Տառաչափ՝
1 / 1
Բնագիր

Is it for fear to wet a widow's eye
That thou consum'st thyself in single life?
Ah! if thou issueless shalt hap to die,
The world will wail thee like a makeless wife;
The world will be thy widow and still weep,
That thou no form of thee hast left behind,
When every private widow well may keep,
By children's eyes, her husband's shape in mind:
Look what an unthrift in the world doth spend
Shifts but his place, for still the world enjoys it,
But beauty's waste hath in the world an end,
And kept unused the user so destroys it:

No love toward others in that bosom sits
That on himself such murd'rous shame commits.

1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ

Արդյո՞ք վախն է թրջելու այրու աչքը 
Որ դու սպառում ես ինքդ քեզ միայնակ կյանքում:
Ա՜հ, եթե դու անզարմ պատահի մեռնես,
Աշխարհը կողբա քեզ ինչպես անզուգ կինը.
Աշխարհը կլինի քո այրին եւ միշտ կլացի,
Որ դու ոչ մի կերպարանք քո չթողնես քո ետեւից,
Երբ յուրաքանչյուր սովորական այրի կարող է պահել,
Երեխաների աչքերով իր ամուսնու կերպարանքը մտքում.
Տե՛ս, ինչը որ մսխողը աշխարհում ծախսում է
Սոսկ փոխում է իր տեղը, քանի որ աշխարհը դեռ վայելում է այն,
Բայց գեղեցկության կորստով այն ունենում է աշխարհում իր վերջը,
Եւ պահելով չօգտագործված օգտվողն այդպիսով ոչնչացնում է այն.

Չկա սեր հանդեպ ուրիշների այն սրտում
Որ իր իսկ նկատմամբ այդպիսի սպանիչ ոճիր է կատարում: 

1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Այրի կնոջ արցունքի վա՞խն է արդյոք քեզ ստիպում,
Որ չես ուզում ամուսնանալ եւ ապրում ես միայնակ.
Ա՜խ, եթե դու անզավակ կյանքդ հանձնես մահվան մութին,
Ողջ աշխարհը կսգա քո կորուստը անօրինակ:
Աշխարհն ինքը կդառնա քո այրին սգավոր,
Եվ կողբա, որ դու ոչ մի հետք չթողիր քեզանից,
Մինչդեռ ամեն մի այրի իր որդու մեջ մխիթարված՝
Կարող է գտնել ամուսնու պատկերը նորից:
Այն հարստությունը, որ վատնում է շռայլողը կյանքում,
Տեղափոխվում է միայն մի ուրիշի ձեռքը նոր,
Բայց գեղեցկությունը վատնված այս աշխարհում,
Կորչում է անդարձ, թաղվում հողում խավարավոր:

Չի կարող սեր ունենալ ուրիշների հանդեպ նա,
Ով իր անձի դեմ այդպես անգութ ոճիր է անում:

Գուցե ահի՞ց է այրու արցունքի,
Որ դու վճռեցիր մնալ ամուրի.
Բայց, եթե մեռնես առանց զավակի,
Արար աշխարհը կմնա այրի.
Եւ այրի կնոջ նման կսգա՛,
Որ դու քեզ նման ժառանգ չթողի՜ր…
Մինչ ամեն այրի դեմքին իր մանկան
Ամուսնու դե՛մքն է նշմարում թովիչ:
Շվայտի վատնած ամեն կայք ու գանձ
Իր տեղը փոխո՛ւմ, բայց չի՜ չքանում,
Մինչ գեղեցկությունն անցնո՜ւմ է անդարձ,
Չկրկնվելով՝ իրեն կործանո՛ւմ:

Բայց կարո՞ղ է մեկն ուրիշին սիրել,
Երբ թշնամի է կյանքում… ինքն իրե՛ն…

(18) Այրի կընոջ արցունքներուն, թաց աչքերուն, վա՞խն է արդեօք,
Որ կը ստիպէ՝ քեզ ըսպառել ինքզինքդ կեանքին մէջ մենաւոր.
Թէ պատահի որ անզաւակ մահանալով դուն հեռանաս,
Աչխարհ պիտի ողբայ ըզքեզ իբրեւ ձախորդ, ըստերջ մի կին.
Աչխարհը քու այրին պիտի դառնայ, ողբայ, որովհետեւ
Դուն քու տիպէն ոչ ոք թողիր քու ետեւէն, քեզ հիշեցնող,
Երբ կեանքին մէջ իւրաքանչիւը պարզուկ այրի իր մտքին մէջ
Կը պահէ կերան իր ամուսնոյն, զաւակներուն աչքին մէջէն:

Տե՛ս, անառակն աշխարհի մժԷջ ինչպէ՜ս ամէն ինչ կը սպառէ,
Միայն իր տեղը փոխելով. ատկէ՝ աշխար հաճոյք կ՚առնէ.
Գեղեցկութեան բայց ըսպառումն աշխարհի մէջ վերջ մը ունի.
Եթէ պահուի՝ չը գործածուած, այդ անձը զայն կ՚ոչնչացնէ։

Ով ինքն իր վրայ մահասարսուռ ամօթը այս որ գործադրէ,
Անոր ծոցին մէջ ոչ մէկ սէր այլոց հանդէպ կրնայ ծընիլ:

Արդյո՞ք երկյուղից, որ աչքերն այրու  կթրջվեն համակ,
Անխոհեմաբար դու հանձնել ես քեզ մենակյաց կյանքին,
Սակայն իմացիր, եթե մահանաս մի օր անզավակ,
Աշխարհը լքյալ ողբալու է քեզ, հանց անայր մի կին:
Աշխարհը ինքը՛  կդառնա այրի ու  կհեծեծա,
Որ չթողեցիր քեզանից հետո քո պատկերն անգին,
Մինչ դժբախտացած այրին ամուսնու դեմքը նորընծա
Տեսնելո՛ւ է դեռ իր զավակների աչքերում կրկին:
Տես, որ շռայլողն, որ այս աշխարհում վատնում է անվերջ,
Սոսկ տեղն է փոխում` հաճոյանալով աշխարհին համայն,
Սակայն աշխարհում պերճությունն, ավա՜ղ, չի մնում միշտ պերճ,
Եւ անգործացած գործածողն իսկույն կործանում է այն:

Ո՛չ մի զգացմունք ուրիշի հանդեպ չկա այդ կրծքում,
Երբ ի՛ր նկատմամբ նա այս հանցավոր ոճիրն է գործում:

Կարո՞ղ ա՝ վախից, որ այրի մի կին հանկարծ հեկեկա,
Անկին ու անզույգ սպառում ես քեզ, մենա´կ ես մնում:
Կմեռնե´ս, ախր, ազապ, անզավակ, մենակ, անվկա,
Ու հա´ կսըգան, որ հյութդ ամո´ւլ արտերն էր սնում: 
Այրին քու կըլնի աշխարհը ամբողջ, լաց ու կոծ կանի,
Որ քու կերպարը ժառանգ չթողեց, որ տեսքդ մնա:
Այնինչ կինն անմարդ — հայացք ձգելու միշտ հնար ունի´
Իր իսկ ամուսնուն: Զավակի´ն նայես, մարդո´ւն կիմանա: 
Ցոփ ու շվայտը ինչ էլ որ ցփնի, հետո հեռանա,
Ի´նքը չի շահի, տեղը կմնա մնացողներին:
Հմի սիրուն ես, բայց աշխարհը քեզ — շո´ւտ կմոռանա,
Պարապությունը ձիրքդ կսպանի, ու չի էլ ների:

Ով իրա հանդեպ ըսենց անամոթ հանցանք ա անում,
Սիրտ չունի կրծքում ու այլոց համար սեր չի ունենում:

Արդյո՞ք այրու աչք թրջելու վախից ես
Սպառում դու քեզ կյանքովդ ամուրի։
Ա՜հ, թե անզարմ գնաս դու աշխարհից այս,
Աշխարհը կողբա ինչպես այրի․
Աշխարհը կողբա որ քեզ կորցնում է,
Որ չմնաց կերպարդ քո որդում,
Մինչ հասարակ ամեն այրի պահում է,
Կերպարը ամուսնու՝ զավակներում։
Տե՛ս, մսխողի ծախսածը աշխարհում,
Փոխում է տեղը սոսկ, սակայն մնում է․
Իսկ վատնված պերճանքը չի փրկվում․
Չօգտագործված՝ իսպառ ոչնչանում է։

Այլոց հանդեպ չունի սեր իր սրտում,
Ով ինքն իր դեմ ոճիր է կատարում։