Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Ah wherefore with infection should he live,
And with his presence grace impiety,
That sin by him advantage should achieve,
And lace itself with his society?
Why should false painting imitate his cheek,
And steal dead seeming of his living hue?
Why should poor beauty indirectly seek
Roses of shadow, since his rose is true?
Why should he live, now Nature bankrupt is,
Beggared of blood to blush through lively veins,
For she hath no exchequer now but his,
And proud of many, lives upon his gains?
 
O him she stores, to show what wealth she had,
In days long since, before these last so bad.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ա՜խ ինչո՞ւ աղտի հետ պետք է նա ապրի*,
Եւ իր ներկայությամբ քողարկի անպատվությունը,
Որ մեղքը շնորհիվ իրեն առավելության հասնի,
Եւ կապի իրեն իր հանրությանը:
Ինչո՞ւ պետք է կեղծ ներկը նմանակի նրա այտը.
Եւ գողանա մեռյալ նմանակը նրա կենդանի երանգը:
Ինչո՞ւ պետք է աղքատ գեղեցկությունը զարտուղիորեն փնտրի
Վարդեր ստվերի, քանի որ նրա վարդը իսկական է:
Ինչո՞ւ նա պետք է ապրեր հիմա, երբ Բնությունը սնանկ է,
Աղքատացած արյունով, կարմրով լցնելու համար կենդանի երակները,
Քանզի նա չունի գանձարան այժմ բացի իրենից,
Եւ հպարտ շատերով, ապրում է նրա վաստակով:
 
Ո՜հ նրան նե պահում է՝ ցույց տալու, ի՜նչ հարստություն է նե ունեցել
Օրերում վաղուց անցած, մինչեւ այդ վերջինները՝ այսքան վատ:
 
* Դժվար ընկալվող հնչյակ է․ խրթին ձեւակերպումներով։ Այնքան կտրուկ հակադրվում է նախորդ հանճարեղորեն պարզ եւ կատարյալ հնչյակից, որ դժվար է պատկերացնել, թե այդ երկուսը առհասարակ միեւնույն մարդու գործ են, մինչդեռ երբեմն համարվում է, որ սա նախորդի շարունակությունն է։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Օ՜, ինչո՞ւ իմ սիրելին ապականված միշտ ապրի,
Եվ իր գողտրիկ ձիրքերը այն աստիճան անարգվեն,
Որպեսզի մեղքն առավել հարգ ու պատիվ ձեռք բերի,
Եվ դրանով պարծենա ու զարդարի նա իրեն:
Ինչո՞ւ նրա այտերի երանգները թարմագեղ
Չարափոխել արվեստի կեղծ ու մեռած գույներով,
Ինչո՞ւ նրա հմայքը կեղծ վարդ փնտրի ուրիշ տեղ,
Երբ հենց ինքը մի վարդ է անուշաբույր ու գերող:
Սակայն այժմ, երբ արդեն բնությունն է հույժ սնանկ,
Երբ կարոտ է նա արյան եւ անզոր է վերստին
Երակներին ցամաքած տալ թարմություն ու նոր կյանք,
Նա ապրում է նրանով, որպես գանձով իր վերջին:

Նա այդ գանձը պահում է, որ մեզ ցույց տալ կարենա,
Թե մինչ վերջին աղետը որքան ճոխ է եղել նա:

Ա՜խ, ինչո՜ւ է նա արատների հետ մեկտեղ բնակվում
Եւ ինքն իրենով զարդարում դեմքը անպարկեշտության.—
Որպեսզի մեղքն ու արատը իշխե՜ն իր վրա կյանքում,
Թե՞ սուտը զուգվի՜ նրա օգնությամբ ու ներկայությամբ…
Ինչո՞ւ է ձգտում նա արհեստական տեսք տալ իր դեմքին,
Երբ գեղեցկության տիպա՜ր է նրա դեմքը բնական.
Ինչո՞ւ է փնտրում վարդեր սարքովի՛, մեռա՛ծ, անհոգի՜,
Երբ բնակա՛նն է բոլոր վարդերի իշխանն ու արքան…
Ինչո՞ւ է նրան պահում-պահպանում բնությունը դեռ,
Երբ, սնանկացած, ի՜նքն է ծարավի արյան ավիշի,
Եւ, որովհետեւ, բացի նրանից, չունի՜ այլ գանձեր,
Աներեսի պես ապրում է նրա շահածի հաշվին…

Օ՜, բնությունը պահում է նրան, ցույց տալու համար,
Թե ինքն ինչքա՜ն էր հարուստ, մինչեւ այս տարիները չար…

(64) Ինչո՞ւ համար ախտավարակ պիտի ապրի անիկա,
Եւ քաջալեր այդպէս դառնայ անօրէնին ամբարիշտ,
Եւ մեղքն իրմով առաւել շահ ապահովել կարենայ,
Եւ մեղքն ինքզինք երիզասփիւռ դարձնէ ընկեր անբաժան:

Կեղծ գոյներով ինչո՞ւ փորձել նմանեցնել իր այտին,
Եւ կենդանի դէմքի գոյնին խառնել մեռած երեւոյթ:
Ինչո՞ւ խեղճուկ գեղեցկութիւնն անուղղակի ձեւերով
Ըստուերներու վարդեր փընտռէ, քանի մ՚որ ինք ճշմարիտ
Վարդն իր ունի:
                                Հիմա Բնութիւնն է երբ սնանկ, ինչո՞ւ ան
Արիւնաքամ պիտի ապրի, երբ այլապէս կենսունակ
Երակներուն մէջէն հոսէր պիտի արիւնն իր կեանքին:
Զի Նէ հիմա հաշուեքննիչ չունի բացի անորմէն,
Եւ Նէ, հպարտ շատ շատերով, կ՚ապրի անոր վաստակով:

Զայն կ՚ամբարէ Նէ, փաստելու թէ անցեալին մէջ ինչքան,
Նախ քան վերջին այս գէշ օրերն, ունէր գանձեր ամբարած:

Ա՜խ, իմ սիրելին ինչո՞ւ է ապրում աղտեղության հետ
Եւ անպատվությունն իր ներկայությամբ դարձնում վեհապանծ.
Չէ՞ որ այդ մեղքը նրա ձեռքով է դառնում ընչավետ
Եւ նրա ձեռքով զարդարում է իր արատներն անանց:
Ինչո՞ւ է նրա պատկերը կեղծում ամեն նկարիչ՝
Խլելով նրա անուշ այտերի երանգը անմեռ,
Կամ գեղեցկությունն ինչո՞ւ է փնտրում վարդեր զմայլիչ,
Երբ այս աշխարհում ամենաչքնաղ ծաղիկն է նա դեռ:
Ինչո՞ւ է ապրում, երբ բնությունն է անբեր ու սնանկ
Եւ չունի արյուն, որ շառագունեն երակները մութ,-
Քանզի աշխարհում նա՛ է բնության գանձն ամենաթանկ,
Նա՛ է աշխարհում բնությանը միշտ բերում եկամուտ,

Որ հպարտանա բնությունը իր գանձով հիասքանչ,
Տարիներ հետո՝ վերջին եւ վատթար օրերից առաջ:

Մարդն արդեն տարեց — խի՞ պիտի հասնի խղճուկ ծերության,
Ու իր գոյությամբ բնության շուքը ավիրի, պղծի,
Ու իր էդ մեղքով — խիստ հզորանա մեջը հանրության,
Ի´ր օրինակով կարգը բնական — ակամա եղծի:
Խի՞ պիտի դեմք ու այտերն էդ մարդու պատվեն շպարով,
Որ ուրիշները իրան համարեն մի հոյակապ զարդ,
Ինքն էլ հա ձգտի շպար կեղծամին, հետո, ոչ բարով —
Զարդարի իրան, երբ որ հենց ի´նքն ա զարդարուն մի վարդ:
Երբ Բնությունը սնանկ ա ինքնին, ու արունն իսպառ
Կարմիր չի ներկում նախկին պատանու այտերը գունատ,
Խի՞ ա ման գալի էդ թոշնած վարդին երանգ ու շպար,
Խի՞ չի վերանում էդ անգույն մարդը, չոր ու ուժահատ:

Որ գլխի ընկնենք, որ իրա շուքը (խղճուկ էս պահին),
Շա´տ-շատ էր շքեղ, չնայած էսօր հասել ա մահին:

Ա՜խ, նա ինչո՞ւ պիտ աղտի հետ ապրի*,
Եւ իր պատվով ծածկի անպատվությունը,
Որ մեղքը իր հաշվին բարգավաճի,
Ապա կապի իրեն եւ հանրությունը:
Ինչո՞ւ պիտ պատճենի շպարն իր այտերը.
Եւ գողանա երանգն իր կենդանի։
Ինչո՞ւ թողած իր իսկական վարդերը
Աղքատ պերճանքը կեղծը որոնի:
Ինչո՞ւ ապրի, երբ Բնությունը սնանկ է,
Որ երակներ լցնի ալ արյունով,
Քանզի արդեն չունի այլ գանձն ու հանքը,
Եւ արդ ապրում է նա իր վաստակով:

Պահում է՝ ցույց տալու, ի՜նչ գանձ ուներ
Հնում, մինչ որ եկան այս գարշ օրերն: