Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Cupid laid by his brand, and fell asleep:
A maid of Dian's this advantage found,
And his love-kindling fire did quickly steep
In a cold valley-fountain of that ground;
Which borrowed from this holy fire of Love
A dateless lively heat, still to endure,
And grew a seething bath, which yet men prove
Against strange maladies a sovereign cure.
But at my mistress' eye Love's brand new fired,
The boy for trial needs would touch my breast;
I, sick withal, the help of bath desired,
And thither hied, a sad distempered guest;
 
But found no cure: the bath for my help lies
Where Cupid got new fire - my mistress' eyes.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Տենչը (Կուպիդը) դրեց մի կողմ իր ջահը եւ անցավ քնով*.
Մի կույս Դիանի սրանից օգտվեց,
Եւ նրա սիրավառ հուրը արագորեն սուզեց
Սառը դաշտային աղբրում այդ տեղանքի,
Որը փոխառեց այդ սուրբ հրից Սիրո
Անժամկետ կենարար շոգը, որն ընդմիշտ մնաց,
Եւ դարձավ եռացող բաղնիս, որը՝ դեռ մարդիկ են համոզվում են,
Ընդդեմ տարօրինակ հիվանդությունների՝ հոյակապ բուժում է։
Բայց իմ տիրուհու հայացքից Սիրո ջահը նորից վառվեց,
Տղան փորձի համար ցանկացավ դիպչել իմ կրծքին.
Ես՝ հիվանդացած արդյունքում, օգնություն բաղնիսից ցանկացա,
Եւ այնտեղ շտապեցի՝ տխուր թախծած հյուր.
 
Բայց չգտա բուժում. լոգանքը, որ ինձ կօգնի գտնվում է
Ուր Տենչը ստացել է նոր հուր` իմ տիրուհու աչքերում։
* Վերջին երկու հնչյակները Ե-Զ դարերի բյուզանդացի բանաստեղծ Մարիան Սքոլաստիկի (Marianus Scholasticus) հայտնի մակագրի մշակումներն են։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Կուպիդոնը իր ջահը դրեց կողքին ու նիրհեց.
Մի լուսադեմ նազող կույս՝ Անահիտի դուստրերից,
Օգտվելով շուտափույթ բարեպատեհ առիթից,
Սիրո ջահը ձորակի աղբյուրի մեջ ընկղմեց,
Որտեղ ջուրը վառ սիրո այդ կրակից սրբազան
Հոգեպարար, կենսատու մի ջերմություն ստացավ,
Եւ ահա նա փոխարկվեց, դարձավ մի ջերմ ավազան,
Որտեղ մարդիկ բուժում են անպատմելի ախտ ու ցավ։
Օ՜, բայց տղան սիրուհուս՝ աչքերի դեմ ջահն այրեց
Եւ պինդ հպեց իմ սրտին, որ նրան եւ ինձ փորձի,
Ես ցավերից խելահեղ՝ այդ ջրի մեջ նետվեցի,
Ուր ցավատանջ իմ սիրտը ամենեւին չբուժվեց։

Ավազանը այդ բուժիչ այնտեղ գտա ես միայն,
Ուր Էրոսը իր ջահը բոցավառեց հավիտյան։

Կուպիդոնն իր ջահն այրվող կողքին դրեց ու ննջե՜ց.
Դիանայի նիմփերից մեկն, իմացա՛ծ այդ մասին,
Գողացա՜վ ջահը իսկույն եւ աղբյուրի մեջ սուզեց,
Կամենալով հանգցնել սիրո հո՛ւրը երկնածին։
Բայց, սրբազան այդ հրից, աղբյուրի ջուրը եռա՜ց,
Փոքրիկ աղբյուրը դարծավ բուժիչ ջրի ավազա՛ն,
Եւ հիվանդները սիրո, այդ աղբյուրից ջուր խմած,
Նրա ջրո՜վ են բուժվում, գտնում դեղ ու բալասան։
Բայց, սիրուհուս աչքերից ջահը կրկի՜ն վառելով,
Կուպիդոնն այդ հուրն անշեջ մոտեցրեց իմ կրծքին,
Եւ ես, սիրուց խենթացա՜ծ ու փրկությո՜ւն տենչալով,
Շարավ շուրթըս հպեցի այդ աղբյուրի ակունքին,

Բայց փրկություն չգտա՝… Բուժիչ աղբյո՜ւրն իմ միակ
Սիրո ջահին հուր տվող չքնաղ աչքե՜րդ են միայն։

(147) Ան՝ սիրոյ աստուած՝ Քիւփիտ, իր ջահին քով ընկողմանած
Մըրափեց ի քուն․ օգտըւելով այս պատեհութենէն,
Մէկը կոյսերէն միւս աստուածուհւոյն՝ Դիան-Անահիտ,
Այդ սէր-առկայծող կըրակը անոր փութով մըխըրճեց
Լեռնամէջ հովտին նոյն տեղւոյն վըրայ պաղ աղբիւրին մէջ,
Որով փոխ առաւ սրբազնամաքուր Սիրոյ կըրակէն
Թէ՛ անժամանակ եւ թէ՛ կենսալիր ուժեղ ջերմութիւն,
Յաւերժ դիմացող, որ վերածուեցաւ եռուն բաղնիքի,
Եւ որուն մասին դեռ կը վկայեն մարդիկ թէ ինչպէս
Շատ տարօրինակ հիւանդութեանց դէմ ան արքայական
Աղբիւր է բուժման։
                                       Բայց իմ սիրուհւոյս աչքին դատումով,
Սէրն ամբողջովին նոր վառուած ջահ է, եւ փորձի համար
Տղան իմ կուրծքին հըպիլ անպայման պիտ՝ պարտաւորուէր․
Սակայն եւ այնպէս, ես հիւանդացած, կարիքն ըզգացի
Այդ բաղանիքին, եւ ըշտապեցի այնտեղ ուղղըւիլ,
Իբրեւ տըրտում հիւր եւ անտրամադիր։
                                                                              Այնտեղ չը գըտայ
Սակայն ես դարման․ ինծի դարմանող եւ ինձ օգտակար
Բաղնիքն լոկ այնտեղ կը գըտնըւէր, ուր Քիւփիտն ըստացաւ
Բըռնկող նոր հուրն, որ իմ սիրուհւոյս աչքերն ունէին։

Ամուրը պառկեց իր աղեղի մոտ եւ խոր քուն մտավ,
Եւ Դիանայի կույսերից մեկը պահն օգտագործեց-
Նա սրտեր այրող կրակի համար շատրվան գտավ
Եւ հուրն Ամուրի այդ շատրվանի սառնությամբ փորձեց։
Սիրո սրբազան կրակից եռաց շատրվանն հանկարծ,
Ջերմություն ելավ ահավոր, անսաստ, բայց հանդուրժելի,
Եւ այն եռացող լոգարան դարձավ, որ մարդիկ տկար
Նրա ջրերում իրենց ցավերը դարձնեն բուժելի,
Բայց իմ սիրուհու աչքերից սիրո կրակը միայն
Վառվեց վերստին, եւ խոցեց տղան իմ կուրծքը շուտով,
Ես հիվանդացած տենչացի բուժող շատրվանը այն,
Տխուր ու անզուսպ՝ դեպի աղբյուրը վազեցի փութով,

Բայց չբուժվեցի, քանզի այնտե՛ղ է իմ միակ ճարը,
Որտեղից տղան վերստին վառեց իր հանգած ջահը։

Ամուրն իր ջահը յա՛ն դրեց, քնավ։ Գոռ Դիանայի
Կուսերից մեկը, մոմենտը ջոկեց, իսկույն մոտ վազեց,
Սիրո էդ ջահը վռազ վեկալավ, ու էդ ամայի
Ցուրտ դաշտավայրի մի սառն ախպուրի ջրի մեջ թաղեց։
Սիրո էդ անմար, հավիտյան անշեջ ու հուր կրակից,
Ջինջ ու սրբազան, որ էսօր էլ ա նույն թափով վառվում,
Ջուրը բլբլթաց։ Ասում են՝ ջուրն էդ, ճա՛ր ա վարակից
(Օտար, անսովոր*), հզո՛ր ու հավե՛տ, ու էլ չի՛ սառում։
Բայց էդ մանուկը կրակն առել էր սիրածի՛ս հրից,
Ու էդ կրակի բոցը քցել էր ի՛մ կուրծքն ու հոգին։
Ես է՛լ եմ էթում, որ մի ճա՛ր առնեմ էդ եռման ջրից —
Հուսահատ, արագ, որ էդ սուրբ ջուրը հո՛ւրըս ամոքի։

Բայց ճար չեմ քթնում, որովհետեւ էդ ճարը, արդեն շա՛տ վաղուց —
Սիրո՛ւս աչքերն են։ Ինքը, Ամո՛ւրն ա ջա՛հ վառում ընդուց։

* Ելիզավետյան Անգլիայում համարում էին, որ սիֆիլիսն ու վեներական մնացած հիվանդությունները Ֆրանսիայից են էկե, ուրեմն «օտար ու անսովոր» են։

Դրեց իր ջահը Տենչը ու քնեց.
Եւ Դիանի մի կույս ուզեց օգտվի,
Եւ հուրը սիրավառ արագ սուզեց
Պաղ դաշտային աղբյուրն այդ տեղանքի,
Որ փոխառեց այդ սուրբ Սիրո հրից
Իր շոգը կենարար, ու մշտատաք
Եւ ջերմ բաղնիս դարձավ հայտնի, բուժիչ,
Ընդդեմ շատ ախտերի տարօրինակ։
Բայց ջահն աչքից սիրուս վառվեց նորից,
Կրծքիս դիպավ տղան փորձի համար.
Եւ պետք եղավ բուժում այդ բաղնիսից,
Եւ շտապեցի դեպ ջուրն այդ բուժարար.

Բայց դեղը իմ այլ տեղ է գտնվում՝
Ուր Տենչն իր հուրն առավ` սիրուս աչքում։