Կարգերով պահոցներ՝ Ռուբէն Թարումեան

Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ

Սոնետ 1

Տենչում ենք բերք չքնաղ էակներից,
Որ չմեռնի կյանքի վարդ-գեղությունը,
Իսկ երբ թոշնի հասունը նրանցից
Ժառանգն իր նուրբ պահի հիշողությունը․
Բայց դու լույս աչքերիդ հետ նշանված,
Վառքով քո էության սնում ես հուրդ,
Այնտեղ, ուր լիություն է՝ սով սփռած․
Քո քաղցր անձի բիրտ թշնամին հենց դու ես։
Դու, որ այսօր պերճանքն ես աշխարհի
Եւ գույնզգույն գարնան ավետաբերը,
Թաղում ես քեզ քո բողբոջում բերրի
Եւ, գիրգ ժլատ, մսխում ես շնորհքներդ։
       Խղճա աշխարհը․ կամ անկուշտ եղիր,
       Եւ կեր շիրմիդ հետ բերքը աշխարհի։

Սոնետ 2

Երբ կգերեն քառսուն ձմեռ ճակատդ
Եւ հանդը գեղության քո կակոսեն,
Կյանքիդ գարնան հպարտ քո հանդերձանքդ
Մի անարժեք քուրձի կվերածեն․
Այդժամ, թե հարց տան, ո՞ւր է գեղությունդ,
Գանձերն ամեն՝ ծաղկուն քո օրերի,
Ասելը՝ փոս ընկած աչաց խորքում է,
Խայթող ամոթ, սին գովք լոկ կլինի։
Ի՜նչ լավ կարտահայտվեր խոհեմությունդ,
Թե ասեի՛ր․ «Զավակս այս չքնագեղ
Իմ ծերության օրվա արդարացումն է»,
Որ քո պերճանքը նա է ժառանգել։
       Եւ պատանի ես մեջ քո ծերության
       Եւ զգում ես տաք արյուն, երբ սառն է այն։