Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Tired with all these, for restful death I cry:
As to behold desert a beggar born,
And needy nothing trimmed in jollity,
And purest faith unhappily forsworn,
And gilded honour shamefully misplaced,
And maiden virtue rudely strumpeted,
And right perfection wrongfully disgraced,
And strength by limping sway disabled,
And art made tongue-tied by authority,
And folly (doctor-like) controlling skill,
And simple truth miscalled simplicity,
And captive good attending captain ill:
 
Tired with all these, from these would I he gone,
Save that, to die, I leave my love alone.
1 / 2
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Հոգնած բոլոր սրանցից, հանգստացնող մահ եմ ես աղերսում.
Երբ տեսնում եմ արժանավորին՝ աղքատ ծնված,
Եւ փուչ ոչընչին՝ զուգված, ուրախության մեջ,
Եւ մաքուր հավատը՝ դժբախտաբար ուրացված,
Եւ ոսկեզօծ պատիվը՝ ամոթաբար տրված անտեղի,
Եւ կուսական պատիվը՝ կոպտորեն անառակեցված,
Եւ իսկական կատարելությունը՝ անարդարորեն խայտառակված,
Եւ ուժը՝ կաղ իշխանության կողմից անկարողացված,
Եւ արվեստը՝ լեզվին կապ դրված՝ իշխանության կողմից,
Եւ հիմարությունը՝ (գիտունի պես) վարպետություն վերահսկող,
Եւ պարզ ճշմարտությունը՝ սխալմամբ համարված պարզամտություն,
Եւ ստրկացված բարին՝ գլխավոր չարիքը սպասարկող.
 
Հոգնած բոլոր սրանցից, սրանցից ես կհեռանայի,
Եթե չլիներ, որ մեռնելով ես կթողնեմ իմ սիրուն միայնակ:

Հոգնած այս ամենից ես անդորրաբեր մահվան (մահվան անդորրն) եմ կանչում,
Տեսնելով՝ արժանավորությունը (դարձած) մուրացկան ի ծնե,
Եւ դատարկ ոչնչությունը խինդի մեջ բարգավաճելիս,
Եւ ամենամաքուր հավատը տարաբախտորեն (անտեղի) խաբված (մերժված),
Եւ ոսկեզօծված պատիվը անամոթաբար տրվող,
Եւ կուսական առաքինությունը դաժանորեն պղծված,
Եւ իսկական կատարելությունը անարդար չվարձատրված (չգնահատված),
Եւ ուժը, կաղ իշխանությունից ճնշված,
Եւ արվեստը լռելու դատապարտված իշխանության (բռնության) կողմից,
Եւ հիմարությունը իբրեւ խրատատու՝ հմտությունը (գիտելիքները) քննելիս,
Եւ պարզ ճշմարիտը բթամտություն (տխմարություն) անվանված,
Եւ ստրկացված բարին, հաղթանակած չարին ծառայելիս.

Հոգնած այս ամենից՝ ես կուզեի հեռանալ (այդ ամենից),
Եթե մեռնելով ստիպված չլինեի թողնել իմ սերը (սիրելիիս) միայնակ։

1 / 10
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Հոգնած այս ամենից՝ ես մահվան հանգիստն եմ տենչում,
Տեսնելով, թե ինչպես է Արժանիքը ծնվում աղքատության մեջ,
Եվ Ոչնչությունը՝ շքեղորեն հագնված ու զարդարված,
Եվ Մաքուր Հավատը՝ դավաճանված ու անարգված,
Եվ Ոսկե Պատիվը՝ տգետների կողմից անարժանորեն տրված,
Եվ Կուսական Անմեղությունը՝ անառակորեն պղծված,
Եվ Կատարյալ Ճշմարտությունը՝ սխալմամբ խարազանված,
Եվ Ուժը՝ հաշմանդամ դարձած կաղ իշխանության ձեռքով,
Եվ Արվեստը՝ լռեցված իշխանական հրամանով,
Եվ Հիմարությունը՝ իմաստունի դիմակով ղեկավարող,
Եվ Պարզ Ճշմարտությունը՝ հիմարություն անվանված,
Եվ Բարին՝ Չարի ստրուկը դարձած այս աշխարհում:

Հոգնած այս ամենից՝ ես կհեռանայի այս կյանքից հավետ,
Եթե մեռնելով՝ մենակ չթողնեի իմ սիրելիին:

Այս ամենից հոգնաբեկ անդորր-մա՜հ եմ փափագում.—
Ծա՜նր է տեսնել Արժանո՛ւն՝ մուրացիկի վիճակում,
Եւ անարժան Ոչինչի՛ն՝ վայելքներից հղփացած.
Եւ Հավա՛տը անբասիր՝ դրժված, ավա՜ղ, եւ խաբված.
Եւ ոսկեզօծ Պատի՛վը՝ պատվազուրկին ընծայվող,
Եւ Կուսությունը պարկեշտ՝ բռնաբարվո՜ղ ու պղծվո՜ղ,
Եւ Կատարյա՛լը իրավ՝ շնորհազու՜րկ ու լքվա՜ծ,
Եւ ո՛ւժը՝ կա՛ղ կարգերի կա՜ղ ոտքերի տակ ընկած.
Եւ Արվե՛ստը՝ կարկամած բռնության բիրտ բռունցքից,
Իմացությո՛ւնը՝ կախված հիմարությա՜ն կարծիքից,
Եւ պարզունակ համարվող Պարզությո՛ւնը ճշմարիտ,
Եւ Բարությու՛նը՝ ծառա հաղթող լծի տակ չարի…

Այս ամենից հոգնաբեկ, կուզեմ անդարձ հեռանա՜մ,—
Բայց ինչպե՜ս իմ սիրելուն մենա՜կ թողնեմ ու գնամ…

(45) Ես կը բաղձամ մած ժը Հանգիստ, յոգնած եմ ես այս բոլորէն.
Այսպէս՝ տեսնել արժանավփարձն ծըրնած իբրեւ մի մուրացիկ,
Եւ կարօտեայն ոչինչ զեղչած՝ զըւարճութեան ցանկութենէն,
Մաքրամաջքուր եւ զուտ Հաւատքը ուրացուած դժբախտօրէն,
Ռակեզօծուած պատվւըն ալ, ի՛նչ ամօլԹանք, տարատեղուած:
Եւ կուսութիւնն առաքինի՝ ի՛նչ կոչտութեամբ պոռնըկացուած,
Եւ ուղղամիտ կատարեալն ալ՝ ապաչնորձեալ, մեղադըրեալ,
Եւ զօրութիւնը կաղն ի կաղ, տիրապետող անկարներուն,
Եւ արուեստներն ալ լրունցուած՝ իչխանութեանը սաստումներով.
Յիմարությիւնն՝ իբրեւ բժիշկ, ղեկավարող ճարտարութեան,
Եւ պարզունակ ճչմարտությիւնն՝ պարզմ տութիւն կոչուած սխալմամբ,
հակ տակաւին բարի գերին, ըսպասարկող՝ չար իր պետին:

Ցոգնած եւ էս այս բոլորէն. պիտ 1ՐՔԷի բոլորըն ալ.
Բացի ա՛յն որ՝ իժ մեռնելով, սերս առանձին պիտի Թողում։

Յոգնած սրանցից` ես անդորրաբեր մահին եմ կանչում,
Երբ որ տեսնում եմ արժանավորին` մուրացիկ ծնված,
Եւ ոչինչը սին` ինչպես է խինդի մեջ բարգավաճում,
Եւ հավատն անբիծ` տարաբախտորեն խաբված ու մերժված,
Եւ պատյուը թանկ ուրիշին տրված անամոթաբար,
Եւ կույսի պատյուն` անառակացած ու անկարեկից,
Եւ բնորինակ կատարելությունն` եղծված անարդար,
Եւ զորությունը` հաշմված կաղոտն իշխանությունից,
Եւ արվեստն անեղծ` իշխանապետի ձեռքով կարկամած,
Եւ անխելքությունն` իբրեւ խրատտու, խելքին փորձելիս,
Եւ պարզությունը` պարզամտություն սխալմամբ կոչված,
Եւ չարն հաղթական` հպատակ բարուն շահագործելիս.

Յոգնած ու զզված` ինչպե՜ս կուզեի թողնել ես սրանք,
Եթե իմ մահով սերս չմնար աշխարհում մենակ:

Հենց որ տենում եմ՝ արժանավորը — մուրացկան ծնված,
Ոչնչությունը — հպարտ ու վստահ, խանդավառ ու պերճ,
Անմեղ հավատը — հարգ ու պատվից զուրկ, խեղճ ու կործանված,
Քե´զ եմ կանչում, մա´հ — որ փրկես էս խոլ ցավերից անվերջ:
Ախր պատիվը — տրված լոկ ցոփի՞ն, լկտի´ ու բորոտ,
Կույս առաքինին — հարկադիր պոռնիկ կամ զորեղին հա՞րճ,
Ուղղամիտ, ազնիվ, գոռ կատարյալը — տանիքի կարո՞տ,
Իսկական ուժը — մի խեղճ հաշմանդա՞մ, թերասուն ու կա՞րճ,
Արվեստի լեզուն — կապած ու կտրա՞ծ, տգետի կամքո՞վ,
Շառլատանները — հանճարին հսկո՞ղ, հռչակված հանճա՞ր,
Պարզ ու հստակը — անպատիվ արած լկտի լուտանքո՞վ,
Ու բարին — գերի՞ բռնակալներին, հլու ու անճա՞ր:

Սրանցից հոգնած — կէթա´յի, սե´ր իմ, լո´ւռ, անժամանակ,
Թե որ մեռնելով — քե´զ չթողայի անտե´ր ու մենակ:

–––––
* Համեմատելի ա Համլետի մենախոսության մի կտորի հետ:

Իսպառ հոգնած՝ կանչում եմ մահը ես․
Երբ որ տեսնում եմ․ արժանին աղքատ է,
Եւ անպետքին՝ զուգված շքեղապես,
Եւ ստորաբար լքված անեղծ հավատը,
Եւ ոսկե փառք՝ անարժանին տրված,
Եւ անառակեցված ջինջ կուսությունը,
Եւ կատարելությունը անարգված,
Եւ ուժն, ում տերը կաղ իշխանությունն է,
Եւ գեղ արվեստ՝ լեզվին կապանք դրված,
Եւ հմտություն հսկող տխմարությունը,
Եւ պարզ անկեղծը՝ պարզամիտ դիտված,
Եւ չարության ծառա՝ բարիությունը․

Իսպառ հոգնած, ամենն այս կլքեմ,
Բայց ոնց մեռնեմ՝ սիրուս մենակ թողնեմ։

Քեզ եմ կանչում, ո՛վ մահ, քեզ եմ կանչում վաստակաբեկ,
Տանջվեցա տեսնելով պատիվը ոտնակոխ,
Արժանիքը՝ ցնցոտիներով, անմեղությունը պղծված,
Հավատարմությունը՝ մատնված, ճշմարտությունը՝ շղթայակապ,
Հիմարներ, որ պարծենում են իրենց դափնիներով,
Իմաստուններ, նշավակության առարկա եւ հալածված,
Երկնային հրաշալի ձիրքը՝ կույրերի ծաղրին ենթարկված,
Տխմար զրպարտիչների չար հաղթանակը։
Եւ արվեստը՝ ահաբեկ իշխանության բռնությունից,
Ամբարտավան ճակատը ողորմելի անմտության
Եւ ոսկու ույժը եւ կործանիչ կրքեր
Եւ Բարիքը՝ գերի տիրագլուխ Չարիքի ձեռքին։

–––––
* Թարգմանված է ռուսերենից (Ֆ․ Չերվինսկու թարգմանությունից)։

Հոգնած սըրանցից՝ լավ է ինձ հայցել հանգուցիչ մահը,
Քան դիտել հավետ արժանիքն այստեղ մուրացիկ ծնված,
Աղքատ ոչինչը շքեղ պճնըված,
Ամենամաքուր հավատարմությունն իզուր դրժըված,
Ոսկեզօծ պատիվն անամոթաբար անտեղի տըված,
Կուսական անբիծ առաքինությունը բրտորեն պղծված,
Կատարելությունն անիրավորեն վարկաբեկ արված,
Կաղ վարչության տակ կորովն ուժաթափ,
Իշխանության տակ գիտության լեզուն կաշկանդած ու կապ,
Հիմարությունը վարդապետորեն իշխող հանճարին,
Պարզ ճշմարտությունն անարգված որպես պարզամտություն
Եւ գերի բարին ծառայող դարձած գերիշխող չարին,

Հոգնած սըրանցից, ա՜խ, հոգիս սըրանք թողներ ու գնա՜ր,
Եթե մեռնելովս իմ սրտակիցը մենակ չըմնար։

Մահվան անդորրն եմ տենչում այս ամենից ես հոգնած․
Երբ տեսնում եմ արժանին՝ թշվառության մեջ ծընված,
Եւ գոսնելի ոչնչին՝ մետաքսներում զարդարված,
Եւ լուսեղեն հավատը՝ նենգորեն գետնահարված,
Եւ պատիվը ոսկեզօծ՝ անպատիվ մարդուն տըրված,
Եւ անբիծ առաքինին՝ վայրենաբար պըղծված
Եւ կատարյալը վսեմ՝ անիրավ վարկաբեկված,
Եւ ուժը կաղ վարչությամբ՝ զորությունից զըրկըված,
Եւ արվեստը բռնությամբ՝ լեզվակապ ու լըլկըված,
Եւ ապուշը հանց գիտուն՝ վերակացու հանճարին,
Եւ ճշմարիտ անսքող՝ տխմարություն հորջորջված,
Եւ իշխան չարի առաջ՝ ծնկաչոք ըստրուկ բարին։

Այս ամենից ես հոգնած մահվան անդորրն եմ տենչում,
Բայց, սե՜ր, ինչպե՞ս քեզ լքեմ, ա՜խ, այդ ցավն է ինձ տանջում։

Այս բոլորեն ես հոգնած՝ կըղձամ մահվան հանգիստին,—
Արժանիքի տեր անձ մը՝ տեսնել ծընած մուրացկան
Կամ ճոխ, զվարթ կյանքի մեջ՝ ոչնչություն մ՚անարժան,
Կամ մեկը, որ կըխաբե հավատացող, պարզ հոգին,
Կամ պատիվը ոսկեզօծ՝ սխալ տիրոջ ընծայված,
Կամ կույսն անբիծ՝ զոր բռնի վերածած են պոռնիկի,
Կամ անարդար կոխոտումն իրավունքին անթերի,
Կամ ուժը, որ չարաչար գործածությամբ կիջնե ցած,
Կամ արվեստը՝ իշխողին դատապարտված համրության,
Կամ խենթը, որ վարիչ է, իմաստության հովերով,
Կամ ճշմարիտն ակներեւ՝ կոչված պարզուկ միտքի մով,
Եւ կամ գերին վեհոգի՝ հիվանդ տիրոջն իր պաշտպան,

Այս բոլորեն ես հոգնած՝ կուզեմ հրաժեշտ տալ կյանքին,
Բայց թե մեռնիմ, սիրելիս պիտի մնա առանձին։