Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
How can I then return in happy plight
That am debarred the benefit of rest?
When day's oppression is not eased by night,
But day by night and night by day oppressed;
And each (though enemies to either's reign)
Do in consent shake hands to torture me,
The one by toil, the other to complain
How far I toil, still farther off from thee.
I tell the day to please him thou art bright,
And dost him grace when clouds do blot the heaven;
So flatter I the swart-complexioned night,
When sparkling stars twire not thou gild'st the even:
 
But day doth daily draw my sorrows longer,
And night doth nightly make griefs' strength seem stronger.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ինչպե՞ս կարող եմ ես ուրեմն վերադառնալ ուրախ վիճակի,
Եթե ինձ արգելված է օգուտը հանգստի:
Երբ օրվա ճնշումը չի թուլանում գիշերը,
Բայց օրը՝ գիշերով եւ գիշերը՝ օրով ճնշված են.
Եւ յուրաքանչյուրը (չնայած որ թշնամիներ են միմյանց իշխանության)
Համաձայնության մեջ ձեռք են սեղմում՝ տանջելու ինձ,
Մեկը՝ ծանր գործով, մյուսը՝ տրտունջով,
Թե որքան ես տանջվում եմ, այնքան հեռանում եմ քեզնից:
Ես ասում եմ օրվան, իրեն հաճոյանալու համար, որ դու շատ լուսավոր ես,
Եւ հաճույք ես իրեն պատճառում, եբր ամպերը ծածկում են երկինքը.
Նույնպես հաճոյախոսում եմ ես սեւադեմ գիշերվան․
Երբ փայլող աստղերը չեն առկայծում, դու ոսկեզօծում ես երեկոն.
 
Բայց օրն ամեն օր երկարաձգում է իմ վշտերը,
Եւ գիշերն ամեն գիշեր անում է, որ իմ տխրության ուժը թվա ավելի ուժեղ։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ինչպե՞ս կարող եմ ապրել ես երջանիկ ու անդորր, բարեկամ,
Երբ զրկված եմ ամենայն հանգստությունից կյանքում,
Երբ որ տանջում է օրը, եւ գիշերներն անանգամ
Իրար հաջորդելով լոկ տառապանք են հարուցում:
Թեպետ երկու հակառակ թշնամիներ են նրանք,
Բայց համերաշխ են դառնում, երբ ինձ տանջելն է հերթը,
Մեկը տալիս է աշխատանք, մյուսը՝ տանջալից տենչանք,
Եվ չի լռում երբեւէ իմ սրտամաշ այս վերքը:
Օրվան ասում եմ՝ դու ես լուսավորում իմ ճամփան,
Երբ արեգակը խամրած՝ նա է փայլում երկնքում,
Իսկ գիշերվան շողոքորթ՝ թե սեւամորթ քո վրան
Աստղերի պես շողշողուն նրա դեմքն է պայծառնում:

Բայց օրն ավելի է ձգում իմ վշտերը տանջալից,
Իսկ գիշերը խորացնում իմ կարոտը սրտակից:

Ինչպե՜ս կարող եմ երջանիկ լինել վերստին կյանքում,
Երբ զրկված եմ ես հանգստի տված գանձ ու բարիքից,
Երբ օրվա բեռը չի՜ թեթեւանում գիշերվա գրկում,
Իսկ գիշերվանը չի՜ թեթեւանում տիվ ու ցերեկից:
Օրն ու գիշերը, որ թշնամի են իրար դարերով,
Հաշտություն կնքել եւ որոշել են հանե՜լ իմ հոգին,—
Ցերեկը՝ գործով, իսկ գիշերը՝ այն տրտում խոհերով,
Թե՝ ինչքան ջանո՛ւմ,— քեզանից այնքան հեռո՜ւ եմ, անգին:
Ես, ճարս հատած, հաճոյանա՜լ եմ փորձում ցերեկին,
Ասելով, թե նա պայծառ է նույնիսկ… ամպամած պահին.
Գիշերին՝ քծնում, թե, նույնիսկ առանց ամպ ու լուսնյակի,
Շողշողո՜ւմ է նա եւ լո՜ւյս է տալիս արար աշխարհին.

Բայց, ամեն նոր օր ավելի՛ է իմ թախիծը սրում,
Եւ ամեն գիշեր իմ ուսին վշտի նոր բե՜ռ է դնում…

(41) Ինչպէ՞ս կրնամ վերադառնալ ուրախութեան խոստումով,
Ես որ զրկուած պիտի մընամ իմ հանգիստի բարիքէն.
Երբ ցերեկուան ճնշումներն չեն գիշերուան մէջ մեղմանար,
Այլ գիշերուան ձեռքէն՝ ցերե՛կն, եւ գիշերն ալ՝ ցերեկէն
Կը ճնշըւի: Եւ իրարու հետ համաձայն (թէպէտեւ
Թշնամիներ մէկը միւսին իշխանութեան) իրարու
Ձեռք կը թօթուեն դաշնակցելով չարչարելու համար զիս,
Մէկն՝ անդադրում աշխատանքով, միւսն ալ կարծես միշտ դժգոհ
Թէ որքան շատ ես կաշխատիմ, հեռու մնալով միշտ քեզմէ։

Ես՝ ցերեկին հաճոյք տալու համար՝ կ՚ըսեմ, որ այնքան
Պայծառ ես դուն, եւ շնրոհ կ՚ընես, ամպերն երբոր երկընքին
Երեսն ծածկեն: Մութ սեւ գիշերն շողոքորթել կը փորձեմ
Ըսելով թէ՝ պըլպըլացող աստղերն երբ չեն շողշողար
Դուն երեկոն կ՚ոսկեզօծես:
                                                        Սակայն ցերեկն ամէն օը
Ա՛լ աւելի է հետամուտ ցաւերը իմ երկարել,
Իսկ գիշերն ալ ամէն գիշեր ուժը ցաւին աւելի
Կը զօրացնէ՝ զիս ճնշելու, չարչարելու համար զիս:

Ուրեմն ինչպե՞ս կարող եմ լինել ուրախ ու անհոգ,
Երբ զրկված եմ այդ դյուրակեցության չնչին օգուտից,
Երբ չի մեղմացնում գիշերը օրվա վիշտը անամոք,
Այլ գիշեր ու զոր եւ զոր ու գիշեր չարչարում են ինձ:
Եւ նրանք, թեեւ թշնամիներ են հավետ հակամարտ,
Դաշինք են կնքել եւ միահամուռ ինձ են խոշտանգում,
Որ տքնեմ անվերջ ու գիշերվա մեջ խորհեմ հուսահատ,
ԹԷ քեզնից հեռու ի՛նչ օգուտ ունեմ այս աշխատանքում:
Եւ ասում եմ միշտ` ի հեճույս օրվան, թե պայծառ է նա,
Խնկարկում նրան, երբ սեւ թուխպերը երկինքն են գերել,
Շողոքորթում եմ ես մռայլատես դեմքին գիշերվայ.
Երբ աստղեր չկան, ասում եմ, թե նա ցերեկ է բերել,

Բայց օրն օրեցոր երկարացնո՜ւմ է ժամն իմ խոնջության,
Եւ գիշերը միշտ ուժեղացնո՜ւմ է ուժն իմ հոգնության:

Ախր ո՞նց անեմ, որ անդարդ ըլնեմ — ցա´վս դադարի,
Երբ որ հանգստի կամ քուն-դադարի հնարը չունեմ:
Օրվա բռնության բեռը ո՞նց անեմ, որ մի քիչ մարի,
Ախր գիշերն է´լ — էդ բեռն ուսիս ա, երբ անկողնում եմ:
Օրն ու գիշերը (իրար միշտ ոսոխ), համառ, անհատնում,
Առանց դադարի, ձեռ ձեռի տված, ի´նձ են չարչարում,
Մեկն իր խոնջանքով, մեկն էլ՝ բողոքով, թե կյանք եմ վատնում,
Թե տառապում եմ ու տառապանքից հանգիստ չեմ ճարում:
Ու, շողոմ-շողոմ, ասում եմ, «Ցերե´կ — շողո´ւն ես ու փա´յլ»,
Նույնիսկ երբ թուխպը պայծառ երկինքն ա լրիվ ըսքողում:
Նույն շողոմ խոսքը նորից եմ ասում, խավարի´ն մռայլ,
Երբ մութ երկնքում առկայծ էլ չկա, լուսին չի´ լողում:

Ամմե´ն օր, ախր, ցերե´կն ա ցավիս լի´ճը մեծացնում,
Գիշերն էլ գալի, էս լի´ճն ա արդեն — լրի´վ ծովացնում:

Ինչպե՞ս բացեմ ես վայելքի դռները,
Թե արգելված է ինձ խաղաղ անդորրը:
Երբ բեռն օրվա չի նվազում գիշերը․
Ճնշված են մեկմեկուց գիշերն ու օրը.
Եւ այս երկուսն էլ (փոխատյաց զույգով)
Տանջում են ինձ ձեռքով ձեռքի տված,
Հոգսով՝ այս մեկը, մյուսը՝ տրտունջով,
Որ քեզանից մնում եմ հեռացած:
Օրվան շոյում եմ, թե այնքան պայծառ ես,
Որ ամպամած երկինք կլուսացնես.
Ասում եմ ի հաճույս սեւ գիշերվան ես,
Թե աստղ որպես խավար կոսկեզօծես.

Բայց օրն օրով ձգում է տառապանքս,
Գիշերն էլ գիշերով՝ զորում տանջանքս։