող բաղադրիչները,
Եւ բոլոր այն ընկերները, ում ես կարծում էի թաղված։
Որքան շատ սուրբ եւ բարեհաճ արտասուք
Թանկագին, կրոնական սերը հափշտակել է իմ աչքերից,
Որպես շահույթ՝ մեռածների․ որոնք այժմ թվում են
Սոսկ բաներ հեռացված, որ թաքնված են քո մեջ։
Դու գերեզման ես, որում թաղված սերն ապրում է,
Կախված ավարներով իմ սիրեցյալների՝ հեռացած,
Ովքեր բոլոր իրենց մասնաբաժիններն իմ նկատմամբ քեզ են տվել․
Ինչ շատերինն էր, այժմ քոնն է միայն։
 
Իրենց կերպարները, որոնք ես սիրում եմ, ես տեսնում եմ քո մեջ,
Եւ դու (բոլոր նրանք) ունեն բոլորը ինձ ամբողջությամբ։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Քո մեջ տեսնում եմ նրանց, ում իմ սիրտը մի ժամանակ պաշտում էր,
Եվ համարում էր մեռած, կորած ընդմիշտ ու անդարձ,
Այնտեղ իշխում է սերը եւ այն ամենը, ինչ կար,
Ինչ-որ թաղված էր թվում գերեզմանում դառնացած:
Քանի՜-քանի՜ արցունքներ սրբազան ու կաթոգին
Գողացել են աչքերս գերեզմանված սերերից,
Որպես տուրքը այն մարդկանց, ովքեր անցան մոռացության,
Իսկ այժմ նրանք ապրում են քո պատկերի մեջ նորից:
Դու գերեզմանն ես այն սիրո, որ իմ սրտում էր թաղված,
Եվ զարդարված ես նրանց ողջ ավարով թանկարժեք,
Ամեն մեկն իր բաժինը քեզ է տվել նվիրված,
Եվ դու դարձել ես նրանց ժառանգորդը միակ, վսեմ:

Նրանց սերը իմ հոգում քեզ է անցել բովանդակ,
Եվ դու ես իմ միակ սերն ու տիրակալը մենակ:

Ես լսում եմ քո սրտում զարկն այն բոլոր սրտերի,
Որոնց վաղո՜ւց ես կորա՛ծ-մեռա՛ծ էի համարում.
Թագավորում են այնտեղ սերն ու տենչերը բարի,
Եւ քո սրտում են նրանք մարմնավորվել աշխարհում…
Ինչքա՜ն մահի ու թաղման արցունքներ եմ ես լացել,
Սգալով մահն անսփոփ բարեկամի, սիրելու,
Չիմանալո՜վ, որ նրանք ոչ թե մոխիր են դարձել,
Այլ ապաստան են գտել քո ջերմ կրծքում, սիրելի՛ս:
Այն շիրիմն է սիրտը քո, որտեղ, առած հարություն,
Ապրո՜ւմ, շնչո՜ւմ են նրանք՝ հուշերով թանկ, անանուն,—
Նրանք բոլորը հիմա գտնվում են քո սրտում,
Եւ ինչ տվել եմ նրանց՝ ողջը քե՜զ է պատկանում:

Ում սիրե՛լ եմ երբեւէ, քո մե՛ջ եմ արդ տեսնում ես,—
Դու ողջ գումարն ես նրանց, գումարած սե՛րն իմ անտես…

(4) Բոլոր սիրտերն հըրապուրուած են քու գիրկէն ու ծոցէն,
Որմէ զրկուած, կը կարծէի թէ ան մեռած էր յաւէտ.
Բայց այնտեղ սէրն է կը տիրէ, սիրոյ բոլոը մասնիկներ,
Եւ իմ բոլոր բարեկամներ որոնք թաղուած են այնտեղ:

Որքան մաքուր ու սուրբ արցունք, եւ արցունքներ կեղծպատիր,
Կըրօնական եւ սիրելի սէրն է գողցեր իմ աչքէն,
Իբրեւ տոկոս մեռելներու, որոնք հիմա կը թըւին
Լոկ հեռակա իրեր որոնք քու շուջիդ մէջ կը պառկին:

Դուն դամբարանն ես ուր կ՚ապրի գերեզմանուած սէրն անգամ,
Ուր կախուած կան եւ դափնիներն իմ սիրահար անձերուն,
Որոնք ինձմէ առած բոլոր իրենց մասերն քեզ տըւին
Եւ հիմա քուկդ են միմիայն ինչ որ շատերն ունէին:

Պատկերներն իմ սիրածներուս քու մէջըդ ես կը տեսնեմ,
Եւ դուն ունիս (ինչպէս անոնք) ամբողջն ամբողջ որ եսն եմ։

Օ՜, քո կրծքի մեջ քանի՜ ու քանի՜ սրտեր են նիրհում,
Որոնց, ինձանից հեռու լինելով, մեռած եմ կարծել,
Բայց սերն է այնտեղ իր շնորհներով հավիտյան տիրում,
Եւ դեմքերն անգին, որոնց մահն եմ ես անդադար լացել:
Որքա՜ն անարատ եւ հեզաբարո արցունք է խլել
Իմ թաց աչքերից սերը ջերմեռանդ ու պատկառական,
Բայց հիմա գիտեմ, որ այս աշխարհից նրանք չեն մեկնել,
Այլ քո մեջ են այդ հոգիներն անտուն ու թափառական:
Դու այն շիրիմն ես, ուր ապրում է միշտ սերը դամբանած,
Որտեղ կախված են ննջեցյալների ավարները վես:
Նրանք ինձանից քեզ փոխանցեցին շնորհներն անանց,
Եւ շնորհափայլ գանձերը հիմա պատկանում են քեզ:

Դեմքերն իմ սիրած քո մեջ եմ հիմա ես տեսնում միայն,
Եւ դու, նրանց հետ, ունես իմ հոգու գանձերը համայն:

Ում վաղուց արդեն մեռած եմ կարծում, ով արդեն չկա,
Կա հենց քո´ւ հոգում: Սրա´ համար ա քաղցր քու հոգին:
Էղած-չէղածով — էնտե´ղ ա սերը լրիվ տիրակալ,
Մշուշ անցյալը էնտե´ղ ա էրազ — անգետ բողոքին:
Ու որ ինչքան էլ սուրբ կամ շողոքորթ արտասուք հեղեմ,
Որ ակնածալի սե´րը վաշխառու մի´շտ ա փայ տանում
Հողի տակ անում, — պահը հերի´ք ա, որ իրանց պեղեմ,
Որովհետեւ բոլորն էլ, ապրում են անտես, հենց քո´ւ պատյանում:
Դու է´ն շիրիմն ես, ուր որ ապրում ա անցյալս ուրու,
Ամեն անկյունում կախ արած մի հին սիրո հաղթավար:
Իրանք ինձ, մաս-մաս, քե´զ են տվել ու — իրա´նք են բուրում,
Իրա´նք են ապրում արդեն հենց քո´ւ մեջ, լրի´վ ինքնավար:

Ու հենց քեզ նայեմ, իրա´նց եմ տենում ես ամեն անգամ,
Որովհետեւ դու ինքդ (այսինքդ իրա´նք) ի´նքըս եմ, որ կամ:

Քո կուրծքն է թանկ բոլոր այն սրտերով,
Որոնք ես համարում էի մեռած,
Եւ անդ տիրում են սերն իր հույզերով
Եւ ընկերներն, ում գիտեի թաղված։
Որքան շատ սուրբ եւ բարեհաճ արցունք է
Անհուն այդ սերն իմ աչքերից կորզել
Իրենց օգտին․ ովքեր ասես երկունք են
Քո մեջ թաքուն գտել եւ բնակվել։
Շիրիմ ես դու, ուր սերն հողված ապրում է,
Կախված են ավարներն իմ սերերի,
Ովքեր տվել են քեզ հոգուս ավյունը․
Եւ քոնն է արդ, ինչ ձոն էր շատերին։

Քո մեջ իրենց տեսնում եմ բոլորին,
Եւ դու՝ նրանք՝ ունեք ինձ լիովին։