90

90

Then hate me when thou wilt, if ever, now
Now while the world is bent my deeds to cross,
Join with the spite of Fortune, make me bow,
And do not drop in for an after-loss.
Ah do not, when my heart has scaped this sorrow,
Come in the rearward of a conquered woe;
Give not a windy night a rainy morrow,
To linger out a purposed overthrow.
If thou wilt leave me, do not leave me last,
When other petty griefs have done their spite,
But in the onset come; so shall I taste
At first the very worst of Fortune's might;

And other strains of woe, which now seem woe,
Compared with loss of thee, will not seem so.

Տողացի թարգմանություն (Ռ․ Թ․)

Ուրեմն ատի՛ր ինձ, երբ դու ուզես, թե երբեւէ՝ հիմա
Հիմա, երբ աշխարհը հակված է իմ գործերին խաչ քաշել,
Միավորվի՛ր Ճակատագրի չարության հետ, դարձրո՛ւ ինձ աղեղ,
Նաեւ մի՛ արի, որպես վերջին կորուստ:
Ա՜հ, մի՛ արա, երբ իմ սիրտը կխուսափի այս ցավից,
Արի պարտված վշտի վերջապահում․
Մի՛ հավելի՛ր քամոտ գիշերվան անձրեւոտ առավոտ, 
Հետաձգելով մտածված կործանումը։
Եթե դու ուզում ես լքել ինձ, մի լքիր ինձ վերջում,
Երբ մյուս մանր ցավերը կավարտեն իրենց վնասը,
Այլ եկ սկզբնագրոհի հետ․ այդպես ես կճաշակեմ
Հենց սկզբից վատագույնը Ճակատագրի ուժի․

Եւ այլ տեսակի վշտեր, որոնք այժմ թվում են վշտեր,
Համեմատած քեզ կորցնելու հետ, չեն թվա այդպիսիք:

Գեւորգ Էմին

Եթե պիտի ինձ լքե՛ս,– լավ է լքես հենց հիմա՛,
Երբ այս աշխարհը արար թշնամի՜ է իմ անձին,
Միացի՜ր իմ չար բախտին և ծունկի՛ բեր ինձ.– միայն
Չլինե՜ս ցավն իմ վերջին, ինձ չխոցե՜ս առանձին…
Հազի՜վ փրկված մի ցավից և նրա բյուր վերքերից,
Ծա՜նր է խփվել թիկունքից և նոր ցավի դիմանալ.–
Թող փոթորկոտ գիշերը անձրևոտ օր չբերի,
Եվ, անկումն իմ անխուսափ՝ չձգձգվի՜, չուշանա՜…
Թե ուզում ես ինձ լքել – մի հապաղիր էլ այնքա՜ն,
Մինչև մանր վշտերից ուժասպառվե՜մ, թուլանա՜մ,
Լքիր իսկո՜ւյն, որպեսզի միանգամից ես զգամ,
Մեծ հարվածն այն, որին ես՝ հետո դժվա՜ր դիմանամ…

Եվ այն վշտերը, որոնք ծա՜նր են թվում ինձ հիմա,
Մա՜նր թվան ու չնչին՝ քո կորստի համեմատ…

Սամվել Մկրտչյան

Ուրեմն ատիր, թէ պիտի ատես, ատիր հէնց հիմա,
Հիմա, երբ աշխարհն հակառակուել է իմ արարքներին,
Ձեռք ձեռքի տուած յոռի բախտի հետ` ծնկիր ինձ հիմա
Եւ մի այցելիր` մխիթարելու իմ սիրտը կրկին:
Ա՜խ, պէտք չէ, չգաս, երբ անցած լինեն օրերս ցաւոտ,
Չերեւաս յանկարծ անցած-գնացած վշտի ետեւից,
Իմ փոթորկաշունչ գիշերուան չտաս տամուկ առաւօտ,
Չյետաձգես իմ յօժարակամ վախճանը նորից:
Թէ պիտի լքես, թող որ չլինեմ ես քո վերջինը
Եւ չտառապեմ չնչին ցաւերից ես գիշեր ու զօր.
Հէնց հիմա՛ լքիր, որ չզգամ դրա ցաւաբեր գինը,
Այլ միանգամի՛ց ճաշակեմ բախտի հարուածը հզօր,

Եւ այն խոր վիշտը, որ հիմա միայն ինձ է թւում վիշտ,
Քո կորստի հետ համեմատուելիս կը չքուի ընդմիշտ:

Մերուժան Հարությունյան

Ատի հենց էսօ´ր, եթե վաղ թե ուշ – պիտի´ ինձ ատես: 
Էսօ´ր, երբ կյանքը մտքին դրել ա վաստակս ջնջի´, 
Միացի´ բախտի պարսաքարերին, որ ուղիս հատե´ս –
Ո´չ թե ըսպասի, որ մի չա´ր առիթ քեզ հատուկ կանչի: 
Խելահեղ սիրտս էլ չի´ փոթորկվում խելագար բոցով:
Նորից ձեռ չտա´ս ծնկաչոք ողբիս անթեղ կրակին,
Մռայլ գիշերըս հանկարծ չփոխե´ս – չա´ր լուսաբացով,
Բա´խտս կանխորոշ – թո մնա խավա´ր, առանց ճրագի´: 
Թե պիտի լքես, ոտըդ հետ մի´ քից – հենց էսօ´ր լքի, 
Որ էս առօրյա ցավ ու դարդերը ցա´վ չհամարեմ:
Արի հենց դեմի´ց: Ու թո վերջնական հարվածը կյանքի
Ինձ դեմի´ց հասնի: Ու թո էդ լեղին – դեմի´ց ճաշակեմ,

Որ մանր-մունր ու անկարևոր ցա´վը էսօրվա, 
Որ մա´հ ա թվում, կորըստիդ դիմաց հե´չ բան էրեվա:

Ռուբէն Թարումեան

Ուրեմն ատի՛ր, եւ թե կուզես՝ հիմա՛։
Հիմա, երբ որ աշխարհն ինձ հակառակ է,
Ճկի՛ր ինձ բախտիս հետ դու անխնա,
Ու նաեւ մի՛ եղիր վերջին փորձանքը:
Ա՜հ, մի՛ արա, երբ ես ցավից փրկվել եմ,
Արի պարտված վշտի վերջապահում․
Մի՛ հավելիր քամոտ մթին անձրեւը․ 
Մի՛ հապաղիր, թե ցավ ես ինձ բերում։
Եթե կուզես լքել ինձ՝ ոչ վերջում,
Երբ մյուս ցավերը կավարտեն սկսածը,
Այլ եկ սկզբնագրոհով․ որ հենց սկզբում
Ես ճաշակեմ Ճակատագրի հարվածը․

Զի այլ վշտեր, որ ա՛րդ են վիշտ թվում,
Քեզ կորցնելու հետ չեն համեմատվում:

Աշոտ Ոսկանյան

Ուրեմն ատիր, եթե ուզում ես, բայց ատիր հիմա,
Հիմա, երբ աշխարհը ամբողջ ինձ գամել է խաչին,
Բախտիս զայրույթին միացիր, ինձ ծռիր անխնա,
Միայն չդառնաս իմ դեմ սլաքված հարվածը վերջին։
Միայն չսպասես, մինչ սիրտս բուժվի վերքերից բազում,
Որ հետո մի նոր բանակով բզկտես այն իսպառ.
Լքիր ինձ այժմ, եթե ինձանից հեռանալ ես ուզում,
Մի թող գիշերիս հաջորդի այգը` անձրեւից խավար.
Արա ինչ վճռել ես եւ զուր չհապաղես
Մինչ անձկությունները մանր լափում են ինձ ագահ։
Միանգամից խոցիր։ Թող առաջինը գա
Վատթարը ամենից - այդժամ կզգամ ինչպես

Գալիք վշտերս բյուր, որ վիշտ էին թվում,
Քո կորստյան ցավից խամրում են, համրանում։