6

6

Then let not winter's ragged hand deface
In thee thy summer ere thou be distilled:
Make sweet some vial; treasure thou some place
With beauty's treasure ere it be self-killed:
That use is not forbidden usury
Which happies those that pay the willing loan;
That's for thyself to breed another thee,
Or ten times happier be it ten for one;
Ten times thyself were happier than thou art,
If ten of thine ten times refigured thee:
Then what could death do if thou shouldst depart,
Leaving thee living in posterity?

Be not self-willed, for thou art much too fair
To be death's conquest and make worms thine heir.

Տողացի թարգմանություն (Ռ․ Թ․)

Ուրեմն մի՛ թող ձմռան կոպիտ ձեռքը այլայլի
Քո մեջ քո ամառը, մինչ դու լինես թորված․
Քաղցրացրու որեւէ անոթ․ հարստացրու դու որեւէ տեղ
Գեղեցկության գանձով, մինչ այն կինքնաոչնչացվի․
Այսպիսի օգտագործումը արգելված վաշխառություն չէ,
Որը երջանկացնում է նրանց, ովքեր վճարում են կամավոր վարկ․
Դա է՝ քո համար ստեղծել մեկ այլը քեզնից,
Կամ տասն անգամ երջանիկ լինել, այն է՝ տասը՝ մեկին․
Տասն անգամ քեզնից լինել երջանիկ, քան դու կաս,
Եթե տասը քո տասն անգամ վերաձեւավորեն քեզ․
Ապա ի՞նչ կարող է մահն անել, եթե դու հեռանաս,
Թողնելով քեզ ապրել ժառանգներում։

Մի՛ եղիր ինքնակամ, քանի որ դու շատ չքնաղ ես
Լինելու համար մահվան ավար եւ դարձնելու որդերին քեզ ժառանգ։ 

Գեւորգ Էմին

Թող քո ճո՜խ այգուն ծմեռվա կոպիտ ձեռքը չդիպչի,
Քանի դեռ ամռան բերքն ու բարիքը չե՜ս քաղել կյանքում.
Մի՛ թողնի, որ քո գեղեցկությունը քո ծեռքով ջնջվի,
Քանի չե՜ս քամել նեկտարը նրա սիրո սրվակում:
Թող հալա՜լ լինի շահն ու շահույթը այն երջանիկին,
Ով կամովի՜ն է վճարում պարտքն այն, որ իրեն տրվեց,
Ուստի ստեղծի՛ր, եթե կարո՛ղ ես, քեզ նման մեկին,
Եվ տա՜ս կդառնաս մեկի փոխարեն՝ տասնապատի՜կ մեծ:
Եթե քեզ նման տասն ա՛նձ, տա՛սն անգամ քեզ անձնավորեն,
Քեզ տասնապատիկ երջանի՜կ կզգաս, քան մինչև հիմա,–
Էլ ի՜նչ կարող է աշխարհում անել քեզ մահն անօրեն,
Եթե դու մեռնես՝ զավակներիդ մեջ մնալով անմահ:

Չափի՜ց ավելի գեղեցիկ ես դու այն բանի համար.
Որ մահից հետո… որդի կե՜ր դառնաս ու մահվան ավար:

Սամվել Մկրտչյան

Մի թող, որ ձմռան ձեռքերը եղծեն ամառը քո մեջ.
Այդ բիրտ ձեռքերը քեզ պիտի քամե՜ն մի ծաղկի նման:
Ինք՛դ մի սրվակ քաղցրաբույր դարձրու, գանձերդ անշեջ
Ուշիմ խնամիր, որ ինքնախողխող երբեք չդառնան:
Դու մի համարիր այս մեկն արգելված մի վաշխառություն,
Որ վճարողին դարձնում է այնպես գոհ ու երջանիկ.
Պարտավո՛ր ես դու կերտել քեզ նման ուրիշ էություն,
Կլինես այդժամ ուրախ ու խնդուն դու տասնապատիկ:
Դու տասնապատիկ  կգերազանցես կյանքդ նախնական,
Եւ այդ տասը քո դեռ տասնապատիկ կյանքեր  կտա քեզ:
Մահը ի՞նչ կանի, երբ ձեր ժամը գա տխուր հանդիպման,
Ոչի՛նչ,- միայն այն, որ սերունդներով դու պիտի ապրես:

Համառ մի՛ եղիր, քանզի չի տրված պերճությունն անմար`
Մահին զիջելու` որդերին ժառանգ կարգելու համար:

Մերուժան Հարությունյան

Ուրեմն, մի´ թող ձմեռն ավիրի նախշերըդ վսեմ,
Դարձնի քեզ հուշի թոշնած ցնցոտի կամ թոշնած կակաչ:
Մի անո´թ լցրու: Զարդարի մի բո´ւն, ու թո որ լսեն
Երգերըդ գարնան, թո առվիդ ձենը չըլնի անկարկաչ:
Ո՞վ քեզ չոռ կասի, թե վաշխով փող տաս, բայց երջանկացնես
Պարտք վեկալողին: Ախր հենց իրա´նք պարտքդ հետ կտան:
Քեզ մի´ սպանի: Արարի հենց քե´զ, տասնապատկի´ քեզ,
Որ ի´նքըդ դառնաս տասն անգամ ուրախ, անմահ, անպատան: 
Բա լավ չի՞ ըլնի, որ ուրախանաս տասն անգամ ավել,
Երբ տասնապատկվես, ու ամեն մեկը նորից դառնա տաս,
Էս տասն էլ նորից ի´նքը տասնանա, դառնա առավել,
Ու երբ հեռանաս, զուր չանէանաս: Էթաս, բայց մնա´ս:

Դե, կապրիզըդ թո´ղ: Բա քու նմանին – վսեմ, անթերի,
Մա´հը վեկալի՞, որ խնջույք անի խումբը որդերի՞:

Ռուբէն Թարումեան

Մի՛ թող ձմռան բիրտ ձեռքը այլայլի
Քո մեջ ամառդ, մինչ քեզ չես թորել․
Մեղրի՛ր՝ հյութովդ անոթ մի տենչալի,
Քանի դեռ ինքն այն չի ոչնչացվել։
Վաշխառություն դա պետք չէ համարել․ 
Երջանկացնում է դա իր ներդրողին,
Կարող ես քեզ կրկին վերաստեղծել,
Շահութաբերությամբ․ տասով՝ մեկին։
Տասնապատիկ բախտով քեզ կրկնել,
Դեռ իրենցով էլ տասնապատկվեիր՝
Էլ ի՞նչ կարող էր մահն այդժամ անել, 
Թե քո ժառանգներում դու մնայիր։

Մի՛ համառիր․ դու շատ ես սքանչատես,
Որ որդերին՝ մահվամբ քեզ կտակես։