Կարգերով պահոցներ՝ Սամվել Մկրտչյան

Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ

Սոնետ 1

Ժառանգ ենք տենչում ամենաչքնաղ էակներից մենք,
Որ անյիշատակ չնահատակուի վարդը պերճութեան.
Մինչ ալեւորին վախճան է բերում ժամանակը նենգ,
Նրա դեռատի զաւակն է կրողն յիշատակութեան:
Բայց դու, սիրելիս, քո իսկ աչքերին կարգուած լինելով,
Միայն սեփական նիւթով ես սնում լոյսդ բոցակէզ.
Ուր լիութիւն է, դու տարածում ես ահաւոր մի սով
Եւ այդպէս դառնում անգութ թշնամի` միայն ինքդ քեզ:
Դու, որ տակաւին համայն աշխարհի պճնանքն ես անշէջ,
Նաեւ միածին ազդարարը քո ծաղկաւէտ գարնան,
Քո գոյութիւնը թաղում ես իզուր բողբոջներիդ մէջ
Եւ, քնքո՛ւշ ժլատ, կործանում ես մի սերունդ աննման.
       Խղճա աշխարհին, որ չհամարեն մարդիկ քեզ ագահ,
       Քանզի այս կեանքի հաճոյքի կողքին գերեզմա՛ն էլ կայ:

Սոնետ 2

Քառասուն ձմեռ երբ որ պաշարեն քո ճակատը վէս
Եւ խոր ակօսներ փորեն դաշտի մէջ քո գեղեցկութեան,
Քո ջահէլութեան չքնաղ զգեստը, որ սէգ է այնպէս,
Դառնալու է մաշուած ցնցոտի` անշուք եւ ունայն:
Եթէ քեզ հարցնեն, թէ որտեղ է քո պերճութիւնն անշէջ,
Կամ ուր են կորել կրքոտ օրերիդ գանձերը ընտրեալ,
Թէ պատասխանես ` միայն փոս ընկած այդ աչքերի մէջ,-
Ինքնաանարգա՜նք միայն կը լինի գովեստն այդ շռայլ:
Բայց ի՜նչ գովեստի արժան կը դառնար պերճանքդ անմեռ,
Եթէ ասէիր. «Չէ՛ որ որդիս է այդ գեղեցկութեան
Կրողն արժանի, եւ թողութիւնս նրա մէջ է դեռ»-
Կ`իրականանա՜ր պերճանքդ նրա տեսքով աննման.
       Այն նո՛ր կը լինի, մինչդեռ դու արդէն ահէլ կը լինես
       Եւ տաք կը տեսնես քո արիւնը, որ սառած է այնպէս: