Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Sweet love, renew thy force, be it not said
Thy edge should blunter be than appetite,
Which but today by feeding is allayed,
Tomorrow sharp'ned in his former might.
So, love, be thou: although today thou fill
Thy hungry eyes even till they wink with fullness,
Tomorrow see again, and do not kill
The spirit of love with a perpetual dullness:
Let this sad int'rim like the ocean be
Which parts the shore, where two contracted new
Come daily to the banks, that when they see
Return of love, more blest may be the view;
 
As call it winter, which being full of care,
Makes summers welcome, thrice more wished, more rare.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Քաղցր սեր, նորացրու քո ուժը, թող չասեն
Քո սայրը էլբութ կլինի, քան ախորժակը,
Որը սոսկ այսօր է սնվելով հագեցած,
Վաղը սրվում է իր նախկին աստիճանի։
Այդպիսին, սեր, եղիր դու․ թեեւ այսօր դու լցնում ես
Քո քաղցած աչքերը այնքան, մինչեւ դրանք փակվում են հագեցվածությունից,
Վաղը նայի՛ր կրկին եւ մի՛ սպանիր
Ոգին սիրո մշտական ծուլությամբ․
Թող այդ տխուր ժամանակամիջոցը ինչպես օվկիան լինի,
Որը մասնատում է ափերը, ուր երկու նշանված նոր
Գալիս են ամեն օր ափ, որ երբ իրենք տեսնեն
Վերադարձը սիրո, ավելի օրհնյալ կարող է լինել տեսարանը․
 
Կամ անվանի՛ր դա ձմեռ, որը լինելով լի տագնապով,
Անում է ամառը հյուրընկալ, եռակի ավելի ցանկալի, ավելի հազվագյուտ։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Կազդուրիր քեզ, անուշ սեր, քո հրայրքը պահպանիր,
Մի բթացիր ինչպես այն ախորժակը գրգռված,
Որը այսօր հղփանում, բայց վաղը բութ սայրն իր
Կրկին անգամ է սրում նոր եռանդով թարմացած:
Այդպես եղիր դու, ո՜վ սեր, երբ դու այսօր հագեցել
Եվ փակում ես սովատանջ քո աչքերը սիրակեզ,
Պահիր փակված եւ տոկա մինչեւ վաղը սպասել,
Որ միակերպ ժամերով սիրո բոցը չմարես:
Այդ տխրալի դադարը թող օվկիանին նմանվեր,
Որը լքված ափերին փարվում է ջերմ ավելի,
Ուր գալիս են սիրահար, խանդավառված նոր զույգեր,
Որ նոր անհուն հրայրքով ողջագուրվեն սիրով լի:

Կամ նմանվի թող դաժան, ցուրտ ու տաղտուկ ձմեռվա,
Որ գալուստը նոր գարնան եռապատիկ պերճ թվա:

Հառնի՜ր, սեր իմ վերստի ն եւ մի՛ ընկնի թուլացած,
Որ չասե՜ն, թե սայրը քո ախորժակի՛դ է նման,
Եւ բթանո՜ւմ է այսօր՝ ուտեստներից հագեցած,
Որ վաղն էլի՛ գրգռվի խորտիկներից բազմազան:
Դո՛ւ էլ այդպես եղիր, սե՛ր. — թեեւ աչքերդ քնկոտ
Արդեն փակվո՜ւմ են՝ լցված վայելքների լիությամբ,
Վաղը լցրո՜ւ վերստին նրանց սիրով ու կրքով,
Որ անհագուրդ քո հոգին զուր չսպանե՜ս ծուլությամբ:
Թող անջատումն այս տխուր մեզ ծովի՛ պես անջատի,
Որը զատում է երկու սիրահարված սրտերի,
Որոնք ծովափ են գալիս եւ, տոչորված կարոտից,
Հեռվից իրար տեսնելով, չե՜ն հագենում իրարից,

Եւ, կամ, ձմռան պես լինի,— որն ինչքան ցո՛ւրտ է լինում,
Ամռան գալուստն այնքան թա՛նկ ու բաղձալի՜ է թվում:

(81) Ո՛վ իմ քաղցըր սէր, ուժըդ նորոգէ՛, թող չըսուի որ շեղբդ
Աւելի բութ է քան քու ախորժակն, որ միայն այսօր
Կերակըրուելով ամոքուած է մեղմ, վաղը աւելի
Սըրուած պիտ՚ լինի նորէն իր նախկին ուժգնութեան չափով:

Ուստի, ո՛վ իմ սէր, եղի՛ր ինչ որ ես. թէպէտեւ այսօր
Դուն կը լիացնես քու նօթի աչքերդ, մինչեւ որ նոյնիսկ
Քըթթին լիութեամբ, վաղը դուն նորէն նայէ՛ աչքերովդ,
Եւ մի՛ ըսպաններ սիրոյ դուն ոգին՝ մշտնջենական
Ձանձրոյթով նըսեմ:
                                           Թող որ այս տըխուր միջոցն ալ լինի
Ինչպէս ովկէան, որ ծովեզերքներն անջատ կը պահէ,
Եւ ուր երկու նոր յանձնառումներն միշտ իրարու կուգան
Ծովեզերքին մօտ, որպէս զի երբոր սիրոյ վերադարձն
Անոնք նըշմարեն, աւելի օրհնեալ լինի տեսարանն:

Եւ կամ զայն կոչէ ձըմեռ, որ այսպէս հոգսերով լեցուն,
Գալուստն ամառուան կ՚ընէ ցանկալի, երիցըս անգամ
Ե՛ւ փափաքելի, նոյնիսկ հազուագիւտ, յոյս ընդունելի:

Սե՛ր իմ, կազդուրիր կորովդ կրկին, թող չասի ոչ ոք,
Թե քո ծայրն հիմա ախորժակից էլ բութ է ավելի.
Որ միայն այսօր ուտելիքով է բավարարվում լոկ.
Իսկ մի օր հետո սրվելու է իր զորությամբ էլի:
Դու այդպես եղիր, թեեւ դեռ այսօր սնում ես այնպես
Աչքերդ սովյալ, մինչեւ որ նրանք փակվեն հագեցած.
Ինչ վաղն է բերում, թող որ չլինի քեզ համար անտես,
Որ դու չսպանես քո սիրո ոգին ձանձրույթով անանց:
Թող այդ դառնագին դադարը լինի ովկիանոսի պես.
Որ ափն է կիսում, ուր գալիս են միշտ երկու սիրահար,
Եւ միայն այդժամ կփոխհատուցվի նրանց սերը վես,
Եւ օրհնյալ է այդ տեսարանն իրենց սիրով խանդավառ.

Կամ ձմռան նման, որ իր ցրտաշունչ հոգսերով դարձյալ
Ամռան կարոտը դարձնում է միայն երի՜ցս բաղձյալ:

Չքնաղագույն սե´ր, բազմապատկի´ քեզ, թո չասեն հանկարծ,
Թե սերը սուր չի, չնայած ունի հզոր ախորժակ:
Սերը սնուցես — քաղցը կջարդե´ս, բայց ոչ առանց դարձ —
Հենց հաջորդ օրը սերն էլի կըլնի հրակեզ խորշակ:
Ուրեմն, սե´ր իմ, ինքդ քեզ երբեք մի´ դավաճանի,
Եթե քու նույնիսկ ա´չքը հագենա, կամ քնած մնա:
Մյուս առավոտ — զարթնի´, նորից-նոր, որ աստված չանի,
Սիրո շո´ւնչ-ոգին հավիտենական քնո´վ անց կենա:
Թո մեզ զատողը — ափերը զատող ծովի´ պես ըլնի,
Ինչը սիրահար ու տրտում զույգին դարձնում ա բաժան,
Բայց երբ որ սրանք հետ են դառնում ափ, տենո´ւմ են էլի,
Որ օրհնյալ սերը դարձնում ա իրանց մեկմեկու արժան:

Կամ թո նմանվի խստաշունչ ձմռան, որ դառնում ա հուշ
Ամռան գալուստով, սերը դարձնելով եռակի անուշ:

Սե՛ր քաղցր, զորացիր, եւ թող չասեն
Քո սայրը բութ է, քան թե ախորժակը,
Որ սոսկ այսօր կարող է հագեցվել,
Իսկ վաղն արդեն ունի նախկին վիճակը։
Սե՛ր, այդպիսին եղիր․ թեկուզ լցնես
Այսօր քաղցած աչքերդ մինչ փակվելը,
Կրկին նայի՛ր դու վաղն, ու չսպանե՛ս
Սիրո ոգին․ մերժիր միշտ ծույլ լինելը․
Թող պահն այդ մի տխուր օվկիան լինի,
Որ բաժանում է սիրահար սրտերը,
Բայց երբ սիրո դարձի րոպեն հասնի
Ավել օրհնյալ լինի դրա պատկերը․

Կամ դա կոչի՛ր ձմեռ տագնապալի,
Որ կդարձնի ամառը ցանկալի։