Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
So is it not with me as with that Muse,
Stirred by a painted beauty to his verse,
Who heaven itself for ornament doth use,
And every fair with his fair doth rehearse,
Making a couplement of proud compare
With sun and moon, with earth and sea's rich gems,
With April's first-born flowers, and all things rare
That heaven's air in this huge rondure hems.
O let me, true in love, but truly write,
And then believe me, my love is as fair
As any mother's child, though not so bright
As those gold candles fixed in heaven's air:
 
Let them say more that like of hearsay well,
I will not praise that purpose not to sell.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Այնպես որ, ինձ հետ կապ չունի, որ Մուսան,
Ոգեշնչվի ներկված գեղեցկությամբ՝ առ իր տաղը,
Ով երկինքն ինքը զարդարելու համար է գործածում,
Եւ ամեն չքնաղ բան իր չքնաղի հետ է համեմատում,
Անելով զուգորդումներ գոռոզ համեմատությունների
Արեւի եւ լուսնի հետ, երկրի եւ ծովի հարուստ ակների հետ,
Ապրիլի առաջնածին ծաղիկների հետ, եւ ամեն բանի՝ հազվագյուտ,
Որը երկնքի օդն է այս հսկայական կլոր գմբեթում։
Ո՜հ թող ինձ, որ ճիշտ եմ սիրո մեջ, նաեւ ճշտորեն գրեմ,
Եւ ապա հավատացեք ինձ, իմ սերը նույնքան չքնաղ է,
Ինչպես որեւէ մոր զավակ, թեեւ ոչ այնքան լուսավոր,
Որքան այն ոսկյա մոմերը՝ սեւեռված երկնքի օդում․
 
Թող նրանք ասեն ավելին, ովքեր սիրում են ասեկոսեներ այդքան,
Ես չեմ գովի, ինչը մտադիր չեմ ծախել։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ես բնավ նման չեմ այն խանդավառ մուսային,
Որ սիրում է տաղերգել գեղեցկությամբ պաճուճված,
Գործածում է մինչեւ իսկ զարդարանքներ երկնային,
Նույնացնում է դիցուհուն իր սիրո հետ անզուսպված,
Համեմատում է նրան արեւի ու լուսնի հետ,
Գանձերի հետ թանկագին ծովերի ու ցամաքի,
Ապրիլ ամսի նորածիլ ծաղիկների հոտավետ,
Կամ հազվագյուտ այն բանի, որ կա ծոցում երկնքի:
Իսկ գալով ինձ, ես անկեղծ եւ համեստ եմ սիրո մեջ,
Եվ սիրուհիս ծնվել է հանց երեխան մի մորից,
Թեեւ գուցե նա այնքան շողշողուն չէ կամ թե պերճ,
Ինչպես ջահերն ոսկեղեն, որ կախված են եթերից:

Ես չեմ ուզում այն բանը ամենուրեք գովերգել,
Որն ուրիշին երբեւէ մտադիր չեմ վաճառել:

Ես նման չեմ այն երգչի՜ն, բարեկամ,
Որ ներշնչվում է շպար ու ներկից,
Եւ որի համար երկի՛նքը անգամ
Ձեւ ու հնա՜րք է հանգի ու երգի.
Համեմատո՜ւմ է ով իր սիրածին
Ակնեղենի՛ հետ, լուսնի՛ ու ծովի,
Արեւի, ծաղկի ու այգաբացի,
Աստղերի՛ հետ ու երկնքի թովիչ:
Անկեղծ սիրո մեջ, ինչպես եւ՝ գովքի,
Ես գիտե՜մ, սերն իմ չքնա՛ղ է նույնքան,
Ինչքան որեւէ մահկանացու կին,
Թեեւ չի՝ փայլում, ինչպես լուսընկան…

Նա՛ է շատ գովում իր ունեցածը,
Ով… վաճառե՜լ է ուզում գովածը…

(61) Նոյնը ինծի չի՛ պատահիր, ինչպէս որ այդ Մուսան կ՚ընէ,
Որ քերթուածն իր կը ներչնչուի գեղցկուհւոյն գեղանկարէն,
Որ երկինքն իսկ կը գործածէ գեղազարդել կարենալու,
Եւ կը կրկնէ իւրաքանչիւը գեղեցկութիւն բաղդատելով
Իր գեղուհւոյն, այսպէս զուգեակ ըստեղծելով, հպարտօրէն
Բաղդատելով արեւ, լուսին, ու թանկագին գոհար քարերն
Երկրին, ծովուն, եւ ապրիլեան թարմ, նորածին ծաղիկներուն,
Եւ հազուագիւտ ուրիչ բոլոր բաներու հետ, որ այդ հսկայ
Երկնակամարն կը ներփակէ կըլորութեան մէջ իր անհուն:

Օհ, թոյլ տուր ինձ, որ նա սիրոյն մէջ ճշմարիտ, ճշմարտօրէն
Եւըս գըրեմ, եւ դուն նաեւ հաւատա՛ ինձ, սէրըս նոյնքան
Է գեղեցիկ, զաւակն որքան որեւէ մօր, թէպէտեւ ո՛չ
Այնքան փայլուն, որքան ոսկեայ մոմերըն այն, վե՛րն երկընքի
Լայն կամարին մէջ զետեղուած:
                                                                  Թող աւելին ըսեն անո՛նք
Որ հերիւրանք լըսել կ՚ուզեն. պիտի երբեք ես չը գովեմ
Նըպատակն այդ՝ ըսես շահու եւ ծախելու սիրոյն համար:

Այսպես է ինձ հետ. Մուսայի նման երբեք չեմ փորձում
Քերթություն երկնել` ներշնչված շինծու պերճանքով հավետ.
Նա երկինքն անգամ որպես պաճուճանք է օգտագործում`
Գեղեցկությունը համեմատելով իր ընտրյալի հետ:
Այսպես բարձրամիտ համեմատությամբ դասում է նրան,
Արեւին, լուսնին, երկրի ու ծովի գանձերին պայծառ,
Երգում է, ինչպես գարնան նորածիլ ծաղկին աննման
Եւ եթերային հրաշքին, որ միշտ նայում է կայտառ:
Ես պիտի երգեմ ճշմարտությունը՛ իմ սիրո մասին,
Եւ կհավատաս, որ սերս չունի իրեն հավասար.
Ինչպես ամեն մոր սիրասուն մանուկ, — թեեւ չեմ ասի,
Թե պայծառ է նա, ինչպես երկնային լապտերներ հազար.

Եւ թող որ նրանք ավելին ասեն, չեմ հակաճառի,
Բայց չեմ գովերգի այն, ինչ երբեւէ ես չեմ վաճառի:

Ես հեչ նման չեմ է´ն պոետներին, որ գիշեր ու զօր
Ոգեշնչվում են իրանց հորինած կեղծ կերպարներից,
Հուլունք են դարձնում երկի´նքը անգամ, անծեր ու հզոր,
Ու հետո կախում սիրեցյալների պարանոցներից,
Արեւ ու լուսին, աստղ առկայծող՝ համարում են զա´րդ,
Սիրուն պաճուճանք՝ սիրեցյալների զգեստներից կախ,
Կամ սիրեցյալին համարում չքնաղ մայիսյան մի վարդ,
Լրիվ վերացած կյանք ու աշխարհից, կեղծիքից անվախ:
Թե որ իմ սերը հորինովի չի, գիրըս է´լ պիտի
Ճշմարիտ ըլնի: Հաստա´տ եմ ասում, սերըս շարքայի´ն
Մորից ա ծնված ու հեչ նման չի մայիսյան վարդի,
Կամ լուսատու չի´, վայել մեծազարմ, հզոր արքային:

Դե, թո հա´ փառք տան էժան սերերին, նոր ու հնավանդ:
Ես կարիք չունեմ թանկագին շուշես կոչեմ ադամանդ:

Ոչ, նրանցից չեմ ես ում Մուսային,
Պճնանքն է շռայլված ոգեւորում,
Որ գործածում են զարդ որպես՝ երկինն
Ու հրաշքներ ձոնում իրենց սիրուն,
Իր հետ գոռոզաբար համեմատում են
Երկրի, ծովի ակներ, արեւ, լուսին,
Գարնան ծաղիկ, ամենը, ինչ աճում է,
Երկնի հսկա այս գմբեթի տակին։
Թող սերը իմ ու խոսքս ճիշտ լինի,
Վստահ եղեք, որ չի զիջի իմ սերը
Մորից ծնվածներին․ թող չփայլի
Ինչպես երկնում վառվող ոսկի ջահերը․

Թող նա՛ խոսի, ով գովք է լոկ սիրում,
Ես չեմ գովի ա՛յն, ինչը չեմ ծախում։